23 Դեկտեմբեր, Բշ
Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:
«Որ ի հրեղէն աթոռ ընդ Հօր ես բնակեալ
եւ ի հրեշտակաց սպասաւորեալ, այսօր կամով Հօր
ի յերկրի երեւեցար մարմնով կուսական ծննդեամբ,
զՔեզ ընդ զօրս անմարմնոցն անդադար օրհնաբանեմք»
(Շարական Ս. Ծննդեան):
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
Շարականագրի աղօթամատոյց այս օրհներգով բերում ենք ձեզ մեր Տիրոջ և Փրկչի Սուրբ Ծննդեան և Աստուածյայտնութեան սքանչելի աւետիսը:
Երկնային բարձունքներում Ամենակալ Հորն աթոռակից և հրեշտակներից սպասաւորեալ Աստուծոյ Որդին մարմնացաւ և աշխարհ եկաւ, որպէսզի ընդունենք փրկութեան յոյսն ու շնորհը և միշտ նորոգուող կեանքը, որ Փրկիչ մեր Տէրն է պարգևում: Բեթղեհեմում ծնուած Մանուկը նոր սիրտ ու հոգի է բերում աշխարհին` ճանաչելու Աստուծոյ սէրը մարդկանց հանդէպ և այն դարձնելու արդարութիւն, խաղաղութիւն ու սէր միմեանց հանդէպ: Բերում է զօրութիւնը` փարատելու անյուսութեան խաւարները և երկրի վրա հաստատելու սիրով լի այն կեանքը, որն ունի յաւիտենական կեանքի աւետիսը:
Սուրբ Ծննդեան աւետարանական պատումը մարդկութեան կեանքում Աստուծոյ ներկայութեան մեծ խորհուրդն է պատկերում: Բեղթեհեմի քարայրը նախատիպն է Սուրբ Եկեղեցու, հասարակ հովիւները և իմաստուն մոգերը աստուածպաշտութեան համար մէկտեղուած հաւատացեալներն են, իսկ մատուցուած ընծաները` առ Աստուած հաւատքով ապրուած բարի ու երկնահաճոյ կեանքն ու գործերը: Բեթղեհեմեան երկնակամարում Տիրոջ փառքի ծագումը, և լուսափայլ հրեշտակների հնչեցրած պատգամը երկնային հրաւէրն է աշխարհին` խաղաղութեան ու մարդկանց մէջ սիրոյ և հաճութեան, որոնց այսօր էլ փափագում է նեղութիւններով ու մարտահրաւէրներով բեռնաւորուած աստուածաստեղծ օրրանը մարդկութեան:
Նիւթատեխնիկական մեծ ձեռքբերումներ արձանագրած, գիտական բարձունքներ նուաճած ներկայ աշխարհում չեն դադարում կեանքի խաղաղութիւնն ու բարօրութիւնը խաթարող տագնապներն ու ցնցումները: Քաղաքական հակամարտութիւնները, ռազմական բախումները, խորացող ֆինանսական, տնտեսական ճգնաժամերը բերում են աւեր, վիշտ ու տառապանք, կարիքի և անապահովութեան նոր խնդիրներ: Մարդկային ըմբռնումներում խեղաթիւրուում են աստուածադիր հիմնարար սկզբունքները` մարդը չի ընկալուում որպէս Աստուծոյ պատկերով և նմանութեամբ ստեղծուած, կեանքը` որպէս երկնաշնորհ գերագոյն պարգև և մերձաւորի հանդէպ սէրը` որպէս աստուածնմանութիւն: Այս իրավիճակները և մտածողութեան այսպիսի աղաւաղումները հեռացնում են մարդուն հոգևորից, առաջնորդելով աստուածամերժ ընթացքների` մարդու և ազգերի իրաւունքների ոտնահարման, ընտանիքի գաղափարի, բարոյական արժէքների աղճատման:
Հակառակ Աստուածային կամքին մարդու հակոտնեայ ընթացքների` մարդեղութեան մեծ խորհրդով Տէրը ցույց տուեց, որ Իր անսահման սիրոյ ու խնամքի մէջ է աստուածաստեղծ մարդը, և երկրային գոյութիւնը բաժանուած չէ յաւիտենութիւնից, իսկ մարդկութեան պատմութիւնը` Աստուծոյ ներկայութիւնից: «Ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում` մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. ԻԸ 20),-ասում է Փրկիչ մեր Տէրը: Մարդկային կեանքում Փրկչի մշտական ներկայութիւնը նոր իմաստ է պարգևում, բարձր ու վեհ բովանդակութիւն հաղորդում մարդու և աշխարհի ընկալմանը` բերելով մարդկանց Աստուծոյ ժողովուրդ լինելու գիտակցութիւնն ու պատասխանատուութիւնը և հրաւէրը` մնալու և յարատևելու «սիրեցէք միմեանց» Տիրոջ նոր պատուիրանի մէջ (Յովհ. ԺԳ 34): Մերձաւորի հանդէպ սէրը վեհացնում և արժևորում է մարդուն և նրա գործերը, պահում աստուածնմանութեան շնորհի մէջ և հանրութեան կեանքը հաստատում բարու մէջ: Միմեանց հանդէպ սիրով առաջնորդուող հասարակութիւնը կարող է բխեցնել կեանքը ոռոգող հոգևոր ներուժի անսպառ աղբիւրներ, լինել ճշմարտապէս արդարամիտ և իրաւադատ, կարեկից ու ողորմած: Տէրունապատուէր այս ուղիով մարդկութիւնը կարող է ձերբազատուել աղետաբեր իրավիճակներից և հոգսերից,
դիմակայել նեղութիւններին, արդարութեամբ հարթել հակառակութիւնները և համերաշխ գոյակցութեամբ կերտել նոր օրը մարդկութեան կեանքի:
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Սուրբ Ծննդեան օրհներգին ու փառաբանութեանը այսօր միախառնուում են մեր սրտաբուխ աղօթքները յանուն Հայոց Ցեղասպանութեան մեր անմեղ նահատակների, ովքեր չուրացան Փրկչին, իրենց ինքնութիւնն ու սուրբ հաւատքը: Եղեռնի դառնաղետ տարիների ամենադաժան փորձութեանց մէջ անգամ չլռեց Փրկչին ուղղուած` մեր ժողովրդի հոգու օրհներգը: Մեր Տիրոջ հետ գտանք ոգին և ուժը վերածննդի, պետականութիւն կերտեցինք, ազգային մեր կեանքը բարձրացրեցինք, մեր իրաւունքների համար պայքարեցինք հաւատով, որ արդարութեան և ճշմարտութեան ուղիները պիտի կերտեն բռնութիւնից զերծ, մարդասէր ու խաղաղ աշխարհ:
Հայոց Ցեղասպանութեան ոճրից 100 տարի անց նոյն հաւատով ու վստահութեամբ շարունակում ենք մեր պայքարը` յանուն մեր արդար դատի, մեր խաղաղ կեանքի` չդադարող շրջափակման և պատերազմի վերսկսման պայմաններում: Այսօր մեր կեանքում առկայ բազմաթիւ հրամայականների ու խնդիրների առջև, սիրելիներ, առաւել ջանք ու նուիրում ներդնենք, յանձն առնենք հայրենաշէն ու ազգաշէն ծրագրեր ու գործեր` ի սէր մեր ժողովրդի բարօրութեան, մեր երկրի հզօրացման, մեր իղձերի իրականացման: Մեր կեանքը ապրենք հայրենեաց աւանդներով, հաւատարիմ քրիստոնէական մեր արժէքներին, նիւթապաշտութեանը դիմակայելով աստուածպաշտութեամբ, շահամոլութեան դէմ դնելով Տիրոջ կողմից գովաբանուած ողորմութիւնը (Մատթ. Ե 7), ուժի և ստիպողականութեան փոխարէն` քրիստոսապատուէր սէրը (Յովհ. ԺԳ 34-35), եսասիրութեան և շահագործման փոխարէն` բարի սամարացու նման կարիքաւորին օգնելը (Ղուկ. Ժ 30-37), եղբայրատեացութեան փոխարէն` առաքեալի յորդորած եղբայրսիրութիւնը (Հռոմ. ԺԲ 10) և մեր մեծերի օրինակով` «ես»-ի փոխարէն` «ազգ»-ը: Բարգաւաճենք և զօրանանք ընտանիքներում նոր զաւակների ծնունդով, ազգանուիրումի, հայրենասիրութեան նոր վկայութիւններով` մեր ազատ երկրից, Սփիւռքի եզերքներից, վերականգնուած և նորակառոյց մեր եկեղեցիներից, հանուր հայ կեանքից երկինք բարձրացնելով մեր հայրերի օրհներգը. «զՔեզ ընդ զօրս անմարմնոցն անդադար օրհնաբանեմք»:
Սուրբ Ծննդեան խնդագին աւետիսով ողջոյն ենք յղում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նուիրապետական Աթոռների Գահակալներին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսին, Երուսաղէմի Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկեանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆեանին և մեր Եկեղեցու ուխտապահ ողջ հոգևոր դասին` մաղթելով Տիրոջ զօրակցութիւնն իրենց առաքելութեանը` ի զօրացում մեր ժողովրդի հոգևոր կեանքի և ի պայծառութիւն մեր Սուրբ Եկեղեցու:
Ողջոյն ենք յղում մեր Քոյր Եկեղեցիների հոգևոր Պետերին` Փրկչի ամենառատ շնորհները հայցելով իրենց և իրենց հաւատաւոր հօտին:
Հայրապետական օրհնութեամբ Մեր բարեմաղթանքներն ու ողջոյնն ենք բերում Պատարագի սրբազան արարողութեանը ներկայ Հայաստանի Հանրապետութեան Նախագահ տիար Սերժ Սարգսեանին և Առաջին տիկնոջը, ողջոյն ենք յղում Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Նախագահ Տիար Բակօ Սահակեանին, հայոց պետական աւագանուն` աղօթքով, որ Տիրոջ օրհնութեամբ արգասաւորուեն մեր երկրի և ժողովրդի խաղաղութեանն ու բարօրութեանը և մեր ժողովրդի իրաւունքների պաշտպանութեանն ուղղուած նրանց ջանքերը:
Մեր ողջոյնն ու բարեմաղթանքներն ենք բերում Հայաստանում հաւատարմագրուած դիւանագիտական առաքելութիւնների ներկայացուցիչներին` մաղթելով արգասաբեր գործունէութիւն` ի նպաստ մեր ժողովուրդների բարեկամութեան ու համագործակցութեան և տարածաշրջանում կայունութեան ու խաղաղութեան ամրապնդման:
Սուրբ Ծննդեան ողջունաբեր աւետիսով Հայրապետական Մեր օրհութիւնն ենք բերում համայն մեր ժողովրդին` մաղթանքով, որ ջերմ սիրով սրտում պահպանի Տիրոջն ուղղուած օրհներգը և մնայ Բարձրեալի ամենախնամ Աջի հովանու ներքոյ, հաւատարիմ` վերազարթօնքի իր տեսիլքներին և լաւատես, որ երկնային արդարութեան լոյսով պիտի բացուի իր հանդէպ արդարութիւնը վերականգնելու օրհնեալ օրը:
Աղօթք ենք բարձրացնում, որ Փրկիչ մեր Տիրոջ շնորհները սփռուեն մարդկանց սրտերում` խաղաղութիւն, համերաշխութիւն, ապահով առաջընթաց բերելով աշխարհին: Թող մարդացեալ մեր Տէրը՝ Յիսուս Քրիստոս, ամեն ժամ օրհնի և առաջնորդի մեր կեանքը, խաղաղ, հաւատքով ամուր, սիրով ու միասնական պահպանի մեր ժողովրդին` այսօր և միշտ փառաբանելու Իր Սուրբ Անունը` Հոր և Սուրբ Հոգու հետ. ամէն:
Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ,
ձեզ եւ մեզ մեծ աւետիս: