5 Դեկտեմբեր, Եշ
Ուխտավորի ուղին քրիստոնյայի համար հնարավորություն է հոգեպես հարստանալու, վերանորոգվելու, վեր բարձրանալու առօրյա կյանքից և հոգսերից՝ մոտենալով այն սրբություններին, որ շաղախված են բազմադարյան աղոթքով: Մյուս ուղիներից տարբերվող այս ուղին անցնում է խոկման, աղոթքի և շարականների երգեցողությամբ: Եվ հենց այս ուղին՝ աղոթքի ճանապարհը, միասին անցնելու մեծ ցանկությամբ էլ հոկտեմբերի 11-ին Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքը՝ այս անգամ թվով 75 ուխտավորներ խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի առաջնորդությամբ ճանապարհ անցան դեպի Հայաստանի հյուսիս՝ Գուգարաց թեմի սրբավայրեր: Ուխտավորների մեջ էին նաև «Զորավոր» երիտասարդաց հոգևոր միության անդամները: Այս ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար ուխտագնացությունն իմաստավորվել էր տարբեր նպատակներով. Տիրոջը փառաբանել, մեղքերի թողություն խնդրել, հոգեպես զորանալ, հոգու և մարմնի առողջության արժանանալ կամ էլ որևէ խոստում կատարել:
Աղոթքի ճանապարհի մի մասն անցնելով՝ ուխտավորներն կանգ առան Կիրովականի 1931 թ-ին կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցում՝ մասնակցելու Սուրբ և Անմահ Պատարագին: Տիրոջ կենարար Մարմնի և Արյան ճաշակումով զորացած ուխտավորները շարունակեցին իրենց ուղին դեպի Դսեղ, որտեղ այցելեցին Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, եղան Հովհաննես Թումանյանի անվան տուն-թանգարանում: Ուխտավորին աղոթքի էր կոչում նաև Լոռվա հրաշք բնությունը:
Դսեղ գյուղի սարերից մեկի լանջին գտնվող Սբ. Քառասնից մանկանց խոնարհված սրբավայրը հասնելու համար ուխտավորները հաղթահարեցին քարքարոտ և դժվարանցելի ճանապարհը՝ իրենց մտքին և շուրթերին ունենալով սրբերի բարեխոսությունը: Այս սրբավայրում միասնական աղոթքից հետո Տեր Վահանը մաղթեց ուխտավորներին, որ Տերն ի կատար ածի բոլորի ուխտը. «Մենք այստեղ ենք, որովհետև այս եկեղեցու սրբությունը կանչում է մեզ, այն մեր մտքի և գիտակցության մեջ է: 12-րդ դարում կառուցված այս սրբավայրը մեզ հավատք և հույս է ներշնչում, սեր է արթնացնում մեր մեջ: Խաչքարերը և այս վայրում կառուցված եկեղեցին, որ թեև խոնարհվել է, խոսուն վկաներն են մեր պապերի հավատի, սիրո և նվիրումի: Այդ հավատքի կրողներն այսօր մենք ենք, որ խնդիր ունենք մեր հավատքի տաճարն ամուր պահելու, որպեսզի այն չքանդվի: Եվ հավատքի ամուր տաճարի շնորհիվ էլ վստահ լինենք, որ մի օր այս եկեղեցին կվերակառուցվի»:
Դսեղի Սբ. Գիրգոր Լուսավորիչ եկեղեցում երեկոյան ժամերգությանը մասնակցելուց հետո ուխտավորներն օրվա օրհնությամբ զորացած վերադարձան Երևան:
Յուրաքանչյուր ուխտագնացությամբ ուխտավորը, ով Աստծո պատկերն է կրում իր մեջ, ձգտում է հաղորդակցվելու այն աշխարհին, որ ռեալ գոյություն ունի թե՛ հավիտենության և թե՛ ֆիզիկական տարածության մեջ: Եվ Աստված, տեսնելով դեպի Իրեն ձգտելու մեծ ցանկությունը, ողորմում է, օրհնում և պահպանում զինվորյալ եկեղեցուն, հաղթանակած եկեղեցու՝ սրբերի բարեխոսությամբ:
Կարինե Սուգիկյան