13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
Մատիք առ Տէր և առէք զլոյս։
Մոտեցե՛ք Տիրոջը և լո՛ւյս առեք (Սաղմոս 33։6)։
Սիրելի՛ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու.
Այսօր տոնում ենք Տյառնընդառաջը։ Այսօր եկել ենք Տիրոջն ընդառաջ, սակայն լավ է, որ միշտ գանք և միշտ լինենք Տիրոջ հետ։ Հաճախ մարդկանց Աստվածպաշտությունն ու հավատը, Աստծուց սպասելիքներն ու ակնկալիքները Տյառնընդառաջին դրսևորվում է միմիայն տուն տարված ճրագներով։ Այո՛, այդ ճրագները պիտի տանենք մեր տները, բայց չպիտի սահմանափակվենք այդքանով։ Պիտի մոտենանք Աստծուն և իրական լույս ստանանք, լույս ստանանք մեր սրտերին, մեր հոգիներին, մեր խորհուրդներին։ Եթե մեր տներում ճրագների լույսով փոփոխություններ ենք ակնկալում, պիտի առաջին հերթին մեր հոգիներում Աստծու լույսը ընդունենք և փոխանցենք մեր հարազատներին, մտերիմներին, մեզ շրջապատող մարդկանց։ Ճրագները Աստծու լույսի խորհրդանիշն են, բայց ոչ հրաշագործ թալիսմաններ, որոնցով պիտի փոխվի մեր տան մթնոլորտը։ Դրա համար պետք է Աստծու խոսքն ու պատվիրանները գործի վերածենք, որպեսզի իսկապես մեր տներում սեր հաստատվի, դադարեն վեճերն ու անհանդուրժողականությունը, և փոխըմբռնում լինի։ Թող Աստծուն ընդառաջ գնալը մեզ համար չսահմանափակվի միմիայն ծիսական արարողություններով՝ մոմավառությամբ, ճրագներով, խարույկով, զանազան տոնակատարություններով, այլ նախ և առաջ հոգով և ճշմարտությամբ հավատանք Աստծուն, Նրա սերն ու լույսը ընդունենք անվերապահորեն։ Տիրոջն ընդառաջ գալուց առաջ հիշենք, որ առաջինը Նա է մեզ ընդառաջ եկել։ Իրեն սիրելուց առաջ հիշենք, որ Նա է մեզ սիրում։ Նա եկել է մեզ փրկելու, մեզ համար զոհաբերվելու, Իր աստվածային լույսով մեզ լուսավորելու, մեզ իմաստնացնելու, Հայրական փարախը մեզ վերադարձնելու, լցնելու քաջությամբ և հույսով։ «Ես եմ լավ հովիվը, լավ հովիվը իր կյանքն է տալիս ոչխարների համար»,- ասում է Քրիստոս (Հովհաննես 10։11)։ Անտարբեր լինել Աստծու փրկության ավետիսի նկատմամբ նշանակում է անտարբեր լինել սեփական հոգու երջանկության, խնդության, խաղաղության, գոհունակության, հավիտենական կյանքի նկատմամբ։ Ինչո՞ւ։ Որովհետև մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի փրկության Ավետարանին հետևելով՝ մենք ստանում ենք մեր հոգու համար բաղձալի այդ վիճակը։ Կգնա՞նք դեպի Փրկիչը, Փրկչի Ավետարանը կյանքի կկոչե՞նք, կհրաժարվե՞նք մեղքերից, կցանկանա՞նք ապրել սիրո և համերաշխության մեջ, ներելով և բարիք անելով միմյանց, թե՞ կնախընտրենք մնալ մեղքերի մեջ և չենք ցանկանա ճաշակել Աստծու փրկարար մարմինն ու արյունը, ընտրությունը մերն է։
Աստված կանչում է մեզ դեպի լույսը։ Կանչում է մեզ դեպի հոգևոր և մարմնական առողջությունը, Իր ձեռքն է մեկնել մեզ, որպեսզի հանի մեզ մեղքերի խորխորատից։ Եթե խրատում է մեզ, ապա կրկին մեզ լույսի ու ճշմարտության մեջ հաստատելու համար, որպեսզի մեր մեջ աճեն արդարությունն ու հոգու կատարելությունը։
Մարդու համար, որը դարձի է եկել և վայելում է հավատքի կյանքի քաղցրությունը, դժվար չէ համեմատություն անցկացնել իր նախկին կյանքի և ներկայի միջև։ Խավարի և լույսի տարբերությունը բառերով նկարագրելու կարիք չկա։ Սիրո մեջ ապրելու և սիրո բացակայության պայմաններում մարդու զգացածը անպատմելի է։ Երբ որ մարդու կյանքում սեր կա, նրա թիկունքն ամուր է, ոտքերը հաստատուն կանգնած են հողի վրա։ Այո՛, տառապանքն ու չարչարանքները Աստծուն հավատալիս չեն անհետանում նրա կյանքից, բայց Աստծու օգնությամբ ամեն ինչ դառնում է հաղթահարելի, և կորչում է վախը, որովհետև Աստվածպաշտությունը քաջություն և խիզախություն է տալիս մարդուն։
Հետևաբար, սիրելինե՛ր, Աստծուն ընդառաջ գնալը թող միայն այս օրով չսահմանափակվի։ Աստծուն ընդառաջ գնալ նշանակում է ողջ կյանքը և սեփական սիրտը նվիրել Աստծուն, կյանքով և գործով փաստել հավատարմությունն ու նվիրվածությունը Տիրոջը, սիրել Աստծուն ողջ զորությամբ, նրա պատվիրաններով ապրել, նրա արարածներին սիրել, ատելությունն ու թշնամանքը վանել հոգուց։ Տիրոջը ընդառաջ գնալը երևում է ողջ տարվա ընթացքում՝ եկեղեցի այցելելով, Սուրբ Հաղորդություն ստանալով, Սուրբ Գրքին էջերում Աստծու կամքը փնտրելով, բարություն անելով։ Հավատքի կյանքը սիրո հաստատումն է, սիրո գործադրումը, սիրո իշխանությունն է ու սիրո օրհնությունը։ Եթե սերը պակասում է մեր կյանքում, ապա մենք դեռևս թերանում ենք իբրև Աստծուն ընդառաջ գնացած և Աստծուն հավատացող մարդիկ, որովհետև Աստծուն մոտենալով՝ մենք վերցնում ենք Նրա սիրուց և բաժին հանում ուրիշներին։ Քրիստոսի մասին Եսայու մարգարեության մեջ ասվում է. «Տիրոջ հոգին Իմ վրա է, դրա համար իսկ օծեց Ինձ, Ինձ ուղարկեց աղքատներին ավետարանելու, սրտով բեկյալներին բժշկելու, գերիներին ազատում քարոզելու և կույրերին՝ տեսողություն, կեղեքվածներին ազատ արձակելու, Տիրոջ ընդունելի տարին հռչակելու» (Ղուկաս 4։18, 19)։ Մենք էլ, որքանով մեզ տրված է, որքանով մենք կարող ենք, պիտի օգնենք կաղերին, կույրերին, սրտով բեկվածներին, կեղեքվածներին։ Պարտադիր չէ հրաշքներ անել։ Երբեմն մարդկանց համար արված փոքրիկ օգնությունը նրանց կյանքում հրաշքի պես փոփոխություն է բերում։ Եվ նրանք առնում ենք Քրիստոսի բույրը։
Սիրելինե՛ր, ճրագներով եկեղեցի այցելելու հետ մեկտեղ չմոռանանք աղոթքով շտապել Աստծու դուռը, մեր սրտերը նվիրել Նրան, խոնարհվել Նրա սուրբ և բարի կամքի առաջ։ Աստված երկարացրել էր Սիմեոն ծերունու և Աննա մարգարեուհու կյանքը, որպեսզի նրանք տեսնեն Իր մարդացյալ Որդուն, քանի որ նրանց հավատքն ու ցանկությունն էր մեծ՝ տեսնելու Հիսուս Քրիստոսին։ Հայ ժողովուրդը դարեր առաջ առաջինը ընդունեց քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն, ընդառաջ գնաց Տիրոջը հավատքով և երկրպագությամբ։ Մենք էլ այսօր խոնարհվենք Նրա առաջ, մեր սիրտը նվիրաբերելով Նրան, ինչպես ասում է Պետրոս առաքյալը. «Խոնարհվեցե՛ք Աստծու հզոր ձեռքի տակ, որպեսզի ժամանակին Նա ձեզ բարձրացնի» (Ա Պետրոս 5։6)։
Տյառնընդառաջը վեհափառ հայրապետի տնօրինությամբ նորապսակների օրհնության օրն է։ Մաղթում ենք նրանց՝ ընտանիքները կառուցել հավատի ու սիրո հիմքի վրա, չհեռանալ Աստծուց, անառակ որդու պես Աստծուց հեռու չփնտրել երջանկությունը, որովհետև իրական երջանկությունը Աստծով է արարվում և Աստծու օրհնությամբ։ Աստծու պատվիրաններով առաջնորդվելով՝ ընտանիքը միմիայն շահում է, և ոչ թե ինչպես ոմանց է թվում, հետամնաց է դառնում։ Աստված պատվիրաններ է սահմանել մարդկանց հարաբերությունների կարգավորման և ընտանիքների պահպանման համար։ Ուստի ընտանիքներով Աստծուն ընդառաջ գնանք և Նրա լույսով առաջնորդված՝ ապրենք մեր կյանքը։
Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն․ ամեն։
Տեր Վահան քհն․ Առաքելյան