23 Դեկտեմբեր, Բշ
«…ԻՍԿ ՈՐԴԻՆԵՐԸ ՍԻՈՆԻ ԵՐԳՈՒՄ ԷԻՆ՝ ԱՅՍ ԱՍԵԼՈՎ. ՓԱ՜ՌՔ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՄԵՆԱԶՈՐ ՀԱՐՈՒԹՅԱՆ»: Սբ. Գ. Նարեկացի
Հարության տոնն է այսօր:
Հայոց Սուրբ Եկեղեցիների գմբեթների ներքո քաղցրաբարբառ հնչյուններով թևածում է հուսաբեր ավետիսը. «Քրիստոս յարեա՜ւ ի մեռելոց»: Հրաշափառ իրողությամբ պայծառացած Եկեղեցին իր խնկաբույր օրհներգն է հնչեցնում ի լուր ամենքի. «Օրհնեա՜լ է յարութիւնն Քրիստոսի»: Եվ երկինք ու երկիր միաձայն գովերգում են ու ասում. «Փա՜ռք Քրիստոսի ամենազոր հարությանը»:
Հայությա՛ն տոնն է այսօր:
Հայոց ազգն իր պատմության մեջ բյուրավոր մահեր ունեցավ: Հարության հույսը չկորցրեց: Մահն իր դաժանությամբ կամեցավ բնաջնջել Հայկյան ոգին: Հայը, հարության հաղթանակով զորացած, մահվանը հարցում արեց. «Ո՞ւր է մահ յաղթութիւն քո»: Հայը մանկան պես հավատաց Հիսուսին. «Մահուամբ զմահ կոխեաց եւ յարութեամբն իւրով մեզ զկեանս պարգևեաց»: Եվ թշնամու դեմ պատերազմելուց հայը խոսեց այս կարգով. «Մահ ոչ իմացեալ՝ մահ է, մահ իմացեալ՝ անմահութիւն է»:
Սիրելի՛ք,
Օրեր անց, հարության ավետիսն իր սրտում, աղոթք-մրմունջը շուրթերին, աշխարհասփյուռ հայությունը մեկտեղվելու է անմահության խորան Ծիծեռնակաբերդում: Այդ օրը դառնալու է մի նոր Արածանի: Նոր կնիքով դրոշմվելու է հայի ինքնությունը: Եվ երկնքում ցնծալու են մեր եղեռնազարկ սուրբ նախնիք՝ տեսնելով իրենց որդվոց որդիներին, լսելով հայոց տոհմի սիրառատ կանչը. «Փա՜ռք յարութեան Քո, Տէր ոչ դադարեցայց, Քրիստոս, օրհնել զՔեզ զամենայն աւուրս կենդանութեան իմոյ»:
Հարության ավետիսով և օրհնությամբ՝
ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ