Աստվածային օրենսդիր Մովսեսը, որ կիսեց Կարմիր ծովը և ժողովրդին անջրդի անապատ հանեց և այլ մեծամեծ սքանչելիքներ գործեց, որ գրառված են մեկը մյուսի հետևից, երբ հանձն առավ պատմելու առաջին սրբերի վարքերը, ոչ թե եգիպտացիներից լսած ավանդությամբ [դա] արեց, այլ Աստծու շնորհների ծագմամբ, որ այն ժամանակ տրվեցին իրեն: Իսկ ես ո՛րտեղից կարող եմ պատմել մյուս սրբերի վարքը` Հաբելի առաքինությունը, կամ Ենովքի աստվածպաշտությունը, կամ Նոյի արդարությունը, կամ հավատքը Աբրահամի և նրա ընդունելի պատարագի:
Հիմա կարճիկարճո խոսեցի սրբերի վարքի մասին և նրանց շնորհների և հիշատակեցի սրբերի անունները, որ գուցե օժանդակեն և բարի կայան հասցնեն ինձ` սուրբ Հակոբի ճառն ասելիս:
Մծբինը քաղաք էր Հոռոմոց և Պարսից սահմանին, որ այն ժամանակ գտնվում էր Հռոմի իշխանության ներքո: Եվ երանելի Հակոբն այնտեղ նախ հանձն առավ միայնակեցությունը և միայն անապատում էր բնակվում: Եվ լեռների գագաթներին էր նա բնակվում. գարնանն ու ամռանը բացօթյա, որ սոսկ երկնքից էր նրան հովանի լինում, և միայն ձմռանը հաստատվում էր մի փոքրիկ քարայրում, ուր մարմինն էր միայն տեղավորվում, և կերակրվում էր ոչ ըստ մարդկանց սովորության` մարմնականով, այլ սնվում էր Սուրբ Հոգու շնորհներով: Ժողովում էր լեռան վրա եղած ծառերի պտուղները և դրանցով գոհանում, որովհետև հրաժարվել էր հրի մարմնական սպասավորությունից և խարազանազգեստ հանդերձանք հագել: Որովհետև այդպես խստամբերությամբ` զանազան և պես-պես տանջանքներով ճնշում էր մարմինն իր, և հանդերձյալն էր միշտ աչքի առաջ, ինչպես ասված է Պողոսի խոսքում. «Տեսնում ենք որպես հայելու մեջ» (Ա. Կորնթ. ԺԳ. 12): Եվ նրա աղոթքը միշտ և հանապազ աստվածայինի մասին էր, և նրա պատկերը փայլելով փոխվում էր փառքից փառք, ասես Տիրոջից և Սուրբ Հոգուց: Եվ հրաշալի վարքի շնորհիվ բազում նշաններ էին լինում նրա միջոցով. ինչ որ խնդրում էր Աստծուց, անհապաղ տրվում էր նրան: Եվ մարգարեական շնորհք տրվեց նրան, որ մինչ դեպքի կատարվելը պատմում էր դեպքը: Սուրբ Հոգուց հրաշքներ գործելու և բժշկություն անելու շնորհ ստացավ, որ փոքր ի շատե կգրեմ նրա հրաշքների մասին և նրա ճգնության վարքը հայտնի կդարձնեմ նրանց, ովքեր չգիտեն:
Այն ժամանակներում ննջեց Մծբինի եպիսկոպոսը, և քաղաքում ընտրություն եղավ, թե ով արժանի կլինի եպիսկոպոսության աթոռին: Եվ հինգ հոգի էին, որոնց արժանի էին համարում: Եվ մեծ հակառակություն էր քաղաքում այս հինգ այրերի համար, թե նրանցից ով է առավել արժանի հայրապետական աթոռին, որովհետև մեկն այս անունն էր տալիս, մյուսն` այն, և միաբանության չէին գալիս: Այնժամ քաղաքի այրերը, որ գլխավորներն էին, խորհեցին բարձրանալ սուրբ Մարուգեի մոտ` նրա անապատը, որ տեսնեն, թե ինչ կասի: Եվ երբ նրանք գնացին-[հասան] Մարուգեի խցի դռանը, սուրբն իր սովորության համաձայն աղոթում էր: Այդ ժամանակ դուրս գալով` աշակերտն ասաց. «Գնացե՛ք եկեղեցու գավիթը, մինչև ավարտի աղոթքը և գա ձեզ մոտ»:
Իսկ սուրբ Հակոբը երեք օր առաջ էր եկել սուրբ Մարուգեի մոտ, և վերջինս մարգարեացել էր ու ասել. «Այսօր համբուրում եմ քեզ որպես միայնակյացի, իսկ վաղը կհամբուրեմ որպես քո հոտի առաջնորդի և հովվի»: Իսկ սուրբ Հակոբն ասել էր. «Սպասի՛ր, եղբա՛յր, արժանի չեմ քո ասածին»:
Սուրբ Մարուգեն եկեղեցի բարձրացավ և եկողներին խոժոռված ու գավիթում դաս-դաս նստած տեսավ: Երբ տեսան երանելիին, ոտքի ելան, որովհետև պատկերն ասես հրեշտակական լիներ: Նա ամբոխին նշան արեց, որ լռեն, մինչև ինքն աղոթի եկեղեցում: Եվ աղոթելուց հետո խմբվեցին երանելիի շուրջը, իսկ նա կանգնել էր նրանց մեջ` գավազանին հենված: Եվ ամբոխը համբուրում էր նրա ոտքերն ու ձեռքերը: Եվ [սուրբը] հրամայեց նրանց նստել և լսել իր խոսքը: Եվ ասաց նրանց. «Ինչի՞ համար եք հավաքվել և եկել այստեղ»: Եվ նրանք ասացին. «Եպիսկոպոսության հարցով…»: Իսկ նա ասաց. «Ո՞ւմ եք կամենում եպիսկոպոսական աթոռին նստած տեսնել»: Եվ ոմանք այս անունն էին տալիս, ոմանք` այն, և հակառակություն էր նրանց միջև: Սուրբը խաղաղեցրեց նրանց և ասաց. «Գիտեմ, որ ձեր առաջնորդի մահը տրտմեցրել է ձեզ: Սակայն այրերը, որոնց ընտրեցիք, արժանի չեն եպիսկոպոսության: Այլ եկեք, գնացեք Ամիթ, որովհետև այնտեղ եպիսկոպոսների ժողով է, և այնտեղ է գալու Անտիոքի պատրիարքը: Եվ նրա միջոցով Սուրբ Հոգին այնտեղ կհայտնի, թե ում է սահմանված նստելու եպիսկոպոսության աթոռին»: Իսկ նրանք ընդունեցին սրբի խոսքերն` ասես լսած լինեին Աստծու հրեշտակից, և ելնելով վերադարձան իրենց քաղաքը:
Եվ քիչ օրեր անց գնացին եպիսկոպոսների հավաքին և նրանց ողջույն տալով` նստեցին: [Եպիսկոպոսները] հարցրեցին նրանց. «Ո՞ւմ եք կամենում, որ առաջնորդ լինի»: Եվ նրանք պատմեցին` ինչ որ ասել էր սուրբ Մարուգեն, թե Սուրբ Հոգին է ցույց տալու առաջնորդին: Եվ նրանք, ի մտի առնելով այդ խոսքերն, ասացին. «Աղոթում ենք այսօր Աստծուն, որ մեզ հայտնի, թե ով է արժանի աթոռին»: Եվ գիշերվա պահին ամբողջ բազմությունը, կաթողիկոսի հետ մեկտեղ, սկսեց աղոթել սաղմոսներով և օրհնություններով և հոգևոր երգերով, նաև արտասուքով և պաղատանքով Աստծուն էին դիմում այդ խնդրի կապակցությամբ: Իսկ Նա, որ ընդունում է Իր երկյուղածների կամքը և լսում նրանց աղոթքները, թմբիր բերեց կաթողիկոսի վրա, որ ասես քնի մեջ ընկավ և տեսավ մի գեղապատշաճ երիտասարդի, որ ասաց. «Սուրբ Հակոբն է այն այրը»,- և ցույց տվեց տեղը, ուր նա բնակվում էր, որովհետև միայնակյաց էր և սքանչելագործ: Եվ երբ հրեշտակը վեր խոյացավ, կաթողիկոսն արթնացավ և բարձրանալով գոհանում էր Աստծուց, որովհետև սովոր էր հոգևոր տեսիլներին: Եվ շտապով ելնելով` եկեղեցի իջավ և [մարդ] ուղարկելով կանչեց եպիսկոպոսներին և Մծբինից եկածներին և պատմեց նրանց տեսիլը հրեշտակի, որ իրեն սուրբ Հակոբի անունն ասաց: Ու ելնելով` բոլորը միաբան Մծբին իջան, իսկ եպիսկոպոսների ժողովը միաբան նամակ գրեց, և հավատարիմ մարդկանց միջոցով առաքեցին և սրբին կանչեցին:
Եվ երբ եկավ նրանց մոտ, պատմեցին եղելությունը: Իսկ սուրբը կանխավ գիտեր հայրապետների Մծբին գալու մասին, որովհետև Սուրբ Հոգին հայտնել էր իրեն: Եվ բազում անգամ լսել էր սուրբ Մարուգեից, թե` «Առաքելական աստիճան ես ստանալու»,- և պատկառել էր դեմ կանգնել: Եվ Սուրբ Հոգու ազդմամբ իջավ ժողովարան, որովհետև այնտեղ էր հավաքվել քաղաքի բազմությունը, ուր բոլորը գիտեին սրբի վարքը, և միահամուռ սպասում էին սրբի գալուն: Եվ երբ եկավ հայրապետների մոտ, ողջույն տվեց նրանց, և կաթողիկոսը հրամայեց նստեցնել նրան: Սուրբը հարցրեց նրանց. «Ինչո՞ւ ինձ այստեղ կանչեցիք»: Եվ նրանք ասացին. «Տերը հայտնեց, որ արժանի ես քաղաքիս եպիսկոպոսության աթոռին»: Եվ նա ասաց նրանց. «Արժանի չեմ այդ բանին»: Իսկ ժողովուրդն շտապեցնում էր հայրապետին, և առավել ևս չէին թողնում, որ Հակոբը շարունակի իր խոսքը: Եվ հայրապետն շտապ ելնելով` վերցրեց Հակոբին և եկեղեցի մտան: Եվ նրա վրա կատարեցին եպիսկոպոսության կարգը: Եվ երբ սուրբ Հակոբին եպիսկոպոս ձեռնադրեցին, մեծ ուրախություն եղավ քաղաքում, և օրհնություն ու փառք էին տալիս Աստծուն, որ սուրբ Հակոբին իրենց հովիվ և առաջնորդ կարգեց:
Եվ երբ օրեր անցան, մի կիրակի օր սուրբ Մարուգեն բազում եղբայրների հետ իջավ սուրբ Հակոբին ողջույն տալու և նրա կողմից օրհնվելու համար: Եվ երբ միմյանց ողջունեցին, սուրբ Մարուգեն սկսեց օրհնել Աստծուն, որ Իր Եկեղեցում արթուն հովիվ կարգեց:
Այդ օրը մի տասնհինգամյա գոսացած անդամալույծ կար եկեղեցու գավիթում, որի բոլոր անդամները թուլացած էին: Եվ երբ սրբության ամոլները` սուրբ Հակոբը և սուրբ Մարուգեն իջնում էին պատարագից, տեսան անդամալույծին, որ ընկած էր: Սուրբ Մարուգեն ասաց տեր Հակոբին. «Ե՛կ աղոթենք այս անդամալույծի համար, որ Տերը ողորմի նրան և բժշկի»: Այնժամ սարկավագներին ասացին, որ անդամալույծի երեսը դեպի արևելք դարձնեն, և խոնարհվելով ծունր դրեցին` արտասվելով և այսպես ասելով. «Զորությունների՛ Տեր Աստված, որ Քո սուրբ անվամբ քարոզվելու արժանի արեցիր այս քաղաքի հրեաներին և կռապաշտներին, որ միայն Քեզ ընդունեցին ճշմարիտ Աստված և հավատում են Քո Որդու` Տեր Հիսուս Քրիստոսի անվամբ: [Դու], որ Քո սուրբ առաքյալների միջոցով հրաշքներ գործեցիր, նվաստ ծառաներիս միջոցով ևս արա՛, որ Քո զորությունը քարոզվի և Քո անունը փառավորվի, և բարձրանա Քո սուրբ խաչի զորությունը, ինչպես Երուսաղեմում հայտնապես Քո առաքյալների միջոցով նշան ցույց տվեցիր, որից հրեաները միասին հեծծում էին և ասում. «Ահա հրաշքը, որ եղավ այս քաղաքում»,- և որից նրանք ամաչում էին, իսկ Քո վարդապետությունը ճոխանում էր, և Քո սուրբ խաչը պայծառանում, և սուրբ Եկեղեցու զորությունը բարձրանում Քո փառքերով: Եվ այժմ, բարերա՛ր Տեր, լսի՛ր Քո ծառաներիս աղաչանքները, բժշկի՛ր այս անդամալույծին և կողպի՛ր նրանց բերանները, որ խոսում են` հանդիմանելով Քո սուրբ Խաչը, որ Քո սուրբ Եկեղեցու պարծանքն է: Մեր մեջ ևս գործի՛ր Քո բարի նշանը, որ տեսնեն Քո ատելիները և ամաչեն ու ամոթով մնան»: Եվ երբ ավարտեցին աղոթքը, սուրբ Մարուգեն տեր Հակոբին ասաց. «Մոտեցի՛ր և խաչակնքի՛ր դրա անդամների վրա»: Եվ նա ասաց. «Դո՛ւ մոտեցիր»: Սուրբ Մարուգեն ասաց. «Քեզ է պարտ և արժան խաչակնքել և աղոթք մատուցել, որովհետև եպիսկոպոսության պատիվ ունես»: Այնժամ տեր Հակոբն ասաց. «Ես աջ կողմից [մոտենամ], դու` ձախ…»: Եվ մոտենալով` նրան ասացին. «Ո՜վ մարդ, արիացի՛ր մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվամբ»: Եվ նա նույն պահին բարձրացավ և կանգնեց իր ոտքերին, և բժշկվեցին նրա անդամները: Եվ վեր պարզեց ձեռքերն ու փառք տվեց Աստծուն: Եվ երբ ժողովուրդը տեսավ սքանչելիքն, ընկավ և երկրպագում էր Աստծուն: Եվ բարձր ձայնով օրհնում էին Աստծուն և ասում. «Օրհնյա՜լ ես Քրիստոս, որ ամեն ժամ լսում ես նրանց, որ հաճո են Քեզ, և Քո ծառաների միջոցով սքանչելիքներ ես գործում, որ բարձրարարեն ու փառավորեն Քո անունը, որովհետև միայն Դու ես Տեր Աստված, և Քեզ փառք հավիտյանս. ամեն»: Այն ժամանակ սուրբ Մարուգեն բժշկվածին ասաց. «Ե՛կ, պատմուճան հագիր և ամրացրու գոտիդ և քարոզիր զորությունն Աստծու, որ Իր ծառաների միջոցով [հրաշք] գործեց»:
Ի տարբերություն հավատացյալների, որ փառավորում էին Աստծուն իրենց մեջ եղած սքանչելիքների համար, հրեաները, երբ լսեցին, [սոսկ] զարմանում էին սքանչելիքից, որ Աստծու զորությամբ եղան սուրբ Հակոբի միջոցով:
Այս ամենից հետո Կեդրոն անունով մի մարդ հայտնվեց, որ Մարկիոնի կարգից էր և հակառակ էր քրիստոնյաներին: [Սա] Պոնտացիների երկրից էր: Նրա եղբայրը ծանոթ էր Կոստանդիանոս թագավորին, նրա մտերիմն էր արքունի գնդում և հաճո էր արքային: Եվ [մի օր] արքան ասաց նրան. «Դեմքդ վայելուչ է, իսկ դու` հույժ պիտանի: Մի բան է միայն պակասում քեզ` չես ճանաչում Աստծուն, որ ստեղծեց երկինքն ու երկիրը և նրանում եղած արարածներին: Եվ այժմ ճանաչի՛ր ճշմարիտ Աստծուն և ընդունի՛ր Քրիստոսի դրոշմը և երևելի ու պատվական կլինես: Քեզ իշխան կդարձնեմ և քեզ կտամ Միջագետքի Մծբին քաղաքը»: Այրը պատասխան տվեց և ասաց. «Հավատում եմ Աստծուն, որին դու ներկայացրեցիր ինձ և քարոզեցիր»: Եվ խնդության մեջ ընկնելով` արքան հրամայեց շտապ մկրտել նրան և արքայական ընծաներով և մեծ պատիվներով նրան Մծբին ուղարկեց: Իսկ նրա եղբայրը` [մեր հիշած Կեդրոնը], քաղաքի երևելիներից և մեծատուններից էր, [եպարքոսն էր] և երկրպագում էր կուռքերին ու պիղծ դևերին և իր տունը կառուցել էր ոսկով, արծաթով ու պատվական քարերով: Եվ երանելի Կոստանդիանոսը բազում անգամ խնդրել էր Կեդրոնին` եպարքոսի եղբորը, որ մկրտի նրան, որև չէր կամեցել գնալ, որովհետև խառնվել էր Մարկիոնի աղանդին: Եվ Կեդրոնը մի որդի ուներ, որ ծնունդից ի վեր անդամալույծ էր, և թաթերից մինչև ծնկները` ոտքերը պարանի նման իրար էին փաթաթված և մարմնի անդամ ները չորացած էին, և գամված էր անկողնուն: [Մինչդեռ] պատկերն էր գեղեցիկ, և մազերը գանգուր և երեսը զվարթատեսիլ: Եվ լսեց Կեդրոնը, թե եկեղեցու գավթում անկյալ անդամալույծը բժշկվել է սուրբ Հակոբ հայրապետի միջոցով: Եվ [մարդ] ուղարկելով` կանչեց բժշկվածին, որ նրա միջոցով ստուգի ճշմարտությունը: Եվ երբ նրան բերին Կեդրոնի առաջ, հարցրեց նրան և ասաց. «Ո՞վ բժշկեց քեզ»: Եվ նա ասաց. «Տասնհինգ տարի է, որ անդամալույծ էի, ինչը դուք քաջ գիտեք, և Աստծու ծառաները բժշկեցին»: Եվ Կեդրոնն ասաց. «Ո՞ւմ անվամբ արեցին այդ զարմանալի բաները»: Եվ նա ասաց. «Հիսուս Նազովրեցու…»:
Երբ Մարկիոնը լսեց, զայրույթով լցվեց և ասաց. «Սաստելով ասում եմ քեզ. դա քեզ քրիստոնյաները սովորեցրին, [դու] անդամալույծ չես եղել, սուտ ես [խոսում]»: Երբ այս լսեց [նախկին] անդամալույծը, դառնացավ և լի ցասմամբ ասաց. «Խաբեբա՛ և անօրեն, դու ես սուտ [խոսում], և քո կախարդության աղանդը Տիրոջ` Հիսուս Քրիստոսի անունով կխափանվի, և քո հայր սատանան ամոթով կմնա, և դու չարամահ կկորչես: Եվ եթե սրբերն [ինձ] պատվիրած չլինեին քարոզել, դու ընդհանրապես պատասխանի չէիր արժանանա, բայց սրբերից հրամայված է, որ բոլոր լսողներին և հասկացողներին պատմեմ»:
Իսկ Կեդրոնը ունկնդրում և բավականությամբ լսում էր այդ ամենը: Եվ այնժամ [նախկին անդամալույծը նորից] դիմելով Մարկիոնին, ասաց. «Ես գիտեմ, որ եպարքոսի բարի և իմաստուն եղբայրը, որ ինձ այստեղ է կանչել, կամենում է իմանալ ճշմարտությունը` իր որդու բժշկության համար, որովհետև երբ իմանա ճշմարտությունը և ձեր խավար ճանապարհի մոլորությունը` կընդունի փրկության Ավետարանը, որ կոչված է հալածելու ձեր մոլորությունը այս քաղաքից»: Եվ երեսը կախարդից դարձնելով` Կեդրոնին ասաց. «Լսի՛ր, տե՛ր իմ Կեդրոն, որովհետև քո կամքով ես կանչվեցի քո տուն, և ինձ արժան է Քրիստոս քարոզել: Ես իսկապես անդամալույծ էի, ինչպես բազում անգամ տեսել եք ինձ գավիթում` անդամալուծության սաստիկ ցավերով բռնված, որպես ասացի: Եվ, տե՛ր Կեդրոն, եթե հավատաս սուրբ կույս Մարիամից ծնված մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվամբ և մոտենաս Նրա ծառաներին, այնժամ քո որդին կբժշկվի նրանց միջոցով»: Երբ լսեց այս ամենը [նախկին] անդամալույծից` սքանչացավ, բայց և երկմտեց: Իսկ հետո բարին ի միտ բերելով` մտքերը հեռացրեց Մարկիոն կախարդից և Քրիստոսի Ա վետարանը տենչաց և մտքում ասում էր. «Ո՛վ իմ որդուն բժշկի` Նա է ճշմարիտ Աստված»:
Այնժամ կախարդ Մարկիոնն ասաց. «Ինչո՞ւ երկմտեցիր, և [հեռացար] հավատից, որ մանկուց ունեիր և այժմ անուղղելի բաներ ես խոսում»: Իսկ Կեդրոնը ծիծաղեց ի պատասխան և արհամարհեց կախարդի խոսքերն ու ասաց. «Այսուհետև կամենում եմ ճանաչել ճշմարտությունը և հեռանալ ստությունից»: Եվ նույն պահին ելավ և իր ընտանիքով եկեղեցի գնաց: Եվ մտնելով` պատմեցին սուրբ Հակոբին և Մարուգեին և ասացին. «Եպարքոսի եղբայր Կեդրոնն է ձեր շեմին և կամենում է տեսնել ձեզ»: Եվ նրան հրամայեցին ներս մտնել, և նրա եղբայր եպարքոսն այնտեղ էր: Երբ Կեդրոնը սրբերի մոտ մտավ, նրանց ողջունեց սիրով խոնարհվելով, որովհետև միտքը հեռացել էր նախկին սովորությունից, և ողջույն տալով` կանգնեց նրանց առաջ: Եվ բարձր ձայնով ասաց նրանց. «Ո՛վ տերեր, մինչ այսօր կարծում էի, թե ճշմարտության [ճանապարհին] եմ և ոչ մոլորության: Եվ որովհետև չէի կամենում, որ Կոստանդիանոս արքան մկրտի ինձ, ինչպես իմ եղբորը, բազում անգամ եմ զրկվել թագավորական պատիվներից: [Այժմ] միտքս և խոհերս երկփեղկվում են, և ուղիղ ճանապարհը չգիտեմ: Հույսս անդամալույծի բժշկության հետ է [կապված], որ ինչպես նա առողջացավ, ձեր աղոթքներով կբժշկվի նաև որդյակն իմ, և մտքերս կհաստատվեն ճշմարիտ հավատքի մեջ: Իսկ Մարկիոնը, որ ասում է, թե` «Քրիստոսը մարմին չի առել և չի ծնվել սուրբ Կույսից, և հարություն չկա»,- ամոթով կմնա: Եվ [կհավատամ ինչպես դուք եք ասում]` «Նազովրեցին ծնվեց Կույսից, խաչվեց ու թաղվեց և երրորդ օրը հարություն առավ և մեռելների հարության հույսը հաստատեց»: Այսուհետ տարակուսել եմ և չեմ հավատում ուրիշ նշանի, բացի որդուս բժշկությունից. ո՛վ բժշկի գոսացած մարմինը, Նա է Աստված ճշմարիտ, և դրանից հետո կբժշկվեն մարմինն ու իմ հոգին»: Իսկ Մարկիոնը հավաքել էր իր աշակերտներին և լսում էր, թե ինչ է ասում Կեդրոնը, և ցասման մեջ ասաց. «Մի՛ լսիր գալիլեացիներին, ո՛չ կաղին են կարող բժշկել, և ո՛չ անդամալույծին առողջացնել»: Այնժամ սուրբ Հակոբն ասաց ողջ ժողովրդի առջև. «Մենք անօգուտ բաներ չենք խոսում, այլ [բժշկում ենք] անունով մեր Տիրոջ, որ սուրբ կույս Մարիամից ծնվեց, և մեր փրկության համար ընդունեց խաչի չարչարանքները, գերեզման իջավ և Ադամին ու նրա բոլոր սերունդներին հարության հույս տվեց և խորտակեց մահն ու փշրեց նրա զորությունը և երրորդ օրը մեռյալների միջից հարություն առավ և Իր հետ հարություն տվեց մեր բնությանը, քառասուն օր շրջեց Իր աշակերտների հետ և ասաց, թե` «Գնամ, ձեզ տեղ պատրաստեմ»: Եվ նրանց պատվիրեց Երուսաղեմից դուրս չգալ, մինչև չընդունեն Սուրբ Հոգուն: Եվ հրամայեց նրանց քարոզել բոլոր հեթանոսներին և մկրտել Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով: Ով հավատա` կապրի, և ով չհավատա` կդատապարտվի: Եվ ասաց, թե` «Ով հավատա Ինձ, գործերը, որ Ես եմ անում, նա ևս կգործի» (Հովհ. ԺԴ. 12): Նաև մենք ենք հավատացել ու հավատում Նրան, և այն ամենը, որ խնդրում ենք Նրանից` տալիս է մեզ: Եվ Նրա անունով աներկյուղ տրորում ենք վիշապի գլուխը»: Եվ [նրանց կողմը շրջվելով]` ասաց քրմերին. «Դո՛ւք, ո՜վ քրմեր, եթե հավատում եք ձեր կուռքերին, աղոթեցե՛ք ձեր չաստվածներին, և եթե զորություն ունեն` կլսեն ձեզ և կբժշկեն այս մանկանը: Իսկ եթե չբժշկեն, ձեզ հետ նույնը թող պատահի, ինչ Սիմեոն կախարդին Հռոմում: Իսկ մենք խոնարհ ենք Աստծու առջև և բժշկություն ենք խնդրում այս մանկան համար, ո՛չ թե մեզ համար, այլ այս ժողովրդի, որ հավատում է Նրա անվանը»: Բեկված սրտով և ցածր ձայնով Մարկիոնն ասաց. «Ո՛չ մենք կարող ենք բժշկել, և ո՛չ դու»:
Իսկ սուրբ Մարուգեն նրա վրա ծիծաղելով ասաց. «Ես հուսացել եմ ճշմարիտ Աստծուն և համագոյ Որդուն և Սուրբ Հոգուն: Եվ ինչ խնդրում ենք` անհապաղ կատարում է ամենը: Հուսացել եմ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվանը, որովհետև երբ Հակոբ սուրբ հայրապետը մկրտի հիվանդին, բժշկված դուրս կգա ավազանից»: [Եվ այսպես խոսեցին], որովհետև սրբության ամոլները վստահացել էին իրենց Տիրոջով, ինչպես սուրբ առաքյալները: Այնժամ Կեդրոնը պատասխան տվեց և ասաց. «Ես կամենում էի իմ ողջ ընտանիքով միաժամանակ մկրտվել, սակայն առաջինը որդուս մկրտեցեք, իսկ հետո [կմկրտվենք] ես և ընտանիքն իմ»: Սուրբ Մարուգեն ասաց տեր Հակոբին. «Հրամայի՛ր քահանաներիցդ մեկին, որ ավազանը պատրաստեն»: Իսկ Կեդրոնը չկամեցավ և ասաց սրբին. «Թո՛ղ ուրիշը չմկրտի իմ որդուն, այլ միայն ձերդ սրբությունը»: Եվ պատրաստեցին ավազանն ու սրբերը ելնելով` ծնկի իջան և աղոթեցին` մեկը ավազանի աջ կողմից, և մյուսը` ձախ, և ասացին. «Տե՛ր Աստված, արարիչ ամենայնի և բոլորի Տեր, որ կյանք ես կամենում մարդկանց որդիներին, լսի՛ր Քո ծառաների աղաչանքների ձայնը, նայի՛ր մեր աղոթքներին և մեր մեջ գործիր Քո հրաշքներն ու բարձրացրու Քո անունը այս քաղաքի հրեաների և հեթանոսների մեջ, որ ճանաչեն Քեզ, որ միայն Դու ես [երկնային] զորքերի Աստվածը, և Քեզ վայել է հավիտենական փառք. ամեն»:
Եվ ոտքի ելնելով` հրամայեցին ավազանն իջեցնել մանկանը, որ ութ տարեկան էր: Եվ վերցնելով սուրբ ձեթը` նրա ամբողջ մարմինն օծեցին և նրան մկրտեցին Հոր, Որդու և Սուրբ Հոգու անվամբ: Եվ բարձրացնելով` սարկավագները [նրան] հանեցին ավազանից: Իսկ սուրբ Հակոբը հրամայեց անջատել նրա ոտքերն իրարից և մանուկի ձեռքից բռնելով` կանգնեցրեց և հրամայեց գնալ: Իսկ երբ ժողովուրդը տեսավ, որ մանուկը քայլում է, սկսեց փառք տալ և գոհանալ Աստծուց սքանչելիքի համար, որ եղավ սուրբ Հակոբ հայրապետի միջոցով, որովհետև Աստված Իրեն փառավորողներին փառավոր է դարձնում: Եվ Մարկիոնը, տեսնելով Քրիստոսի [անվան] շնորհիվ եղածը, վախեցավ, և երբ մարդիկ հրմշտում էին միմյանց, որ տեսնեն մանկանը, նա և իր աղանդակիցները ծպտված դուրս եկան ամբոխի միջից և փախան քաղաքից: Եվ հետամտելով փնտրեցին նրանց, սակայն չգտան: Իսկ հաջորդ օրը մկրտվեցին Կեդրոնն ու ամբողջ ժողովուրդը: Եվ այն օրը մկրտվողները երեք հազար և երեք հարյուր հոգի էին: Իսկ սուրբ Մարուգեն մեծ ուրախությամբ վերադարձավ իր վանքը և անպատմելի սքանչելիքների համար օրհնում էր Աստծուն:
Եվ Կեդրոնը մեծ ուրախություն արեց, իր տունը եկան խաչով և վառվող ջահերով` ինքը և ամբողջ ժողովուրդը, որ հավաքվել էր մկրտվելու համար: Եվ որովհետև սուրբ Մարուգեն իր վանքն էր վերադարձել, Կեդրոնն ափսոսելով` [մարդ] ուղարկեց նրան կանչելու: Եվ նրա տուն մտնելով` սուրբ Մարուգեն ասաց. «Բերե՛ք Մարկիոնի կախարդության գիրը»: Եվ կատարեցին նրա հրամայածը և դրեցին կրակի մեջ, որ վառեն դրանք:
Եվ շատերն օրնիբուն գալիս էին սուրբ Հակոբի մոտ` աշակերտելու: Եվ դրանից հետո սուրբ Հակոբը մտածեց մի մեծ եկեղեցի կառուցել, որովհետև նախկինում քրիստոնյաները քիչ էին, և եկեղեցին` փոքր:
Իսկ հետո սուրբ Մարուգեն կամեցավ իր վանքը ելնել: Եվ Պողոսը, որ առաջ Կեդրոն էր կոչվել, իսկ այսպես կոչվեց մկրտության ժամանակ (ինքը` Պողոս, իսկ որդին` Հովհաննես), ասաց երանելուն. «Տե՛ր, ե՞րբ գանք քո վանքը, որ օրհնվենք եղբայրության կողմից»: Իսկ սուրբն ասաց. «Ոչ ոք չի արգելում ձեզ: Ցանկացած ժամանակ, ով կամենա գալ` կարող է»: Եվ դրանից հետո, երբ տասն օր անցավ, Պողոսը տնովի` իրենց ծառաներով, կնոջ, որ Մարիամ կոչվեց, և որդու հետ բարձրացավ Մարուգեի վանքը, որ օրհնություն ստանան նրանից և եղբայրներից: Եվ այն գիշեր մանկանը մահաբեր ցավ հանդիպեց, որ այն ժամանակ Հակոբի ցավ էր կոչվում: Եվ Պողոսն իսկույն հրամայեց գրաստի վրա դնել այն ամենը, որ պատրաստել էին, և ասաց. «Դուք ճանապարհը գնացե՛ք, իսկ ես և կինն իմ կմնանք, որ տեսնենք, թե ինչ է լինում մեր որդու հետ»: Եվ ծառաները կատարեցին նրա հրամանը: Իսկ պատանու ցավն անընդհատ սաստկանում էր: Եվ Պողոսն իր մտքում ասաց. «Սա դևերի մարտն ու հակառակությունն է, որ կամենում են մեզ խանգարել սրբի մոտ գնալ»: Այնուհետև պատանուն վերցրեցին և դրեցին գրաստի վրա և իրենք, իրենց երիվարները հեծնելով, գնացին: Իսկ երբ հայրը տեսավ, որ տղան մոտ է վախճանին, գոհացավ Աստծուց և ասաց. «Եթե մնա` Տիրոջինը կլինի, իսկ եթե մահանա` Տիրոջ համար կլինի»: Եվ ծառաներին հրամայեց արագ գնալ, քանի դեռ մանուկը չէր մահացել: Եվ երբ վանքի մոտ հասան, մոտեցավ մանկան կյանքից փոխվելու պահը: Եվ ջուր խնդրեց, սակայն չկարողացավ ըմպել, որովհետև խիստ վնասվել էին կոկորդն ու փողերը, և նույն պահին ավանդեց հոգին: Եվ ոմանք ասում էին, թե դա կախարդների արած գործն է, իսկ ոմանք պնդում էին, թե գիշերը գինի է խմել, և մեջն իժի թույն է եղել: Այսպես, թե` այնպես է եղել, չգիտեմ` սատանայի գործն էր: Եվ ծառաները կամենում էին շուտ քաղաք վերադառնալ, որ թաղեն մանկանը: Իսկ նրա հայրն ասաց. «Քանի դեռ չեմ տեսել սուրբ Մարուգեին և եղբայրներին` չեմ վերադառնա»: Եվ իջան Պողոսն ու իր կինը երիվարներից և ոտքով գնացին: Եվ հրամայեց ծառաներից մեկին գրկել և բազուկների վրա պահել տղային: Եվ տանելով` դրեցին սուրբ Մարուգեի առջևն ու ասացին. «Ահա արժանի չեղանք ձեզ մոտ ուրախությամբ գալու` մեր որդու հետ մեկտեղ: Բայց այժմ նրան ձեր ձեռքն ենք հանձնում և գիտենք` այն ամենը, ինչ խնդրում եք Աստծուց` տալիս է ձեզ»: Իսկ սուրբ Մարուգեն ոչ մի պատասխան չտվեց, քանի որ վշտացավ նոր հավատացածների համար, որովհետև դարձյալ տեղ եղավ չարի և այլազան հերձվածողների և անօրեն կախարդ Մարկիոնի համար:
Այնժամ սուրբ Մարուգեն [մարդ] ուղարկեց սուրբ Հակոբի մոտ, որ տղային բժշկելու համար իր վանքը գա, որովհետև Աստված նրան այդ հիվանդությունը բժշկելու շնորհ էր տվել: Եվ երբ սուրբ Հակոբը լսեց երեխայի մասին, շտապ ելավ-գնաց: Նրա հետ էին քաղաքի իշխան եպարքոսը, որ Պողոսի եղբայրն էր, նաև քաղաքի այլ մեծամեծներ, [որ գալիս էին] տղային հուղարկավորելու համար: Եվ երբ եկավ սուրբ Հակոբը, հրամայեց հնչեցնել զանգերն ու ժողովել կրոնավորներին և իր սուրբ բազուկներին առնելով մանկանը, նրան դրեց բեմի աստիճաններին, իսկ ինքը խոնարհվելով ծնկի իջավ և աղոթելով ասում էր. «Տե՛ր Հիսուս, բարի բժիշկ և մեր հիվանդացած բնության ողջացնող: [Դու], որ մեզ` մահվան մահիճն ընկածներիս, կանգնեցրիր գահավիժումից և խոստացար տալ անվախճան կյանք, [Դու], որ ձայն արձակեցիր Ղազարի գերեզմանի մոտ և մահվանը հրամայեցիր վերադարձնել մեռյալներից չորս օրվա մեռածին և կենդանացրեցիր նրան: Այո՛, Տե՛ր, այսօր լսի՛ր Քո նվաստ ծառայի պաղատանքները և կենդանության բեր այս պատանուն, և այն, ինչ արեցիր Եղիսեի և Եղիայի միջոցով, այսօր շնորհի՛ր և մեզ, ոչ թե մեր արժանիքների համար, այլ Քո սուրբ անվան, որ փառավորվի, և Եկեղեցին Քո բարձրարարվի, և Քո սուրբ Խաչը քարոզությամբ պայծառանա բոլոր ազգերի, ցեղերի և լեզուների մեջ, որպեսզի բոլորը, որ մոլորվել ու սխալվել են, իմանան, որ Դու ես ճշմարիտ Աստվածը, որ սպանում և ապրեցնում ես, իջեցնում ես դժոխք և հանում այնտեղից: Ապրեցրո՛ւ այսօր այս պատանուն և կեցություն տո՛ւր, Տե՛ր Աստված, լսի՛ր Քո ծառայի պաղատանքները»:
Եվ երբ ավարտեց աղոթքը` արցունքներ հոսեցին սրբի աչքերից, մինչև որ սուրբ սեղանի առաջ գետինը թրջվեց: Եվ վերցրեց կավը, որ արցունքով թրջված [հողն] էր, դրեց պատանու պարանոցին, և մանուկը շարժեց կրծքին դրած ձեռքը: Եվ սուրբ Հակոբը, պինդ բռնելով տղայի ձեռից, ասաց. «Հովհաննե՛ս, որդյա՛կ, ե՛կ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով ոտքի ե՛լ»: Եվ նույն պահին տղան աչքերը բացեց և տեսավ սրբին և ժողովրդին: Եվ [սուրբը] նստեցրեց նրան աստիճանին և ինքը ուրախալից սրտով օրհնում էր Աստծուն ու գոհանում, փառավորում էր այդպիսի շնորհներ տվողին: Իսկ եպարքոսն ու ամբողջ ժողովուրդը, երբ այս տեսան, մեծ ահի մեջ էին և պատկառում էին սրբի տեսքից, որովհետև ոչ թե իբրև մարդ էին տեսնում, այլ իբրև Աստծու հրեշտակ: Եվ միաբան աղաղակեցին և ասացին. «Սո՛ւրբ, սո՛ւրբ, սո՛ւրբ, [երկնայի՛ն] զորությունների Տեր, ամբողջ երկիրը լի է Քո փառքով»: Եվ [սուրբը], բռնելով մանկան ձեռքից, նրան հորն ու մորը տվեց, իսկ նրանք աղաչում էին, որ տղային իր մոտ պահի: Իսկ նա ասաց. «Պետք չէ տղային թողնել մոտս, որովհետև փոքր է: Կուսուցանեմ նրան, երբ երիտասարդության տարիքի հասնի»: Եվ այդ օրը մեծ տոն և ուրախություն եղավ, և օրն անցկացրեցին առանց որևէ բան ճաշակելու: Իսկ հաջորդ օրը, եկեղեցի մտնելով, պատարագ մատուցեցին և բաժանեցին փրկական խորհուրդը: Իսկ պատարագից հետո սուրբ Հակոբը հրամայեց միայն աղ և հաց ճաշակել, որովհետև նրանց մտքից դուրս չէր գալիս սքանչելիքը, որ տեսան: Այնժամ Մարուգեի և եղբայրների կողմից օրհնվեցին Պողոսն ու իր կինը, և նրանց որդին, որին սուրբ Հակոբի միջոցով Տերը հարություն տվեց մեռյալներից:
Եվ ելնելով` սուրբ Հակոբը եպարքոսի և ժողովրդի հետ քաղաք գնաց: Եվ սքանչելիքի և պատանու հարության մասին լուրը տարածվեց քաղաքի շուրջը եղած գավառների բոլոր կողմերում, և ովքեր դրսում առնում էին լուրը, օրհնություն էին մատուցում Աստծուն` այդպիսի շնորհներ տվողին: Եվ երբ սուրբը մոտենում էր քաղաքին, միահամուռ նրա առաջ դուրս եկան տղամարդիկ և կանայք, ծերերն ու երեխաները, և հերթով, խումբ-խումբ գալիս էին նրա մոտ: Եվ պես-պես ցավերով հիվանդացածները նրա ոտքն էին ընկնում, և նա բժշկում էր բոլորին: Քանի՜ կիսանդամ ապաքինվեց, և քանի՜ ախտաժետ առողջացավ, որովհետև անմիջապես բժշկում էր: Եվ որովհետև բոլորի անունները չգիտեմ, դրա համար ավելորդ համարեցի գրել ճառումս, և ոչ էլ մեկը մյուսի հետևից շարադրեցի հրաշքներն ու աննկարագրելի գործերը և խստամբերությունը Աստծու ընտրյալի:
Իսկ եպարքոսը Կոստանդիանոս բարեպաշտ թագավորին գրեց նշանների և սքանչելի գործերի, ինչպես և իր եղբորորդու հարության մասին, որ Քրիստոսի և Սուրբ Հոգու զորությամբ եղան սուրբ Հակոբի միջոցով: Իսկ Կոստանդիանոս Մեծը վերցնելով ընթերցեց նամակը և գոհացավ Աստծուց և այսպես պատասխան գրեց եպարքոսին. «Կենդանի Աստծու ընտրյալ ծառաները երեքն են, որ մեր ժամանակներում փայլում են աշխարհում: Եվ որպես հաստատության սյուներով, աշխարհը կանգուն է նրանցով: Եվ որպես ջահ լուսավոր փայլեցին տիեզերքում և լուսավորեցին մարդկանց խավարած մտքերը: Եվ սրբեցին որոմը, որ սերմանել էր չար մշակը, և ցանեցին բարի սերմը` Քրիստոսի վարդապետությունը: Սրանք պանդուխտ են և աղքատ ու օտար` աշխարհին: Եվ բազում պարգևներ ստացան. Անտոնը` Եգիպտացիների երկրում, Սեղբեստրոսը` Հռոմում և մեր երկրում, և Հակոբը` Մծբին քաղաքում, որ Միջագետքում է: Նրանց հիշատակն օրհնությամբ լինի, և նրանց աղոթքը` բոլոր արարածների վրա: Արդ աղաչում եմ նրանց և խնդրում, որ աղոթեն մեզ համար և խնդրեն Տիրոջից, որպեսզի Իր ողորմության հովանու ներքո պահի մեր թագավորության իշխանությունը, և վերջին օրերին, երբ Քրիստոսի ողորմությունը ծագի, մեզ արժանի անի նրանց հետ ամենասուրբ Երրորդությանը փառք մատուցելու»:
Եվ այս ամենից հետո սուրբ Հակոբը դուրս եկավ իր վիճակից, շրջում էր` տեսնելու քրիստոնեության տունկը և քարոզում էր արքայության Ավետարանը և հաստատում ճշմարիտ հավատքի մեջ: Եվ մի աղբյուրի մոտ աղջիկների տեսավ, որ հանդերձներն էին լվանում: Եվ երբ տեսան երանելիին, չպատկառեցին նրա երեսի փառքից և չծածկեցին իրենց սրունքներն ու գլուխները, այլ անամոթաբար նրա երեսին էին նայում: Եվ սա լրբություն թվաց սրբին, և կամեցավ խրատել նրանց. անիծեց աղբյուրը, և [այն] անմիջապես ցամաքեց, և նրանց մազերը սպիտակեցրեց: Եվ երբ աղբյուրը ցամաքած տեսան և իրենց մազերը` սպիտակած, սրբի հետևից գնալով` ոտքերն էին ընկնում և աղաչում վերադառնալ և աղբյուրից ջուր բխեցնել: Եվ նա վերադարձավ, աղոթեց, և ջուրը բխեց ինչպես նախկինում: Սակայն աղջիկների մազերը չսևացրեց, որ այդ տեսնելով` Աստծուն չմոռանան:
Եվ մի քաղաք գնալով` տեսավ, որ երկու եղբայրների գործով դատավորն անիրավությամբ է դատաստանն անում: Եվ կամեցավ հանդիմանել նրա անիրավությունը. Անիծեց վեմը, որ դատավորի առջև էր, և [այն] անմիջապես ընկնելով` փշրվեց նրա առջև, և բոլորին, ովքեր այնտեղ էին, ահը պատեց: Եվ դատավորը, այդ տեսնելով, արդար դատաստան արեց: Եվ սրանով իր Տիրոջը նմանվեց սուրբ Հակոբը. մեր Տերը չանիծեց խաչ հանողներին, այլ թզենին անիծեց, որ թուզ չտա, և սրանով սովորեցրեց իր աշակերտներին: Եվ սուրբ Հակոբը դրանով նմանվեց իր Տիրոջը. ոչ թե անիրավ դատավորին անիծեց, այլ վեմը փշրելով արդարության կողմը դարձրեց դատավորին:
Եվ այն օրից, ինչ կոչվեց եպիսկոպոսության, ո՛չ իր կերակուրը փոխեց, և ո՛չ հանդերձները. երկիրը փոխեց, բայց վարքը չփոխեց:
Եվ հետո մի քաղաք գնաց, ուր աղքատներ կային, և մեկին մեռած ձևացրեցին, և գալով աղաչեցին սրբին, որ իրենց մի բան տա, որ թաղեն: Եվ ձեռքը նրա վրա դնելով` նրա համար մեղքերի թողություն խնդրեց: Եվ երբ տեր Հակոբը մի քիչ հեռացավ նրանցից, ընկած ընկերոջը ձայն տվեցին և նրան մեռած տեսան: Եվ գնացին սրբի ետևից և աղաչում էին նրան վերադարձնել ընկերոջ հոգին: Եվ ասում էին. «Աղքատության պատճառով արեցինք, թողություն տուր մեզ»: Իսկ նա վերադարձավ, աղոթեց և հարություն տվեց մեռյալին: Այս սքանչելիքը նմանվեց Պետրոս առաքյալի արածին, որ եղավ Անանիայի և Սոփիայի հետ, երբ գողացան լումաները և ստեցին, և նրանց վրա եկավ մահվան պատիժը (Գործք Ե. 1): Նույնպես և երանելին` աղքատի պարագայում, որի ճշմարիտ կյանքը մահվան փոխեց: Բայց երանելի Պետրոսին ազդ եղավ Սուրբ Հոգուց նրանց վրա մահվան վճիռ կայացնելու, իսկ այս երանելին չգիտեր աղքատների մտածածը: Աղոթեց Աստծուն աղքատի մեղքերի քավության համար և չիմացավ նրա մեռնելը: Իսկ Աստված սրբի աղոթքը արդյունավորեց` մահ բերելով ողջին և չմերժեց սրբի պաղատանքը: Իսկ երանելի առաքյալը մահվան վճիռ կայացրեց նրանց վրա, որովհետև երկյուղածություն էր հարկավոր նրանց քարոզության սկզբում: Եվ այս երանելին, նմանվելով իր Տիրոջը, նրան կյանքի մեջ փոխադրեց:
* * *
Այժմ գամ նրա այլ սքանչելի գործերին ու համառոտ ասեմ և պատմեմ:
[Այդ ժամանակներում հայտնվեց] հերձվածողների առաջնորդ Արիոսը, որ հայհոյության հայր եղավ և հայհոյեց Միածնին և Սուրբ Հոգուն և իր լեզուն սրեց Աստծուն անարգելու [համար] և պղտորեց Եգիպտոսը իր չար ու դառն վարդապետությամբ:
Իսկ Կոստանդիանոս թագավորը, թո՛ղ նրա հիշատակը օրհնությամբ լինի, Զորաբաբելի պես հավատացյալ էր, որովհետև այդ ժամանակ օտարությունից ետ դարձրեց գերյալ հավատացյալներին և կառուցեց տաճարը, որ այլազգիները քանդել էին: Նա եպիսկոպոսներին հրամայեց հավաքվել և Նիկիա քաղաքում նախագահեց ժողովում, ուր հավաքվել էին երեք հարյուր տասնութ հայրապետները` Արիոսին կործանելու համար: Նրանց մեջ էր նաև երանելի տեր Հակոբը: Այնտեղ ժողովում ներկա էին նաև ոմանք, որ Արիոսի աղանդից էին, և այդ պատճառով Աքիլասը և Աղեքսանդրոսը աղաչում էին Արիոսի համար, որ կապանքներից ազատեն: Եվ երանելի Հակոբն ասես ժողովի նավավարը լիներ: Նա այլոց հետ որոշեց յոթ օր պահք պահել, որ Արիոսի վերաբերյալ որևէ նշան երևա: Եվ կիրակի օրը պատարագ մատուցեցին, և մեծ նշան երևաց Աստծուց. Արիոսը տեղ էր ման գալիս, որ մարմնի կարիքները հոգա, և կեղտի հետ աղիքներն էլ վայր թափվեցին, և գարշելին մեռավ այդ գարշ տեղում, որովհետև երանելի հայրապետի խնդրանքն ազդեց:
Եվ բոլորը գնացին իրենց տեղերը:
Երբ սուրբ Հակոբը վերադարձավ ժողովից, տեսավ որ քրիստոնեության տունկն ավելացել է, որոշեց եկեղեցի կառուցել: Եվ բարձրացավ սուրբ Մարուգեի մոտ` անապատ, և իրար ողջույն տվեցին: Սուրբ Հակոբն ասաց. «Խորհել եմ եկեղեցի կառուցել, եթե Տերը կամենա: Արդ, եկե՛ք իջնենք, որոշենք սրբության տեղը»: Եվ սուրբ Մարուգեն ասաց. «Արժա՛ն է իջնել, որովհետև աշխարհի արարչության յոթներորդ դարաշրջանը մերձ է: Ե՛կ, [դու] իջիր, և Տերը կառաքի Իր հրեշտակին և ցույց կտա քեզ տեղը, ուր պետք է կառուցել, որովհետև կուռքերի [պաշտամունքի] վայր է եղել, և անօրենության երգեր են լսվել: Այժմ, այդ երգերի փոխարեն, աստվածային երգեր կերգվեն այնտեղ և նրանում կպատարագվեն մեր Տեր Հիսուս Քրիստոսի մարմինն ու արյունը»: Սուրբ Հակոբն ասաց. «Թո՛ղ ձեր աղոթքները մեզ վրա լինեն, որպես և ասացիք»,- և ելնելով` քաղաքն իջավ: Եվ հավաքեց քաղաքի մեծամեծներին և գլխավորներին և ասաց նրանց. «Ո՞րտեղ կկամենայիք եկեղեցին կառուցել»: Եվ նրանք երեք, թե չորս տեղ ցույց տվեցին: Իսկ սուրբ Հակոբը մինչև գիշեր բան չասաց: Եվ երբ գիշերվա երրորդ ժամն էր, ելավ, վերցրեց յուղի շիշն ու դուրս եկավ իր խրճիթից: Եվ Տիրոջ հրեշտակը երևաց նրան և ողջունեց: Եվ սուրբ Հակոբը հարցրեց նրան. «Ո՞վ ես դու»: Եվ հրեշտակը նրան ասաց. «Ես եմ, որ Տիրոջ կողմից առաքվեցի, որպեսզի ցույց տամ եկեղեցու տեղն ու չափը»: Եվ երանելին չզարհուրեց հրեշտակի տեսքից, որովհետև բազմիցս ականատես էր եղել նման տեսիլների: Եվ հրեշտակը նրա հետ գնաց մինչև այն վայրը, ուր Անտիոքի արքայի կուռքերի տեղն էր եղել: Եվ [հրեշտակն] ասաց. «Սա է եկեղեցու տեղը»,- և ցույց տվեց սրբին [եկեղեցու] չափը:
* * *
Այն ժամանակ Երուսաղեմից եկավ սուրբ Մելես եպիսկոպոսը և տեսավ, որ սուրբ Հակոբն սկսել է եկեղեցի կառուցել, և ոչ սակավ բերկրանքով ուրախացավ [Մելեսը]: Եվ վաճառականներից, որոնք իր երկրից էին, փոխ առավ երեք հարյուր դահեկան, որովհետև իր հետ ոչինչ չուներ, բացի գավազանից և Ավետարանից, և [փոխը] տվեց իբրև օգնություն եկեղեցուն: Դրանից հետո բարձրացավ սուրբ Մարուգեի մոտ, որ նրան ողջունի և վերադառնա իր աթոռը: Եվ երբ սուրբը գնաց, հավաքվեց ողջ եղբայրությունը և ողջունեց նրան: Եվ երբ ողջունեցին իրար, սուրբ Մարուգեն ասաց. «Ո՜վ այրդ Աստծու, որ երբեք երեսպաշտ չես եղել: Ահա դու կգնաս Արևելյան երկիրը և այնտեղ կհանդիմանես Փիլիպպոսին, որ պատրիարք է նստել: Եվ որովհետև չի ընդունի քո խրատը, կնզովես նրան չարաչար, և կգոսանա նրա մի կողմը»: Այնժամ պատասխանեց նրան սուրբ Մելես եպիսկոպոսը և ասաց նրան. «Ողջունում եմ քեզ, [ո՜վ] ծեր սքանչելագործ, որ տեսել ես անիծյալ օձին և նրա ծնունդ[ներին] և նրա սատակումն ու կորուստը նրանից ծնվածների»: Իսկ Մարուգեն ասաց. «Ո՞րտեղից իմացար, եղբա՛յր, որ տեսել եմ այդ բաները»: Եվ սուրբ Մելեսն ասաց. «Նա, ով իմը հայտնեց քեզ, քոնը ինձ հայտնեց»: Սուրբ Մարուգեն ասաց. «Երանելի՜ ես, եղբա՛յր իմ Մելես: Մերձ է քո մարտիրոսության ժամանակը: Եվ Պողոսի նման, որ անօրեն Ներոնի ձեռքով նահատակվեց, դու ևս կհանդիմանես անօրեններին և կվկայես քո Տիրոջ համար և կստանաս փառքերի պսակը»: Եվ [սուրբը] մեզ հետ մնաց երկու օր, իսկ հետո բոլոր եղբայրներին հրաժեշտ տվեց, և վանքից դուրս ճանապարհեցինք նրան: Եվ ասաց մեզ. «Աղոթեցե՛ք, որ արժանի լինենք իրար տեսնելու Տիրոջ առջև, որովհետև այս կյանքում այլևս վիճակված չէ միմյանց տեսնել»:
Եվ երբ Մելեսն իջավ արևելքի (բն. Արեմացոց) քաղաքը, այնտեղ ինչ-որ բանի համար հանդիմանեց Փիլիպպոսին, որովհետև [վերջինս] բարությամբ չէր առաջնորդվում: Եվ [երբ խոսեցին], Փիլիպպոսն ասաց նրան. «Ո՞րտեղից ես այդ ամենն ասում»: Սուրբ Մելեսն ասաց. «Ընթերցի՛ր սուրբ Ավետարանը, և նա կսովորեցնի քեզ»: Եվ Փիլիպպոսը, ավետարանը ձեռքը վերցնելով, խիզախելով ասաց. «Խոսի՛ր, ավետարա՛ն, խոսի՛ր»: Այնժամ սուրբ Մելեսը, սաստելով նրան, ասաց. «Ո՛վ դու այր, քո Տիրոջն ես անարգում»: Եվ նզովեց Փիլիպպոսին, և չորացավ նրա աջ ձեռքը աջ կողմով հանդերձ, և ինչպես մարգարեի խոսքն է ասում. «Եվ այլևս բժշկություն չընդունեց»: Եվ սուրբ Մելեսը ելավ, գնաց իր երկիրը: Եվ շատերն էին աշակերտում նրան, և նրա միջոցով Տերը բազում բժշկություններ էր անում: Եվ երբ նա իր աթոռը հասավ, նրանից չարախոսեցին իշխանի առջև և ասացին. «Ահա սա մկրտեց մեր ողջ երկիրը»: Այնժամ իշխանը հրամայեց ձեռքերն ու ոտքերը կապած նրան բերել իր և հրապարակի [ժողովրդի] առջև: Երբ երանելիին կանգնեցրին դատավորի առջև, սկսեցին ամբաստանել նրան և ասել. «Ահա այս կախարդն է իր հավատով մկրտում մեր ուստրերին և դուստրերին»: Դատավորը հարցրեց նրան. «Ո՞ւմ հրամանով ես դու մկրտում հրեաներին և մոգերին»: Երանելին ասաց նրան. «Մենք ոչ մեկին չենք ստիպում, այլ Քրիստոսի վարդապետությունն ենք քարոզում, իսկ նրանք իրենց կամքով մկրտվում են»: Երբ իշխանն այս լսեց, չկարողացավ համբերել, լի ցասմամբ լցվեց և զայրացած ու կատաղած ոտքի ելավ և սուրը հանելով` զարկեց ու հանեց թիկունքից, և սուրը դուրս եկավ նրա աջ կողմից: Նույն պահին ոտքի ելավ նաև իշխանի եղբայրը ու գազանաբար հարձակվեց և ձախ կողմից խոցելով` սուրը հանեց թիկունքից և դուրս քաշեց: Եվ ասաց սուրբ Մելեսը. «Իրար ձեռքից եք սատկելու [օրվա] նույն պահին, երբ ինձ սպանեցիք»: Եվ եղավ` որպես երանելին ասել էր: Հաջորդ օրը երկուսը երիվար նստեցին` որևէ բան որսալու: Եվ ահա մի այծյամ երևաց նրանց: Եվ մեկն այծյամի աջ կողմից ընթացավ, իսկ մյուսը` ձախ. և իրար դիմաց էին: Եվ լարելով իրենց աղեղները` նետերն արձակեցին, սակայն այծյամը չվնասվեց, [մինչդեռ] նրանք իրար նետահարելով սատկեցին և ընկնելով երիվարներից` չարաչար մեռան: Եվ նրանց նկատմամբ կատարվեց մարգարեի խոսքը, որ ասում է. «Նրանց սրերը կմտնեն նրանց սրտերը, և կփշրվեն նրանց աղեղները» (Սաղմ. ԼԶ. 15): Եվ սուրբ Մելեսին մեծ պատվով թաղեցին, և սուրբ Մարուգեի խոսքի համաձայն, որ նախապես մարգարեացել էր, ի Տեր մեր Հիսուս Քրիստոս ընդունեց անթառամ փառքի պսակը: Թո՛ղ նրանց հիշատակը օրհնությամբ լինի, և նրանց աղոթքը միշտ լինի բոլոր հավատացյալների վրա:
* * *
Արժան է մեզ չծուլանալ և պատմել սուրբ Հակոբի մյուս գործերն ու սքանչելիքները:
Այդ ժամանակ սուրբ Հակոբը մտադրվել էր գնալ այնտեղ, ուր իջել էր տապանը, դեպի լյառն Արարատ: Մշտապես աղոթում էր և խնդրում Տիրոջից, որ իրեն ցույց տա [տեղը] տապանի, որով եղավ նորոգումը երկրի վրա: Եվ գնաց սուրբ Մարուգեի մոտ, որ համոզի իր հետ գնալ: Սակայն նա հանձն չէր առնում, Հակոբին ասելով իր ծերության և մարմնի անկարության մասին: Եվ ասաց սուրբ Հակոբին. «Չկասեցնե՛ս մտածածդ և չծուլանա՛ս. կկատարվի ինչ որ կամենում ես: Տերը քեզ մոտ կուղարկի Իր հրեշտակին, և նա ցույց կտա քեզ ինչ որ Տիրոջ կամքն է. հրեշտակն իր ձեռքը կտանի երկրի ծոցը և քո գործի համար այնտեղից մի փայտ կհանի»: Եվ սուրբ Հակոբն անհապաղ ձեռնարկեց իր ճանապարհորդությունը դեպի լեռը: Եվ երբ հասավ լեռան ստորոտին, Տիրոջ հրեշտակն սկսեց առաջնորդել նրան: Եվ որոշ օրեր սուրբն անցկացրեց աղոթքներով և ննջեց: Եվ Տիրոջ հրեշտակը տախտակի մի կտոր վերցնելով բերեց-դրեց սրբի գլխի տակ և ասաց տեսիլի մեջ. «Պետք չէ, որ որևէ մեկը տեսնի տապանը: Համաձայն քո փափագի վերցրո՛ւ տախտակը և գնա՛ քո տունը»: Եվ երբ [երանելին] քնից զարթնեց, մեծ ուրախությամբ վերցրեց տախտակը և գոհացավ Աստծուց: Եվ ճանապարհ բռնեց դեպի տուն: Եվ եկավ սուրբ Մարուգեի մոտ` անձավն, ուր բնակվում էր: Եվ պատմեց նրան լեռան մասին, ուր տապանն էր: Եվ [Մարուգեն] փայտը ձեռքն առնելով` համբուրում էր և օրհնում Աստծուն և Հակոբի երկայնամտությունը: Եվ ասաց. «Սա մեզ արեց իբրև քարոզ, որ տեսնեն և հեռանան իրենց չարիքներից»: Իսկ սուրբ Հակոբը, տախտակը վերցնելով, գնաց քաղաքն իր, վանք կառուցեց և փայտն այնտեղ դրեց:
* * *
Այդ ժամանակներում մեծ և հրաշալի Կոստանդիանոսը հեռացավ աշխարհից, և թագավորության աթոռին նրան հաջորդեցին իր որդիները: Իսկ Պարսից Շապուհ արքան արհամարհեց թագավորի որդիներին, ասելով. «Նրանք չեն կարող լինել ինչպես իրենց հայրն էր»: Եվ ելնելով` անթիվ [հեծյալ] զորքով և հետևակով ու բազում փղերով եկավ Միջագետքի երկիրը, Մծբին քաղաք` պատերազմելու: Եվ իր զորքը չորս [մասի] բաժանեց և շրջապատեց քաղաքը: Եվ բազմահնար խորամանկություններով ջանում էր քաղաքն ավարի առնել, իսկ բնակիչներին սրի ճարակ դարձնել և գերեվարել մանուկներին ու կանանց: [Նա] մի աշտարակ կառուցեց և վրան բարձրացրեց աղեղնավորների և վահանավորների: Եվ բազում նետեր էին արձակում քաղաքի վրա և վիրավորում մարդկանց: Սակայն Շապուհը չկարողացավ [քաղաքը գրավելու] հնար գտնել, որովհետև ինչ [խորամանկություն] մտածում էր, սուրբ Հակոբի շնորհով բացահայտվում էին Շապուհի խորհածները: Շապուհը նորից ու նորից հնար էր փնտրում, թե ինչպես կարող է գրավել քաղաքը: Եվ հրաման տվեց իր զորքերին, որ փակեն գետի հունը և հոսեցնեն պարիսպների տակով: Եվ արեցին որպես հրամայեց: Եվ ջուրը քաղաքի պարիսպների տակ հոսելով` սկսեց խարխլել պարսպի հիմքերը, և տեղ-տեղ պարսպի հատվածները փլվեցին: Եվ պարսկական զորքն սկսեց աղմկել թե` «Հաղթեցինք»: Եվ քաղաքի բնակչությունը մեծ վտանգի և տարակուսության մեջ էր: Իսկ սուրբ Հակոբը, երբ տեսավ Շապուհի և նրա զորքի հանդգնությունը, անկարող էր համբերել: Սկսեց աղոթել առ Աստված և հնար էր խնդրում, որ կարողանան փրկվել անօրենների ձեռքից: Եվ Աստված լսեց նրա աղաչանքները: Իսկ երանելի Հակոբը նզովեց Շապուհին և նրա զորքը: Եվ հանկարծակի նրանց վրա եկան չվող մորեխներն ու մոծակները, իշամեղուներն ու մժեղները: Հակոբն աղոթեց, և Աստված լսեց նրան որպես Մովսեսին: Եվ պարսիկների երիվարներն ու փղերը մոծակների և կրետների բազմության պատճառով չէին կարողանում տեղում կանգնած մնալ, այնքան որ երիվարներից շատերը սատկեցին, իսկ մյուսները, սանձերից ազատ վելով, այս ու այն կողմ էին փախչում: Եվ աստվածառաք հարվածներից մեծ վտանգի մեջ էր պարսից բանակը: Այդ ժամանակ այրն Աստծու Հակոբը դուրս էր եկել և շրջում էր պարիսպների վրա, և գալով Շապուհին հանդիման` նստեց: Եվ վերցրել էր փայտը, [որ հրեշտակն էր դրել] իր գլխի տակ: Եվ նա Շապուհին երևաց իբրև մի թագավոր, որ ծիրանի է հագել: Իսկ նրա շուրջը, իբրև մարդկանց զորք, հրեշտակների զորքերն էին երևում: Եվ երբ Շապուհ արքան տեսավ, նրա հոգին խիստ խռովվեց, երկյուղի և դողի մեջ ընկավ: Վրդովվեց և բարկությամբ հրամայեց մոտը կանչել նրանց, որ իրեն խորհուրդ էին տվել արշավել: Նրանց վրա մահվան վճիռ կայացրեց, իսկ ինքը զորքով հանդերձ թողեց-գնաց իր երկիրը:
Եվ այս սքանչելիքը Աստված ցույց տվեց Երկրորդ Եզեկիայի միջոցով, որովհետև ինչպես վերջինս իր աղոթքներով Երուսաղեմը փրկեց Ասորեստանի թագավորի ձեռքից, նույն կերպ և սուրբ Հակոբն իր աղոթքներով փրկեց քաղաքը Պարսից արքայից: Եվ ես կասեմ` ավելին էր, քան Եզեկիան, որովհետև ամբարիշտն ու բռնակալը, որ ամբարտավանությամբ գոռոզացել էր, իր բազմահնար մեքենայություններով չկարողացավ հաղթել, [կամ] կործանել պարիսպը: [Սքանչելիքը] զարմանալի էր նաև նրանով, որ սուրբ Հակոբի անեծքն անհապաղ կատարվեց: Եվ Հակոբը չխնդրեց զորքի վրա հուր թափել, որպես Եղիասն էր [խնդրել], որովհետև լսել էր Տիրոջ խոսքը, որ ասել էր Հակոբոսին և Հովհաննեսին, երբ նրանք նույնպես խնդրել էին հուր թափել. «Չգիտեք ի՛նչ հոգուց եք դուք» (Ղուկ. Թ. 55),- որի համար Տերը չոչնչացրեց անօրենների բանակը, այլ նրանց անզոր ճանճերով խոցոտեց և փախուստի մատնեց:
* * *
Իսկ Մանաճիհր Ռշտունին Մծբինի շուրջ եղած գյուղերից [բազում] գերիներ վերցրեց, [որոնց թվում] երեցներ և սարկավագներ կային: Եվ նրանց տարավ Ռշտունիների սահմանի մոտ գտնվող բերդը, որ Մանազկերտ է կոչվում: Եվ սուրբը ելավ-գնաց Ռշտունիների իշխան Մանաճիհրի ետևից և պահանջում էր երեցներին ու սարկավագներին, ինչպես և մյուսներին: Իսկ Մանաճիհրը հանձն չէր առնում կատարել սրբի խնդրածը, այլ իր ամենաչար բնավորության համաձայն` արդարության թշնամին և պիղծը հրաման տվեց իր զորքերին ջրապտույտի վայրում ծովահեղձ անել երեցներին և սարկավագներին: Իսկ սուրբ Հակոբը, տեսնելով չարի գործերը, խռովվեց և ցասումով լի` ելավ տրտմությամբ գնաց Մանաճիհրի երկրից և եկավ հասավ Աղձնյաց գավառի մոտ` Երկաթահատների ձորը և այնտեղ հանգստացավ: Եվ սուրբը ծարավեց, որովհետև ամառ էր, և արևն իր տապով կիզում էր ամեն բան: Եվ երանելին ջուր բխեցրեց, որ զովանան ինքն ու իր հետինները: Եվ եկավ մի բարձրավանդակ տեղ և տեսավ Ռշտունյաց երկիրը և ջրահեղձ արված մարդկանց համար անիծեց Մանաճիհրին, նրա երկիրն ու նրա զորքերը: Եվ ինքը վերադարձավ, գնաց իր երկիրն ու այնտեղ մնաց: Եվ բազում դժվարություններ ու նեղություններ կրեց տեր Հակոբը և բազում հրաշքներ գործեց և այսպես անցկացրեց կյանքի բոլոր օրերը և սակավ օրեր անց ննջեց և փոխադրվեց այս աշխարհից դեպի հանդերձյալը, դեպի փափագելի օթևանները:
Եվ Հակոբի մահվանից հետո Մծբինից պակասեցին Հռովմայեցիների զորքերը, և Պարսից արքան գալով գրավեց` ոչ թե կռվով, այլ սիրաշահելով: Իսկ Ռշտունյաց երկիրը, որն անիծել էր սուրբը, մեծ հարվածներ ստացավ Տիրոջից, և երկիրը կիսվելով պատռվում էր` մարդկանց կարիքների և անասունների համար դալար բույսեր չբուսեցնելով, և այգեստանների տունկերը խաղողի փոխարեն փուշ էին պտղաբերում:
Դրանից հետո Սուրբ Հոգին ազդարարեց խարազանազգեստներին, որ Ռշտունյաց երկիրն օրհնելու հնար չի լինի, մինչև չգնան-չբերեն սուրբ Հակոբի նշխարներից մի մաս: Եվ նրանք գալով պատմեցին մեզ, ինչ որ եղել էր իրենց երկրում, և նրանց հետ կատարված դեպքերի համար մենք ողորմություն արեցինք: Եվ նշխարներից մի մաս վերցնելով` տվեցինք նրանց, իսկ նրանք վերցնելով մեծ ուրախությամբ գնացին իրենց երկիրը, այն տեղը, որ մերձ է Աղձնյաց աշխարհին: Եվ այնտեղ են պահվում սրբի մասունքները մինչև այսօր, և նրա միջոցով բազում բժշկություններ են լինում ի փառս Աստծու:
Այս պատմեցի Աստծու այր սուրբ Հակոբի մասին, ինչպես և գրեցի սուրբ Մարուգեի և Մելես եպիսկոպոսի մասին, որ նրանց աղոթքներն ու օրհնությունը մեզ օգնության հասնեն:
Ավարտվեց Աստծու այր, Մծբինի սուրբ Հակոբ հայրապետի կյանքի և սքանչելագործությունների [պատմությունը], ու նրա հետ նաև խարազանազգեստ կրոնավոր սուրբ հայր Մարուգեինը և Պարսից եպիսկոպոս սուրբ Մելեսինը. ի փառս Աստծու. հավիտյանս հավիտենից. ամեն:
Վարք Սրբոց, Հատոր Գ, Ս. Էջմիածին – 2010թ.