Հայր Սիղվիանոսը նստած էր եղբայրների հետ. հանկարծ նա տեսիլք տեսավ և երեսի վրա ընկավ: Բազում ժամեր անց վեր կենալով` լաց եղավ: Եղբայրներն աղաչեցին և ասացին նրան. «Ի՞նչ եղավ քեզ, հա՛յր»: Իսկ նա լռությամբ միայն լալիս էր, և երբ շատ բռնադատեցին նրան, ասաց. «Եղբայրնե՛ր, ես դեպի դատաստան համբարձվեցի և տեսա բազում կրոնավորների, որ դեպի տանջանք էին գնում, և բազում աշխարհականների, որ դեպի հավիտենական կյանք էին գնում»: Եվ ճգնում էր ծերն ու այլևս չէր կամենում դուրս ելնել իր խցից: Եթե ստիպված էր լինում դուրս գալ, կնգուղով ծածկում էր իր երեսն ու ասում. «Ինչի՞ համար եմ ուզում տեսնել այս առօրյա լույսը, որից ոչ մի օգուտ չկա»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016