Հայաստանի տարբեր սրբավայրեր իրենց ուխտի օրերն ունեն: Սբ. Զատկին հաջորդող Հինանց շրջանի երրորդ՝ Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակի օրն արդեն 17 տարի է, ինչ երջանկահիշատակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ հռչակվել է Նորավանքի ուխտի օր: Այս տարի ապրիլի 10-ին էր Վայոց ձորի նշանավոր սրբավայրի ուխտի օրը: Սրբավայրն իր սուրբ հարկից ներս բազմաթիվ ուխտավորների էր հյուրընկալել: Այդ ուխտավորների թվում էին նաև Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը՝ հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ: Երիտասարդ ուխտավորները հանուն Հայոց աշխարհի խաղաղության համար ուղղված իրենց ուխտի ճանապարհն անցան ընդհանրական աղոթքով՝ Գիշերային ժամերգությանը մասնակից լինելով: Ճանապարհին միության ատենապետ Հրաչյա Բեգլարյանը ներկայացրեց Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակիի խորհուրդը՝ նշելով, որ հիշատակելի օրը հիշեցնում է այն, որ դեռևս աշխարհի առաջին մատուռից՝ Վերնատնից, և նրանից ծլարձակած բոլոր քրիստոնեական եկեղեցիներից առ այսօր խաղաղություն է բաշխվում աշխարհին՝ խաղաղութիւն ամենեցուն և աղոթք է հնչում հանուն խաղաղության՝ եւ եւս խաղաղութեան զՏեր աղաչեսցուք:
Երիտասարդները Սբ. Ստեփանոս եկեղեցում մասնակցեցին Սբ. Պատարագին, որն անցկացվեց հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի: Պատարագիչը՝ թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը, քարոզում մասնավորապես նշեց, որ այս դժվարին օրերին հայ ազգն իր միասնականությամբ՝ որպես Քրիստոսի իրական եկեղեցի, զորացավ և հաղթականորեն դիմադրեց: «Ուխտի գալով սրաբազան այս վայրը՝ մեկ անգամ ևս ուխտ ենք անում՝ իբրև մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ եկեղեցի, որ հավատարիմ ենք մնալու մեր Տիրոջը և մեր հայրենիքին: Ուխտում ենք, որ այսօր կլինենք զինվորյալ և մարտնչող եկեղեցի՝ պատվով պահպանելով մեր հայրենյաց սահմանները: Ուխտում ենք, որ հավատարիմ կլինենք մեր պապերի հավատքին և ուխտին՝ դառնալով նրանց արժանավոր ժառանգները: Աղոթենք մեր փառապանծ և հերոսական բանակի համար, որպեսզի Տերը զորակցի ու փրկի իրեն երևելի և աներևույթ թշնամիներից: Նորավանքն իր ուխտով թող հովանի լինի Հայոց բանակին»,- ասաց Հայր Զարեհը:
Սբ. Պատարագի ավարտին Անդաստանի կարգ կատարվեց, ապա վանքի բակում հոգևորականաց դասը Աբրահամ Սրբազանի գլխավորությամբ հայոց ինքնության խորհրդանիշ ազգային ճաշատեսակի՝ հարիսայի օրհնության արարողություն կատարեց: Հարիսան որպես մատաղ բաժանվեց ուխտավոր հավատացյալներին:
Ուխտավորների խաղաղություն աղերսող աղոթական շնչին միացան ազգային մարտական ոգին ազդարարող պարերը՝ սահմանամերձ Խաչիկ համայնքի «Պատանի երկրապահ» ակումբի և պարի համույթի սաների կատարմամբ:
Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ով եկեղեցու համայնքի հետ միասին նույնպես ուխտավորաբար Նորավանքում էր, «Զորավոր» երիտասարդաց միությանը ներկայացրեց Նորավանքի և Սբ. Փոկասի մատուռի մասին պատմություններն ու ավանդությունները:
Երիտասարդ ուխտավորները եղան նաև Սբ. Փոկասի մատուռում, Տեր Վահանի գլխավորությամբ միասնական աղոթքով դիմելով սրբի բարեխոսությանը, ըմպեցին Սբ. Խորանի տակից բխող բժշկարար աղբյուրի ջրից:
Այնուհետև երիտասարդները սիրո ճաշ ունեցան բարձր լեռներով հաստատված Վայոց Ձորի հրաշագեղ և հարուստ բնության գրկում:
«Զորավոր» երիտասարդաց միության անդամ Լիանա Խաչատրյանն առաջին անգամ էր ուխտագնացության մասնակցում և առաջին անգամ էր Նորավանքում: Իրեն զարմանք էր պատճառել այն, որ Սբ. Ստեփանոս Նախավկա եկեղեցու գավթում Օրբելյանների տոհմական տապանատունն էր, և բոլորը՝ այդ թվում նաև ինքը, ստիպված էր անցնել տապանաքարերի վրայով՝ խոնարհվելով նրանց առջև՝ որպես եկեղեցու և հայրենիքի մեծ նվիրյալների:
Տեր Վահանի մաղթանքն էր երիտասարդներին, որ Տերն ի կատար ածի իրենց ուխտը և Աստծո առաջնորդությամբ ու եկեղեցու հովանու ներքո աստվածահաճո կյանք ապրեն՝ մշտապես զարդարվելով աստվածային ճշմարտությամբ:
Եւ եւս խաղաղութեան զՏեր աղաչեսցուք. ծաղկած ու կանաչած եկեղեցու, կյանքի հարությունը և նրա հավիտենական գոյությունը հիշեցնող Կանաչ կիրակի օրը ուխտավորի ուխտն ուղղված էր հանուն խաղաղության «վասն հայրենյաց»: Քրիստոսի ցանած սերմի առաջին կանաչ ծիլից ծլարձակված եկեղեցիներից է նաև Հայ Առաքելական Սբ. եկեղեցին, որի հետևորդն իր քայլերը դեպի սրբավայր այն համոզմունքով անցավ, որ խաղաղության և սիրո Աստված կխաղաղեցնի Հայոց հողը կյանքի փոթորիկներից:
Կարինե Սուգիկյան