Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության,

Բարեկամ պետությունների պատվարժան Նախագահներ և պետական այրեր,

Քույր Եկեղեցիների հոգևոր Պետեր և բարեջան եկեղեցականներ,

Միջազգային և միջեկեղեցական կազմակերպությունների մեծարգո ներկայացուցիչներ,

Մեծապատիվ հյուրեր և սիրելի բարեպաշտ ժողովուրդ.

Նվիրական և պատմական օր է այսօր: 100-րդ տարելիցն է Հայոց Ցեղասպանության: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում վերստին համախմբվել ենք ոգեկոչելու մեր սուրբ նահատակների հիշատակը:

Հոգևոր մխիթարություն է հայրենաբնակ և աշխարհասփյուռ մեր ժողովրդի և Մեզ համար, որ բյուրավոր մեր նահատակների հիշատակի արարողությանը Ձեր ազնիվ մասնակցությունն եք բերում պատվարժան Նախագահներ բարեկամ պետությունների, սիրեցյալ հոգևոր Պետեր և սպասավորներ քույր Եկեղեցիների, պետական, հասարակական և միջեկեղեցական կառույցների բարձրապատիվ ներկայացուցիչներ: Մեր երախտագիտությունն ենք հայտնում Ձեզ և Ձեր երկրների ժողովուրդներին ու իշխանություններին` մեր ժողովրդի հանդեպ դրսևորած հարգանքի համար:

Օսմանյան Թուրքիայի կողմից 20-րդ դարասկզբին իրագործված Հայոց Ցեղասպանությունը մեր նորագույն պատմության մեծագույն ողբերգությունն է, որը համարժեք գնահատական և դատապարտություն չստանալով` նախադեպ դարձավ նոր ոճրագործությունների: Գոհություն Աստծո, ներկայիս Հայոց Ցեղասպանությունը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է. գտնում է ճանաչում և դատապարտություն: Մեր ներկայությունն այստեղ ընդգծում է մեր պատասխանատվությունը սերունդներին ավանդելու բռնություններից ու եղեռնագործություններից զերծ խաղաղ ու ապահով աշխարհ:

Աստծո օրհնությամբ երեկ կատարեցինք սրբադասումը Ցեղասպանության տարիներին վասն հավատո և վասն հայրենյաց իրենց կյանքը զոհաբերած զավակների մեր Սուրբ Եկեղեցու: Այսօր Արարատահայաց այս բարձունքից, ուր լուսազգեստ հոգիներն են մեր նահատակների, և սրբությունն է մեզ վրա հովանի, բարեխոսական աղոթք ենք վերառաքում երկինք` աղերսով աշխարհին խաղաղություն, մարդկանց մեջ` սեր և համերաշխություն: Մեր սուրբ նահատակները այսօր պատգամ են բերում մեզ և կոչում լինելու առաքյալներ, առաքյալներ` արդարության, դատապարտելու եղեռնագործությունները մարդկության դեմ` ցեղասպանությունները, ահաբեկչությունները, մարդու և ազգերի իրավունքների ոտնահարումները: Մարդասիրության, արդարության ու խաղաղության հովանավոր մեր սուրբ նահատակները կոչում են մեզ լինելու առաքյալներ ճշմարտության` ընդդեմ կեղծիքի քարոզչության ու տարածման, մերժելու ժխտողականությունը, հաղթահարելու անհանդուրժողականությունն ու անտարբերությունը:

Ցեղասպանության դառն հիշողությունները 100 տարիների ընթացքին չարությամբ ու ոխակալությամբ չեն մթագնել մեր ժողովրդի հոգին: Մեր վշտին ատելություն չի խառնվել, սակայն եղել ենք անհաշտ խարդավանքների, մեր պատմության խեղաթյուրման հանդեպ, եղել ենք աննահանջ` ճշմարտության պայքարի մեր ճանապարհին: Մեր ժողովուրդն այսօր շարունակում է ապրել շրջափակման և պատերազմի վտանգի պայմաններում, դիմակայում դժվարությունների և իր իրավունքները պաշտպանում մարդու և ազգերի իրավունքների գերակայության հավատով:

Մեր սուրբ նահատակների հիշատակի առջև վերստին երախտագիտություն ենք հայտնում Հայոց Ցեղասպանությունը ճանաչած ու դատապարտած երկրներին, պետական, կրոնական ու հասարակական կառույցներին ու կազմակերպություններին, նաև` բոլոր պետություններին, ժողովուրդներին ու անհատներին, ովքեր Ցեղասպանության դժնդակ տարիներին օգնության ձեռք մեկնեցին և ապաստան տվեցին մեր ժողովրդի զավակներին:

Հայրապետիս աղոթքն է, որ մեր ժողովուրդը զորավոր պահի հավատքն ու հայրենյաց սերը, անկասելի` իր իրավունքները վերականգնելու կամքը: Հայցում ենք, որ մեր սուրբ նահատակների բարեխոսությամբ խաղաղությունը, արդարությունը, սերն ու ողորմությունը հավերժ թագավորեն երկրի վրա` հանուն մարդկության շեն, ապահով ու բարօր կյանքի:

24.04.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․