Ներումը

«Ներեցե՛ք, և ներում պիտի գտնեք» (Ղուկ 6.37)։

Իսկապես, բոլորս էլ կարիք ունենք լսելու Տիրոջ այս խոսքը․ «Ներեցե՛ք, և ներում պիտի գտնեք»։ Բոլորս էլ կարիք ունենք Աստծու ներման, ինչպես նաև՝ ներելու միմյանց։

Արդյոք Ձեր մեջ կա՞ն այնպիսիք, որոնք իրենց սիրելիներից, ծանոթներից, իրենց մտերիմ համարողներից վիրավորված ու սառած լինեն։ Ձեզ ամենքիդ, առանց բացառության և առանց զանազանության, մեկ անգամ ևս պիտի հիշեցնեմ Հիսուսի այս վսեմ ու բացարձակ խոսքը․ «Ներեցե՛ք, և ներում պիտի գտնեք»։

Եթե ուսումնասիրենք Հիսուսի վարդապետությունը, կտեսնենք, որ սկզբից մինչև վերջ զանազան առիթներով ու ձևերով Նա ուսուցանում և շեշտադրում է ներողամտության անհրաժեշտությունը։ Տերունական աղոթքի մեջ Հիսուս ասում է․ «Ների՛ր մեզ մեր հանցանքները, ինչպես որ մենք ենք ներում նրանց, որ հանցանք են գործում մեր դեմ» (Մատթ․ 6․12)։

«Լեռան քարոզ»-ում ասում է․ «Եթե սեղանի վրա քո ընծան մատուցելու լինես և այնտեղ հիշես, թե քո եղբայրը քո դեմ մի ոխ ունի, քո ընծան թո՛ղ սեղանի առաջ և գնա՛ նախ հաշտվի՛ր քո եղբոր հետ և ապա ե՛կ քո ընծան մատուցի՛ր» (Մատթ․ 5․23)։ Մեկ ուրիշ առիթով էլ դարձյալ ասում է․ «Երբ աղոթքի կանգնեք, թե մեկի դեմ մի բան ունեք, ներեցե՛ք, որպեսզի ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ների ձեզ ձեր հանցանքները։ Իսկ եթե դուք չներեք, ձեր Հայրն էլ, որ երկնքում է, չի ների ձեզ ձեր հանցանքները» (Մարկ․ 11․25)։

Հիսուս նաև պատմում է անգութ ծառայի առակը, որում ևս մեկ անգամ հստակ ներկայացնում է մեզ նմաններին ներելու անհրաժեշտությունը։ Մի թագավոր իր ծառաներից մեկին մեծագումար 10000 տաղանդ պատքը շնորհում է։ Ծառան, դուրս ելնելով, հանդիպում է իր ծառայակիցներից մեկին, որն իրեն պարտք էր 100 դահեկան: Այդ ծառայակիցը աղաչում և ասում է. «Ինձ մի փոքր ժամանակ տուր, և ես կվճարեմ քո պարտքը»:

Սակայն ծառան չի ընդառաջում և բանտարկել է տալիս իր ծառայակցին այնքան ժամանակով, մինչև վերջինս չվճարի իր պարտքը: Թագավորը, այդ մասին տեղեկանալով, իր մոտ է կանչում անգութ ծառային և ասում է. «Չա՛ր ծառա, ամբողջ պարտքդ քեզ ներեցի, որովհետև աղաչեցիր ինձ: Արդ, պետք չէ՞ր, որ դու էլ ողորմեիր քո ծառայակցին, ինչպես ես քեզ ողորմեցի» (Տե՛ս Մատթ. 18.23-33):

Հիշատակված այս բոլոր համարները մեզ առաջնորդում են ներողամտության: Ըստ այսմ, ներումը պարտականություն է, որ մեզ խաղաղություն է պարգևում մեզ նմանների հետ հարաբերություններում: Եթե մենք չկարողանանք ներումով խաղաղության հասնել մեզ նմանների հետ ունեցած հարաբերություններում, չենք կարող խաղաղ լինել նաև Աստծու հետ: Փորձառությունը ևս վկայում է այդ մասին. բարեպաշտությունը, այսինքն՝ հոգեկան խաղաղությունը, կապված է ներողամտությանը:

Դուք ձեր կյանքում չեք զգա Աստծու ներկայությունը, եթե բոլոր մարդկանց հետ խաղաղ ու համերաշխ չլինեք: Աստծու սիրո, գթության և օրհնության «ներկայությունը» չեք զգա, եթե պատվար լինի ձեր ու ձեզ նմանների միջև: Եթե անգամ կամենաք ձեր աղոթքներով մոտենալ Աստծուն, ի՞նչ եք կարծում, ձեր աղոթքները լսելի կլինե՞ն այն դեպքում, երբ ձեր ընկերոջ նկատմամբ վրեժխնդրությամբ և ատելությամբ եք լցված:

Ձեր արցունքները, բազկատարած աղոթքները, մոմերն ու խունկերը անօգուտ կլինեն և որևէ ազդեցություն չեն ունենա Աստծու ողորմությանը, եթե սրտի խորքում ձեր ընկերոջ հանդեպ ատելություն ունենաք: Պետրոս առաքյալն իր առաջին նամակում գրավիչ ձևով ցույց է տալիս այդ ճշմարտությունը: Ամուսինների ունեցած պարտականությունների և փոխադարձ հարգանքի մասին խոսելուց հետո առաքյալը հավելում է այս ուշագրավ խոսքը. «Որպեսզի ձեր աղոթքներին արգելք եղող բաներ չլինեն» (Ա Պետ. 3.7): Սա փորձառու մարդու խոսք և միևնույն ժամանակ խորունկ ճշմարտություն է:

Աններողամիտ մարդու հոգին քինախնդրության ու վրեժխնդրության հետևանքով ալեխռով վիճակում է հայտնվում, ինչն էլ նրան տառապեցնում և չարչրկում է: Նա անգթորեն խորհում է իր հակառակորդին բզկտելու և ոչնչացնելու ուղիների մասին միայն: Սակայն երբ օրերից մի օր տեսնում է, որ իր թշնամին խորտակված ու ջախջախված է, թեև սկզբում բերկրանք է զգում, բայց այնուհետև այդ բերկրանքին հաջորդում է դառնությունը, քանի որ խիղճը սկսում է անհանգստացնել նրան:

Եվ ընդհակառակը, երբ հոգին ներում է, մարդ հանդարտ ու խաղաղ մթնոլորտում է ապրում և իր զոհողության փոխարեն քաղցրություն և գոհունակություն է վայելում:

Եթե բոլոր մարդիկ աններողամիտ լինեին, ինչպիսի՜ սարսափելի վիճակ կտիրեր մարդկության ծոցում: Մենք ի՞նչ կարգավիճակ կունենայինք՝ ապրելով այնպիսի աշխարհում, որի կարգախոսը կլիներ. «Աչքի փոխարեն աչք, ատամի փոխարեն ատամ»:

Կարո՞ղ եք երևակայել, թե հանրության կյանքն ինչպիսի՜ անկարելի կացության մեջ կհայտնվեր, եթե առավոտից մինչ երեկո շարունակվեին թշնամանքի, վիրավորանքների ու վրեժխնդրության «փոխանակությունները»: Ավելորդ է ասել, որ երկիրը կվերածվեր պատերազմի դաշտի, որում մեզնից յուրաքանչյուրը կամ վիրավորված կլիներ, կամ անարգված, կամ կիսամեռ, կամ անշնչացած։

Արդ, որքան կարևոր է մեկ անգամ ևս շեշտել Հիսուսի աստվածային սքանչելի պատվիրանը․ «Ներե՛ք»։ Որքան նախանձախնդիր լինենք այս պատվիրանի գործադրմանը, այնքան մեր մեջ ու մեր շուրջը կապահովենք խաղաղություն, բերկրություն և ուրախություն։

Ոմանք կարծում են, թե ներումը տկարություն է։ Ընդհակառակը, ներումը հոգու իրական ցոլքն է։ Մենք պետք է ներենք, քանի որ միայն դա է վայել ազնիվ մարդուն, ճշմարիտ քրիստոնյային։ Գիտեմ, որ շատերդ հակառակ կարծիքի եք և ինձ պիտի ասեիք․ «Լինում են այնպիսի պարագաներ, երբ ներումը դիտվում է իբրև իրական տկարություն, մինչդեռ քրիստոնյան չպիտի ստրուկի պես թույլ լինի»։

Ես պիտի պատասխանեի․ «Ինչ պարագա էլ լինի, ինչ հանցանք կամ թշնամանք էլ գործված լինի, պետք է ներել․ սա բացարձակ ճշմարտություն է։ Ներումը ճշմարիտ բարոյական մեծություն և արժանիք է»։

Պարագաներ էլ կան, որ թվում է՝ ներելը կնշանակի արժանապատվության ամեն տեսակի զգացումի կորուստ։ Այս կարծիքը որքան էլ ընդհանրացված լինի, միևնույն է, ես պիտի կրկնեմ, որ այն բացարձակապես և հիմնովին սխալ է։ Վստահ եղեք, որ նրանք, ովքեր արժանապատվությունից են խոսում, իրականում իրենց եսասիրության ու հպարտության թելադրանքով են խոսում։

Ինչպե՞ս կարելի է արժանապատվություն կոչել այն երևույթը, որ մարդ, վրեժխնդրությամբ լցված և իր նյութական ուժին ապավինած, ուզում է չարչարել թույլին։ Արժանապատվությունն այնտեղ է, որտեղ կա ներում, և փույթ չէ, եթե ուրիշներն այն թուլություն համարեն։

Իր անարժան ամուսնուց անարգված ու չարչարված դժբախտ կինը մի՞թե իր արժանապատվության պահպանության համար է ներում։ Ի՞նչ եք կարծում, մի՞թե թուլության նշան են այն լռին արցունքները, որոնք նա հեղում է իր ամուսնու սխալ ընթացքի պատճառով։ Ո՛չ, սիրելիներ, այդ կնոջ բարոյական կորովն է, որ նրան չի թույլատրում ամբաստանել իր հանցավոր ամուսնուն։

Ինչպիսի՜ վսեմ ներողամտություն և բարոյական կորովի դրսևորում է, երբ Հիսուս ասում է Պետրոսին․ «Քո սուրը ետ դիր իր տեղը, որովհետև ովքեր սուր են վերցնում, սրով կըկնեն» (Մատթ․ 26.52)։ Մի՞թե Հիսուս արժանապատվության պակաս ուներ, որ խաչի վրայից ներեց Իրեն խաչողներին։ Այդ նույն արժանապատվության զգացումով էր, որ սուրբ Ստեփանոսը աղոթեց իրեն քարկոծողների համար ու ասաց․ «Տե՛ր, սա մեղք մի՛ համարիր դրանց» (Գործք․ 7.59)։

Ընտանեկան կյանքում երբեմն վիրավորանքներ են հնչում և ծանր խոսքեր են փոխանակվում, մինչդեռ չպիտի այդպես լիներ, այլ ամեն թյուրիմացություն սիրով պիտի հարթվեր։ Ի՞նչ պետք էր անել վիճաբանությունների ժամանակ․ անշուշ հարկ էր տեղի տալ, պետք էր զիջում անել, չեզոք դիրք գրավել, չբորբոքել վիճաբանությունը, և վերջապես անհրաժեշտ էր ներել։

Հարցնում եմ ձեզ․ «Ընտանեկան երջանկության պահպանման տեսանկյունից ո՞վ հաղթող կճանաչվեր»։ Ձեր խիղճը կասեր․ «Անշուշտ նա, ով կարողացավ զիջման գնալ, չեզոք դիրք գրավել, չզայրացնել ու վերջապես ներել»։

Սիրելինե՛ր, ընտանեկան կյանքում որևէ խնդիր հարուցելով հնարավոր չէ հասնել նպատակի։ Չե՞ք նկատել, որ սուր վիճաբանությունների ժամանակ գրեթե երբեք հնարավոր չէ համոզել դիմացինին, բայց երբ թույլ եք տալիս, որ հակառակորդը խոսի, երբ չեք պատասխանում, հետզհետե գալիս է մի պահ, որ արդեն նա է զիջում ու սկսում է ընդունել իր թերությունը և ըմբռնել, որ ձեր կարծիքը իր մեջ ճշմարտություն ունի։

Օ՜հ, իմացե՛ք, սիրելինե՛ր, որ քաղցրաբանությունն ու լռությունը անպարտելի մի զորության զենքերն են։ Եթե կինը ընտանեկան կյանքում գործադրում է այս եղանակը և իր զոհողության ոգով ճշմարիտ հաղթանակի է հասնում, նա, իրապես, տան թագուհին է։ Վստա՛հ եղեք, որ հնարավոր չէ հաղթանակի հասնել որևէ այլ ճանապարհով։

Մեկ ուրիշ հարցում․ մինչև «ո՞ւր» ենք պարտավոր ներել։ Ներումն իր որոշակի սահմանը չպիտի՞ ունենա։ Ո՛չ, ներումը սահման չպիտի ունենա, ընդհակառակը, այն պետք է անսահման լինի։ Վիրավորանքն ինչպիսին էլ լինի, առանց որևէ բացառության հարկ է ներել։

Իսկապես, կան հանցանքներ, որոնք մենք դյուրությամբ մոռանում ենք։ Բարկությամբ արտահայտված խոսքն անցնում-գնում է առանց քեն առաջացնելու, բայց երբ մեր քսակի ու արժանապատվության դեմ են ելնում, երբ արհամարհում են մեր դիրքը, այդպիսի թշնամանքը խորը վերք է թողնում։

Չկա մի օր, որ վիրավորանք չստանաս։ Սակայն ո՞ր մեկին ներես։ Մենք երբեմն տրամադրված ենք ներելու, երբեմն էլ աններողամիտ ենք։ Ներումն ասես մեր քմահաճույքից է կախված․ սա քրիստոնեական չէ։ Ինչպիսին էլ լինի մեր դեմ ուղղված անարգանքը՝ խոսքով, գործերով, հրապարակայնորեն թե առանձնաբար, մենք պիտի ներենք։

Հիշո՞ւմ եք այն հարցադրումը, որը Պետրոսն ուղղեց Հիսուսին․ ««Տե՛ր, քանի՞ անգամ, եթե եղբայրս իմ դեմ մեղանչի, պետք է ներեմ նրան. Մինչև յո՞թն անգամ»: Հիսուս նրան ասաց. «Քեզ չեմ ասում, թե մինչև յոթն անգամ, այլ մինչև յոթանասուն անգամ յոթը»» (Մատթ․ 28․21)։ Այսինքն՝ միշտ ներել։

Ավետարանի սկզբունքներին հակառակ է, երբ ասում եք․ «Ստիպված եմ այսինչի հետ գթությամբ վարվել, քանի որ նա իմ ընտանիքից, ազգականներից է, բայց այնինչի դեպքում, որ ինձ հետ արյունակցական ոչ մի առնչություն չունի, արդարությանը պիտի դիմեմ»։

Ավետարանը պատգամում է, որ մեր եղբայրների, մեզ նմանների հետ արդարությամբ վարվելուց ավելի գթությամբ վարվենք։ Ոչ մեկի հանդեպ խտրություն չպիտի լինի, այլ հարկ է ամենքին բարյացակամորեն վերաբերվել, իսկ այդ բարյացակամությունն էլ պիտի նշանավորվի գթասրտությամբ։

Ոմանք կարծում են, որ առհասարակ ամենքին ներելով արդարությունը կզոհեինք, իսկ արդարությունը զոհելով՝ կքաջալերեինք կրքերի սանձարձակությունը, մոլություններն ու մանավանդ մոլություններից ամենագարշելիները։ Բնավ, երբեք։ Աստված անսահմանորեն գթասիրտ է։ Նրա մեջ այս երկու առաքինությունները՝ արդարությունն ու գթությունը, ներդաշնակորեն համերաշխված, միացած ու զոդված են։ Ինչպես ասվում է․ «Արդարությունն ու խաղաղությունը պիտի ողջագուրվեն»։

Մեծապես սխալվում ենք՝ ասելով․ «Աստված միայն սեր է»։ Այո՛, Աստված սեր է, բայց առավելաբար Աստված սուրբ է։ Եթե Աստծու սերը «թողնենք» Նրան, իսկ սրբությունը, այսինքն՝ արդարությունը, վերցնենք Նրանից, Աստված կկորցնի Իր աստվածայնությունը։ Իսկ եթե Աստծուն «թողնենք» սրբությունն ու վերցնենք սերը, մարդկությունը կկորսվի։

Աստված գործում է արդարությամբ և գթությամբ․ արդարությամբ պատուհասում է մեղավորին, իսկ գթությամբ խնայում է վերջինիս, ինչպես վիրաբույժը, որ մի կողմից վճռում է կտրել մարմնի նեխած ու փտած հատվածը, իսկ մյուս կողմից էլ ողջ սրտով խնամում է հիվանդին։ Արդարությունն առանց գթության ծայրահեղ անարդարություն կլիներ. ,,Summum jus, summa injuria’’:

Մենք ևս պետք է պայքարենք չարի դեմ, պիտի արդարությամբ դիմագրավենք չարին, բայց միևնույն ժամանակ պիտի ներողամիտ ու գթասիրտ լինենք չարագործի հանդեպ։ Ներել չի նշանակում չարին անպատիժ թողնել, այլ նշանակում է խնամքով ու զգուշորեն վերաբերվել չարին։ Ներել չի նշանակում ուրանալ պատվի ամեն զգացում, այլ նշանակում է պատվախնդիր հատուցումից ջնջել հանցավորի հանդեպ քենն ու վրեժը։

Ներել չի նշանակում զոհել ճշմարտությունն ու արդարությունը, այլ վերահաստատել այն առանց մեղավորին խորտակելու։ Ներումը չի հակառակվում արդարությանը։ Մենք պիտի արդարասեր ու ներողամիտ լինենք։ Եթե մեր իրավունքները խախտվեն, ցույց տանք, որ մեր դեմ հանցանք է գործվել, անիրավություն է եղել, և այդ հանցանքը պիտի պատժվի, իսկ ապա պիտի ներենք։ Մեկ բառով ասած՝ պիտի ատենք գործված հանցանքը, բայց միևնույն ժամանակ պիտի սիրենք մեղավորին, որքան էլ նա անարժան լինի․ ահա՛ ներումը։

Մարդկանց արդարությունը չի ուղղում։ Արդարությունը միայնակ անզոր է կերտել մարդկանց նկարագիրը․ ներո՛ւմն է կարևոր։ Օրինակ՝ ահա՛ մի մարդ, որ հանցանք է գործել և արժանի է այսինչ պատժին։ Դա արդարություն է։ Համարենք, որ դատավորները կատարյալ անաչառությամբ գործադրում են արդարությունը, և պատիժները կետ առ կետ իրագործվում են։

Համարենք, որ արդարությունը կատարելապես և անսխալաբար գործադրվում է։ Ի՞նչ եք կարծում, հնարավոր կլինի՞ ուղղել հանցավորին․ բացարձակապես ոչ։ Հանցավորին ուղղելու համար ի՞նչ է պետք։ Հարկ է նրա սիրտը շարժել, պետք է նրա մտայնությունը փոխել, որպեսզի նա այլևս մեղքի մեջ չընկնի։ Արդ, այս նպատակին հասնելու համար մեկ միջոց կա․ այդ միջոցը ներումն է։ Մեղավորին ներելը նրան ներքնապես փոխելն է, խոնարհեցնելն ու զղջում առաջացնելը։

Ավետարանը մեզ պարտադրում է ներել սրտանց, ամբողջ սրտով։ Բավական չէ զգուշանալ վրեժխնդրություն «բուրող» խոսքերից և անարգալից վիրավորանքներից։ Անհրաժեշտ է ներքնապես գորովալից տրամադրությամբ լցվել մեր հանդեպ մեղանչած մարդկանց հանդեպ։

Երբ հակակրանքով ու դառնությամբ լի տրամադրություն ենք պահում մեր սրտում, դա ենթադրում է վրեժխնդրություն։ Զգում ենք, որ հնարավոր չէ իսկույն մոռանալ անարգանքների «հիշատակը»։ Այդ վիրավորանքները շարունակ խոցում ու ընկճում են մեզ։

Սակայն ստույգ է, որ կամքը հաղթում է ամեն ինչին։ Կամքը կարող է «դիմել» գթությանն ու սիրուն և խաղաղեցնել մեր միջի ծածուկ փոթորիկը՝ մղելով ներելու։ Ամեն գնով պետք է ձեռք բերել ներքին ներումը, և այդ ներքին ներումը պիտի հաստատվի արտաքին ներումով։ Ես չեմ հավատում ներքին ներումի գոյությանը, եթե այն չի արտահայտվում արտաքնապես, գործով ու իրողություններով։

Մենք հաճախ այսպիսի խոսքեր ենք լսում․ «Նրան ներել եմ, բայց այլևս չեմ ուզում նրա ասածներն անել, չեմ ուզում լսել նրա անունը։ Այո՛, ներել եմ, բայց չեմ ուզում հանդիպել նրան, այլևս չեմ ուզում ճանաչել այդ մարդուն։ Ուզում է թող ապրի, ուզում է՝ մեռնի, երջանիկ թե դժբախտ լինի՝ ինձ համար միևնույն է»։

Չե՞ք տեսնում, որ այսպիսի ներումը բացարձակապես բացասական երևույթ է և մանավանդ բավարար չէ։ Չե՞ք նկատում, որ այսպիսի ներումը չի համապատասխանում գթությանը։ Գթությունը դրական առաքինություն է, որ բարին է կամենում և գործում բոլոր նրանց, որոնց հանդիպում է։ Չե՞ք իմանում, որ գորովալից բարյացակամությամբ ներելը կորսված վստահությունը վերահաստատել և մարած գթությունը բոցավառել է նշանակում։

Ներե՛ք ողջ հոգով ու ողջ սրտով, որպեսզի ձեր ներումն արժեք ունենա։ Սա ձեզ ուղղված խնդրանք չէ, սա մեր ուսերին դրված պարտականություն է, որի գործադրությամբ միայն հնարավոր կլինի բարոյապես հեղաշրջել աշխարհը։

Մենք ամենքս ներման կարիք ունենք։ Մենք գիշեր-ցերեկ անհանգիստ ու ընկճված ենք մեղքի խայթոցներից։ Ո՞վ պիտի ազատի մեզ այդ ողբալի վիճակից։ Մենք ունենք մտքի, սրտի, զգացումների ու մարմնի մեղանչումներ, և այս ամենը ծանրանում են հոգու վրա ու սարսափեցնում են մեզ՝ մատնանշելով մեր պատասխանատվությունը։

Ո՞վ կարող է ազատել մեզ մեղքից կամ ներում ու թողություն տալ մեզ։ Չլինե՛նք նրանց նման, ովքեր Հուդայի պես հուսահատ են, ոչ էլ նմանվենք հրեաներին, որոնք խաչի առջև երես դարձրին Հիսուսից կամ ծաղրեցին Նրան։ Նմանվենք Պետրոսին ու նրանց, ովքեր խոստովանությամբ ողբում են իրենց գործած հանցանքը, և թողություն խնդրենք մեր հանցանքների համար։

Մեր աչքերը հառենք Խաչյալին։ Նա միմյանց ներելու սքանչելի օրինակ է մեզ համար։ Փորձենք սերտել ներողամտության այն օրինակը, որը Հիսուս ավանդեց մեզ՝ խաչի վրայից Աստծուն դիմելով ու հայցելով․ «Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում» (Ղուկ․ 23.34)։

Մի պահ մտովի փոխադրվենք մեր կյանքի վերջին մի քանի ժամերի հոլովույթ։ Ահա հազիվ մի չնչին ժամանակ ունենք ապրելու, միանգամայն համոզված ենք, որ շուտով պիտի մեռնենք։ Այդժամ, եթե գիտակցենք մեր վիճակը, ապա մեզ վրդովվեցնելու է այս հարցը․ «Աստված ներե՞լ է ինձ»։ Սրտառուչ մի հարց, որի պատասխանը մեր մահից առաջ կուզեինք իմանալ։ Այդ վայրկյանին պիտի մտաբերերենք նրանց, ովքեր վնասել ու չարիք են հասցրել մեզ։ Պիտի մտաբերենք նաև նրանց, որոնց մենք չենք ներել։

Արդ, այդ վճռական ու որոշիչ պահին համոզված լինելու համար, որ Աստված ներել է մեզ ու մեր մեղքերը, հարկ է այժմվանից իսկ ներենք նրանց, որոնց մեր թշնամիներն ու մեզ վիրավորողներն ենք համարում։ Աստծու հետ մեր ունեցած հարաբերություններում առկա խաղաղությունը կախված է միայն այն ներումից, որ մենք պիտի շնորհենք մեր նմաններին։

Ուրեմն գնացե՛ք, գտե՛ք ձեր այն եղբայրներին, որոնք անարգել են ձեզ, և այսօր ևեթ նրանց ասե՛ք․ «Ես ներում եմ ձեզ, մենք պիտի ապրենք իբրև եղբայրներ այնպես, ինչպես առաջ էր»։ Գնացե՛ք, սիրելինե՛ր, գնացե՛ք ու խորտակե՛ք բոլոր այն պատվարները, որոնք բաժանում են ձեզ ձեր երբեմնի բարեկամներից, հաշտության, սիրո ու եղբայրության ձե՛ռք կարկառեք նրանց։ Գնացե՛ք և մարե՛ք վրեժխնդրության բորբոքված հուրը, մարե՛ք ատելավառ զգացումները, և կարող եք վստահ լինել, որ այժմվանից իսկ դուք ներված կլինեք․ «Ներե՛ք, և կներվի ձեզ»․ ամեն։ 

 

Տեր Ղևոնդ եպս. Դուրյան, «Պարզ քարոզներ», Դ հատոր, Փարիզ, 1929 թ.

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը

 

21.12.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․