Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը ՀՀ անկախության տոնի առիթով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Անկախության տոնի բերկրաշատ առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում համայն մեր ժողովրդին` ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի:

Պատմական ու նվիրական է այս օրը: 1991 թվականին մեր ժողովուրդը իրականացրեց անկախ ու ազատ ապրելու դարավոր իր երազանքը և հաղթահարելով պատերազմի ու շրջափակման դժվարությունները՝ բարձր գիտակցությամբ ու աննահանջ պայքարով ամրացրեց հայրենի պետականության հիմքերը:

Անկախության տոնը հրավեր է վերարժևորելու մեր անցած ուղին՝ նոր կորովով ու եռանդով, հայրենվեր գործերով շենացնելու մեր երկիրը և այս տոնի պանծալի խորհրդով միշտ նորոգ պահելու մեր ուխտը առ հայրենին՝ ունկնդիր աստվածաշնչյան խոսքին, թե` ամենքս կոչված ենք ազատության և սիրով միմյանց ծառայելու (Գաղ. 5:13):

Մեր աղոթքն է, որ Աստված Իր Ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո միշտ անվրդով ու խաղաղ պահի մեր հայրենիքը և առատապես օրհնի, զորակից ու օգնական լինի հավատավոր մեր ժողովրդին՝ արգասավորելով հանուն մեր երկրի հզորացման բոլոր ջանքերը:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, սերը և ողորմությունը թող լինեն ձեզ բոլորիդ հետ: Ամեն:

21.09.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․