Նավասարդ Սրբազանը պարգևատրեց ՀՀ ԶՈւ գնդերեցներին

Հունվարի 30-ին Սուրբ Սարգսի առթիվ արդեն ավանդույթ դարձած պարգևաբաշխությունն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում էր մեկտեղել ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության գնդերեցներին։ Արարողությունը հանդիսապետում էր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։ Ներկա էին Հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ Գերաշնորհ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի թեմի նորանշանակ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ 

Արարողությունը սկսվեց Տերունական աղոթքով, ապա հնչեց Հայաստանի Հանրապետության պետական հիմնը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին  Հայրենիքի համար Արցախյան երրորդ պատերազմում նահատակված Նարեկ սարկավագ Պետրոսյանի, Ռուստամ սարկավագ Պողոսյանի և հազարավոր նահատակ զինծառայողների հիշատակը։ Ցավոք, հազարավոր վիրավորների շարքում այսօր բուժվում են նաև Հրայր սարկավագ Բալայանն ու Խաչիկ դպիր Վարդանյանն, ում շուտափույթ ապաքինում մաղթեցին, ապա հայցեցին Տիրոջ աջակցությունն` անհետ կորած Հայր Մկրտիչի շուտափույթ հայտնաբերման ու վերադարձի համար: 

Այս տարի Սուրբ Սարգսի տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը պարգևատրեց ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության գնդերեցներին:

Տոնի խորհրդանշական նվերներով և եզակի հորինվածքով պատրաստված խաչերով պարգևատրվեցին ՀՀ ԶՈւ առաջնորդության կողմից ներկայացված 26 գնդերեցները: Պարգևները հանձնեցին Նավասարդ Սրբազանը,  Պարգև Սրբազանն ու Վրթանես Սրբազանը։ 

Դիմելով նոր պարգևատրված գնդերեցներին՝ Նավասարդ Սրբազանը երախտիքի ու գնահատանքի խոսք ասաց․ «Ազգիս Վեհափառ Հայրապետի օրհնությամբ հավաքվել ենք Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանի դահլիճում՝ հաղորդակից լինելու Սուրբ Սարգսի տոնի խորհրդին: Ջերմորեն ողջունում ենք աստեղ ներկա̀ վերաբացված Արցախի թեմի առաջին առաջնորդ Պարգև Սրբազանին և երկրորդ առաջնորդ  Վրթանես Սրբազանին, ով նաև  ԶՈՒ Հոգևոր առաջնորդության առաջին առաջնորդն էր: Այնպես որ խորհրդավոր օր է մեզ համար. բանակի, պատերազմի, զինվորականների հետ սերտ առնչություն ունեցող սրբազաններն այսօր՝ Սուրբ Սարգիս զորավարի տոնին, մեզ հետ են: 

«Ողբա՛մ մեռելոց, կոչե՛մ ապրողաց»: Այո՛, զոհվածների առաքելությունն ասօր դարձել է մերը: Մեր տկար ուսերի վրա խաչի ծանրությունն ավելի ենք զգալու: Դա Գողգոթայի ճանապարհն է, որն իր լրումին է հասնում  Հարությամբ: Ոչ ոք չի նահատակվի, եթե Հարության խորհրդին չհավատա, իսկ մեր գնդերեցները հենց դրա համար են բանակում, որպեսզի մեր զինվորներին ներշնչեն, որ «մահ իմացեալ անմահութիւն է»:  

Բարձր ենք գնահատում ձեր ծառայությունը: Դժվար է պատկերացնել՝ առանց Զինված ուժերի հայրենիքն ինչպիսի՞ն  կլինի՝ նման աշխարհագրական դիրք ունեցող երկրի ժողովրդի համար: Ուստի՝ Եկեղեցին և բանակը միշտ գործուն քայլերով  ապացուցում են մեկ բան՝ միութունը Եկեղեցու և բանակի: Մեր տեսլականը արդիական սպառազինությամբ օժտված Հայոց բանակն է, եթե ուզում ենք արժանապատիվ ապրել, և մարտունակ ոգի ունեցող հայ զինվորը, ու այս նպատակին հասնելու ճանապարհին կարևորագույն առաքելություն ունեն գնդերեցները: Անպարտելի ոգի, քրիստոնեական հավատք̀ Հարության խորհրդով պարուրված. դուք եք, որ հաղորդում եք ձեր եղբայրներին, ովքեր չեն վախենում մահից: Եթե չենք ուզում  պատերազմ, ուրեմն՝ պետք է բանակ ունենանք: Այլապես պատերազմը չոքելու է մեր դռան առաջ: 

Խոնարհվում եմ նահատակ գնդերեցների և զինվորականների հիշատակի առջև: Աղոթում Հոգևոր առաջնորդութան գնդերեցների համար: Աստված ձեզ զորացնի, ձեր զորությունը ձեր առաքելության միջոցով փոխանցի Հայոց բանակի յուրաքանչյուր մարտիկի: Տերը պահապան լինի ձեզ, ձեր նվիրական առաքելության մեջ. Ամեն»:

Գնդերեցների անունից երախտագիտության խոսքով հանդես եկավ ԱՀ Պաշտպանության Բանակի ավագ գնդերեց Գոռ սարկավագ Գյուրջյանը: Նա մասնավորաբար նշեց. «Գերաշնո՛րհ Սրբազան հայրեր, արժանապատի՛վ բարեշնո՛րհ հայրեր, սիրելի՛ ներկաներ, այս օրերին, երբ մեր ազգը մտահոգ է, և մեր բանակը՝ վիրավոր, շատ խորհրդանշական և ուղենշային է մեր այս համախմբումը Սուրբ Սարգսի տոնի խորհրդի շուրջ, որովհետև մենք՝ հոգևորականներս լավ գիտենք, որ մեր ազգի մարտունակության ու փրկության լավագույն ճանապարհը Սուրբ Սարգսի  կերպարն ունեցող աղոթող զինվորական ունենալն է, ինչին և ուղղված է մեր՝ գնդերեցներիս ամենօրյա ծառայությունը: Արցախյան այս վերջին գոյապայքարին իրենց քաջաբար դրսևորեցին նաև գնդերեցները: 

Օգտվելով առիթից՝ բոլոր գնդերեցներիս անունից մեր որդիական շնորհակալությունն ու խոնարհումն ենք հայտնում Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին, ում երկարամյա ծառայության արդյունքում մենք կարողացանք դառնալ կենդանի գործող կառույց, որի պտուղները տեսնում է ամբողջ ազգը: 

Նաև ցանկանում եմ Պաշտպանության Բանակի գնդերեցների անունից շնորհակալություն հայտնել Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին, ով իր ծառայության ողջ ընթացքում բանակում գործող գնդերեցների կառույցը երբեք չբաժանեց թեմից և իր հայրական խնամքով և անմիջական ներկայությամբ եղավ մեր կողքին: 

Եվ գնդերեցների անունից մեր որդիական խոնարհումն ու շնորհակալությունն ենք բերում Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, ով մշտապես առանձնահատուկ վերաբերմունքով հայրական խնամքի տակ է պահում մեր բանակը և մասնավորապես մեզ՝ գնդերեցներիս: Շնորհակալություն բոլորիդ մեր հանդեպ տածած ուշադրության և հայրական վերաբերմունքի համար: Թող Սուրբ Սարգսի բարեխոսությամբ մենք ավելի զորանանք և կարողանանք սիրո անհաղթ ուժը մշտապես հասցնել մեր բանակին»: 

Միջոցառման պաշտոնական մասից հետո ելույթ ունեցավ Արարատյան Հայրապետական թեմի «Ծակազարդ» համախումբը (գեղ․ ղեկավարը՝ Լիլիթ Գրիգորյան)՝ կատարելով «Ես իմ անուշ Հայաստանի» երգը (խոսք՝ Եղիշե Չարենցի, երաժշտությունը՝ Տիգրան Մանսուրյանի): Ապա ելույթ ունեցավ Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր սպասավոր, Օպերային թատրոնի մեներգիչ, միջազգային մրցույթների դափնեկիր Հովհաննես սարկավագ Ներսեսյանը: Նա կատարեց Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ» օպերայի համանուն արիան։ 

Պարգևաբաշխման արարողության ավարտին Նավասարդ Սրբազանը Պահպանիչ աղոթքով արձակեց ներկաներին:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

30.01.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․