Մտքի աշխատանքը

- Հա՛յր, սուրբ Գրիգոր Պալամասը գրում է, որ առաքինությունները, քանի որ մոտ են Աստծու առաքինություններին, մարդուն ունակ են դարձնում Աստծուն ընդունելու, սակայն չեն միավորում Նրա հետ: Իսկ աղոթքն իրականացնում է Աստծու հետ կապը: Նա ի՞նչ նկատի ունի:

- Սրբազանը խոսում է մաքուր աղոթքի մասին:

- Մաքուր աղոթքն ի՞նչ է:

- Երբ հոգևոր ազնվություն, անձնազոհություն կա, մարդ հարազատանում է Աստծուն, Նրա հետ կապ է ունենում, և միտքը մշտապես Աստծու մեջ է գտնվում: Այդժամ, եթե նա անգամ չի աղոթում, աղոթում է: Նրա ողջ կյանքն աղոթք է: Նա ուրիշ ոչնչի մասին չի մտածում. ինչ էլ, որ անելիս լինի, միտքը մշտապես Աստծու մեջ է: Ինչպես որ անհայր մեծացող երեխան, որ միայն մայր ունի, և որը հանգամանքների բերումով որոշ ժամանակ նրանից հեռու է գտնվում. ինչ էլ անի, որտեղ էլ գտնվի, միտքը մշտապես մայրիկի հետ է: Այդպես էլ մարդն է, որ վտարանդի է երկրիս երեսին, և հեռու է իր Հայր Աստծուց. երբ նա այդ վիճակին է հասնում, նրա միտքը մշտապես Աստծու՝ իր Հոր հետ է: Ահա թե ինչ է մաքուր աղոթքը:

- Իսկ միտքն ինչպե՞ս է մաքրվում, հա՛յր:

- Այն պետք է մշտապես Աստծու հետ լինի, պետք է միավորվի Աստծուն: Աստծուն միավորվելու համար ուշադրություն է հարկավոր, հարատև աղոթք, պետք է հետևես քեզ: Երբ միտքը միավորվում է Աստծուն, այնժամ մարդ Աստծուց բացի ուրիշ ոչնչի մասին չի մտածում: Միտքը մաքուր է, քանի որ դրանում խափանումներ չկան: Այնժամ մարդը «կերպարանքով»-ից դառնում է «նմանությամբ» (Ծննդ. 1:26): Միտքը լավ բան է, բայց երբ այն այլ հաճախության վրա է գտնվում…

Լույսի արագությունից ավելի արագ ընթացող մտքի հզոր ուժը պետք է գործածել և ամբողջությամբ ուղղել Աստծուն՝ լույսի Արարչին: Եթե այդ ուժը ցրված է, ապա միտքն ինչպե՞ս կարող է զորություն ունենալ: Եվ եթե մարդու միտքը ուժ չունի, ապա նա մնում է միայն սոսկ բանականության հետ. բանականությամբ է գործում և Աստծու պատկերից վերածվում է բանականության՝ մեքենայի: Ոմանց հետ հետևյալն է տեղի ունենում. քանի որ նրանք մտքի այդ զորությունը չեն գործածում վերինի համար, ապա այն գործածում է կամ, ավելի ճիշտ է ասել, դրանից օգտվում է թշնամին՝ ստորինի համար՝ նախ երկրայինի, իսկ ապա ավելի ցածրի՝ մեղքի համար՝ դժոխք գցելու նպատակով: Սակայն եթե հաջողվի միտքը բարձունքի հասցնել, ապա նա ամեն ինչ բարձրությունից կտեսնի հոգու աչքերով, աստվածային աչքով, աստվածային լույսի ներքո: Այս ամենը, ցավոք, ես միայն տեսականորեն գիտեմ և պիտի աշխատեմ այդ ուղղությամբ, եթե անգամ մահն ինձ ճամփի կեսին գտնի:

 

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

26.05.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․