Քրիստոսի գալստյան մասին մարգարեների կանխասացություններն, իրենց լրումին հասնելով, կատարվեցին, քանի որ Նա, ով Աբրահամին ասաց, թե «քո զավակից կօրհնվեն երկրի բոլոր ժողովուրդները», այսօր եկավ և կատարեց այդ խոստումը՝ սուրբ Կույս Մարիամի Որդին դառնալով: Եվ Մովսեսի տեսած այն մորենին, որը վառվում էր, սակայն չէր այրվում, խորհրդանշում էր սուրբ Կույս Մարիամին: Նաև Օսեին, նույն ինքը՝ Նավեի որդի Հեսուին էլ ասվեց, թե՝ «Տիրոջ զորքի զորավարն եմ ես, և ահա եկա քեզ օգնելու»: Նաև Գեդեոնին երևաց ցորենի կալում: Նույնպես Դավիթը մարգարեացավ, թե՝ «Նա թող իջնի որպես անձրև հնձած խոտի վրա և որպես ցող` երկրի վրա»: Սողոմոնն էլ ասում է. «Կյանքի ծառը բուսնում է արդարության պտղից»: Իսկ Զաքարիա և Մաղաքիա մարգարեները ասում են. «Իմ անունից երկյուղ կրողների համար արդարության արեգակը պիտի ծագի, բժշկություն պիտի լինի նրա շողերի մեջ», քանի որ բժշկությունը Նրա լեզվի թևերի վրա է: Նաև, թե՝ «Ահա՛ մարդը, և ծագումը Նրա անվան»:
Բարուքն էլ Երեմիայի գրքում ասում է, թե «բարձրյալ Աստված կհայտնվի երկրում և կշրջի մարդկանց մեջ»: Նաև, երբ լրացան Դանիելի յոթանասուն տարիները, Աստված կատարեց նրա ա՛յն ցանկությունն ու աղաչանքը, թե՝ «ցույց ինձ, Տե՛ր, Քո Օծյալին, մինչև իմ մեռնելը»: Եվ Գաբրիելն էլ ասաց նրան, թե՝ «Ե՛կ, հանգստացիր, ա՛յրդ ցանկալի: Երբ իրենց լրումին հասնեն քո մարգարեությունները, Բանն Աստված երկրի վրա կհայտնվի և լույս կծագի գերեզմանիդ վրա»: Մարգարեների այս բոլոր կանխասացությունները այժմ կատարվեցին, այդ պատճառով էլ ուղղափառ եկեղեցիները, համաձայն սուրբ առաքյալների և մեր վարդապետների ուսուցման հունվարի 5-ին, տոնում են Քրիստոսի Ծննդյան և Հայտնության ճրագալույցի տոնը:
Աղբյուրը՝ «Յայսմաւուրք», Կ․ Պոլիս, 1730 թ.,
Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ․ Կարապետյանը