Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական սիրով Մեր օրհնությունն ենք բերում և շնորհավորում բոլոր կրթօջախների սաներին ու մանկավարժներին, կրթության գործում ներգրավված բոլոր պատասխանատուներին։

Սիրելիներ, սկսվում է ևս մեկ ուսումնական տարի` գիտելիքների ամբարման ու արժեքների ճանաչման, հոգևոր ու մտավոր հասունացման, նոր ձգտումների ու ջանադրության ժամանակամիջոց, որը նախաշավիղն է մեր երկրի զարգացման ու առաջադիմության։ Արդարև, իր լուսավոր ապագային նայող ամեն ժողովրդի և հասարակության  համար ուսումն ու կրթությունը առաջնահերթ նպատակներ են։ Այդպես է դարերով ընկալել նաև մեր ժողովուրդը՝ նեղություններով լի ժամանակներում անգամ վառ պահելով իմացության ու կրթության ջահը։ Այս համոզումը առավել պիտի առաջնորդի մեզ այսօր, երբ մեր կյանքը խռովված է պատերազմի ծանր հետևանքներով, երբ աշխարհն ալեկոծվում է իրարամերժ ընթացքներով։ Ներկա մարտահրավերների առջև առավել քան անհրաժեշտ է արդիական կրթության ապահովումը՝ խարսխված ազգային և հոգևոր մեր արժեքների վրա, որպեսզի մեր զավակները հարազատ մնան իրենց ինքնությանը և աստվածային պատգամների կենսագործմամբ կառուցեն իրենց կյանքն ու ապագան մեր հայրենիքի։ «Տունը շինվում է իմաստությամբ և հաստատվում խոհեմությամբ, և գիտությամբ շտեմարանները լցվում են ամենայն հարստությամբ ու պատվական բարիքներով» (Առակ․24․ 3-4)։

Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Աստված լուսավոր պահի մեր կրթօջախները, օրհնի մանկավարժներիդ աշխատանքը` կրթելու մեր ժողովրդի արժանավոր զավակներ և պարգևի ձեզ ուժ ու եռանդ ձեր նվիրական առաքելության մեջ։ Սիրելի սաներ, զորացեք ջանասիրությամբ, քաջարթուն մտքով ու հոգով և ձեր ուսուցիչների առաջնորդությամբ ու միասնական ջանքերով ուսումնական տարին առատ դարձրեք արդյունքներով, որոնք պիտի լուսավորեն ձեզանից յուրաքանչյուրի և մեր ողջ ժողովրդի ճանապարհը ու ծառայեն աստվածպարգև մեր հայրենիքի զորացմանն ու առաջընթացին:

Թող Աստված Իր Ամենախնամ հովանու ներքո խաղաղության մեջ առատապես օրհնի ու հանապազ պահպանի մեր հայրենիքն ու ժողովրդին: 

           

Օրհնությամբ`

 

ԳԱՐԵԳԻՆ Բ

  ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

 

01.09.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․