23 Նոյեմբեր, Շբ
Ծերն ասաց. «Երբ սատանան տեսնում է, որ Աստված քեզ ողորմելով` արթնություն է տվել հոգուդ, այնժամ քեզ մտցնում է քո սենյակը՝ գործի համար, բռնադատում է և ասում. «Գործի՛ր այս գործն այսօր, որովհետև անհրաժեշտ է», կամ` «Գնա՛ այսինչի մոտ», կամ` «Տե՛ս այսինչ բանը»: Այս ամենն անում է, որպեսզի չթողնի քեզ քո լռության մեջ և հափշտակի քո հառաչանքների քաղցրությունը: Եվ եթե սատանայի ծառաները իմանան, որ դու հոժարությամբ երկարատև աղոթքների մեջ ես մնում, այնժամ քեզ կփորձեն կա՛մ մարդկանցից, կա՛մ դևերից եկող փորձություններով, որովհետև այն ժամանակ է սատանայի պայքարը ուժեղանում, երբ մարդը բարին է գործում, և բարկության զենքերն օգտագործելով՝ մթագնում է խոնարհ անձի մտքի արթնությունը, քանի որ բարկությունը բոլոր ախտերից զորավոր է, քանզի մարում է զղջումն ու խաթարում է անձի խոնարհությունը: Պատահում է նաև, որ հանդարտության և սգի մեջ նստելու ժամանակ քեզ շուրջանակի պաշարում են դիվային խորհուրդները: Այդ պահին աղոթքի կանգնի՛ր և շրջի՛ր սաղմոսելով. «Աստված հարություն առավ, և ցրվեցին Նրա բոլոր թշնամիները» (Սաղմ. 67:2): Եվ իսկույն կհեռանան քեզանից»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016