Մի անգամ երկու վանական աբբա Հովսեփի մոտ եկան՝ խնդրելով, որպեսզի բացատրի իրենց, թե ո՞րն է լավ. ուրախությամբ ընդունել իրենց այցելության եկող եղբայրներին, թե՞ չարտահայտել այդ ուրախությունը: Նրանք չհասցրեցին նույնիսկ իրենց բերանը բաց անել, որպեսզի հարցը տան, երբ աբբան կանխեց նրանց հարցն ու իր խուցը մտավ: Այնտեղ մի ցնցոտիով ծածկվեց ու առանց որևէ բառ ասելու՝ անցավ նրանց առջևով: Հետո հանեց ցնցոտին ու նոր հագուստ հագավ, որ տոնական օրերին էր հագնում և կրկին նրանց առջևով անցավ: Վերջապես հագավ իր առօրյա հագուստն ու նրանց մոտ նստեց:
Վաննականները, չհասկանալով, թե ինչ ցուցադրեց իրենց, զարմանքով նրան էին նայում: Այդժամ նրանց ասաց.
- Լավ նայեցի՞ք, թե ինչ արեցի:
- Այո՛,- պատասխանեցին նրանք:
- Իսկ նկատեցի՞ք արդյոք, որ հագուստի փոփոխությունը որևէ բան փոխեր իմ մեջ,- շարունակեց Հովսեփը,- Ավելի վա՞տը դարձա, երբ ցնցոտի հագա: Կամ միգուցե ավելի լա՞վը դարձա տոնական հագուստով:
- Իհարկե, ո՛չ:
- Ուրեմն հիշեք, որ արարված ոչինչ, նույնիսկ մարդիկ, չպետք է որևէ բան փոփոխեն մեր ներաշխարհում՝ իրենց հայտնվելով: Ուրախությամբ, անկեղծությամբ ու քրիստոնեական սիրով ընդունեք ձեզ այցելող եղբայրներին: Իսկ եթե ոչ ոք չգա ձեզ մոտ՝ պահեք ձեզ հոգու ներկայության մեջ:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի