5 Հոկտեմբեր, Շբ
Հարցազրույց նկարիչ, դիզայներ, քանդակագործ Նուռի (Արման Դավթյանի) հետ:
Հայոց ոսկեդարյան շրջանի մատենագիր, աստվածաբան և վարդապետ Եղիշեն ասել է. «Մեր հայրը Սուրբ Ավետարանն է, իսկ մայրը՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին»: Ի՞նչ դերակատարություն ունեն Ձեր կյանքում այս «ծնողները»:
Անշուշտ, ամենակարևոր և ամենագլխավոր դերակատարությունն ունեն, քանի որ ցանկացած արվեստ, եթե դա իրավունք ունի արվեստ կոչվելու, հիմքում ունի հոգևորը, հավատքը և Աստծո Արքայությունը: Միտքը, որ գալիս է, գալիս է ի վերուստ: Շատ դեպքերում ինձ հարցնում են՝ որտեղի՞ց այսքան մտքեր, այդ հարցին չեմ կարողանում պատասխանել, քանի որ չգիտեմ, թե ո՞ւր է Աստված, չեմ տեսել և շոշափել, բայց զգում եմ Նրան իմ մեջ: Աստված ինձ համար անհասանելի է և անշոշափելի: Այդ իսկ պատճառով՝ որտեղի՞ց է միտքը, այնտեղից, ուր Անշոշափելին է, Անդիպչելին: Այսինքն՝ միտքը գալիս է ջինջ և մաքուր հիմքից, դա է ցանկացած արվեստի սկզբնաղբյուրը: Այսօր արվեստը համաշխարհային մակարդակով միջնադար է ապրում, անկում է ապրում, հուսանք, որ վերածնունդ կլինի, և արվեստը կգնա դեպի հոգևորը, դեպի գեղեցիկը:
Աշխարհ ենք եկել, որ եղիցենք: Եկեղեցին ինձ համար մի վայր է, որտեղ ես կարողանում եմ ինքս ինձ հետ և իմ մեջ գտնվող Աստծո հետ լինել: Կապ չունի գործող եկեղեցում ես, թե՝ ոչ, եթե եկեղեցում ես և աղոթում ես, ապա այդ պահից նա արդեն գործող է: Անգամ եկեղեցուց երեք քար կամ կես պատ էլ մնացած լինի, միևնույն է, զգալի է եկեղեցու շունչը: Ես ինձ ավելի հոգեհարազատ եմ զգում ասկետիկ հայկական եկեղեցիներում, ուր չկա ոչ պճնանք, ոչ զարդարանք, այնտեղ ես կարողանում եմ, ինքս ինձ հետ լինելով, ինքս ինձ գտնել:
Արարիչ Աստվածն Իր բարիքների գանձարանից, ի թիվս այլ շնորհների, մարդուն շնորհազարդել է ազատ կամքով և արարելու շնորհով: Ի՞նչ խորհուրդ ունեն Ձեզ համար ազատությունն ու արարման շնորհը:
Աստված մարդուն ստեղծեց Իր պատկերով և նմանությամբ: Այս տողի մեջ է ողջ կոդը. Աստված ստեղծեց, հետևաբար Աստված ստեղծարար է: Եթե Աստված այդ լույսը դրել է մարդու մեջ, հետևաբար մարդը պետք է կարողանա այդ լույսը գտնել և նրանով լուսավորել իր շուրջը՝ իր ստեղծագործությամբ և ստեղծարարությամբ: Ցանկացած մարդ, եթե կարողանա իր մեջ գտնել արարչական Աստծո գենը և կարողանա լուսավորել, ապա աշխարհը կդառնա լուսավոր և բարի:
Ըստ Ձեզ՝ ե՞րբ է մարդն այս շնորհները լիարժեք գործածում:
Երբ մարդն ազնիվ է ինքն իր հետ, իր հոգու հետ, ինչի շնորհիվ էլ կկարողանա մուտք գործել այդ հոգու մեջ և հոգի գտնել: Երբ ազատ է և կարողանում է գնալ զոհողության: Երբ նոր էի սկսել ստեղծագործական ուղիս, տարիքային կայացած այն փուլում էի, որ պետք է գումար վաստակեի, շատ դեպքերում ինձ մոտ հարց էր առաջանում՝ գումար վաստակե՞լ, թե՞ ստեղծագործել: Փառք Աստծո, ինձ շրջապատող մարդիկ հասկացան, որ ստեղծագործելն ինձ համար ավելի կարևոր է, քան գումար վաստակելը: Շատ զրկանքների միջով եմ անցել, ոչ մի կերպ չէի գնում գումար վաստակելու կոմպրոմիսին: Քանի որ, եթե եկել է միտքը, ապա պատասխանատվություն և ի վերուստ պարտավորվածություն ունեմ այն իրականացնելու, եթե չիրականացնեմ, այլևս չի գա:
Ո՞վ է Ձեր ոգեշնչման աղբյուրը:
Մարդը, որովհետև Աստծո գերագույն ստեղծագործությունն է՝ իր լավ և վատ կողմերով: Մարդն ինձ համար միշտ գաղտնիք է, որին ես ուսումնասիրում եմ, որից ես ոգեշնչվում եմ և որի մեջ փնտրում եմ ոգեշնչման աղբյուր՝ անկախ նրանից, թե ով է նա: Իմ հավաքածուներում այդ աղբյուրը փնտրել եմ նաև այն մարդկանց մեջ, ովքեր այսօր չկան, բայց իրենցից հետո մեծ հետք են թողել համաշխարհային պատմության մեջ:
Տեղյակ եմ, որ պատվերներ ընդունելիս նախ պետք է ճանաչեք պատվիրատուին, ո՞րն է պատճառը, արդյո՞ք դա հոգեբանական է:
Փնտրտուքն է, Աստծուն եմ փնտրում մարդու մեջ: Աստվածային լույսը կա ցանկացած մարդու մեջ, թեև տարբեր, բայց կա: Հետաքրքիր է այդ լույսերի տարբերությունը բացահայտել, և լույսը վերածել աշխատանքի: Ստեղծագործության մեջ ես գտնում եմ այդ լույսի առանձնահատկությունը: Լինում են դեպքեր, երբ չեմ կարողանում գտնել այդ լույսը, վստահ եմ, որ բոլորի մեջ կա այդ լույսը, այստեղ ես եմ մեղավոր, որ ի վիճակի չեմ այն տեսնելու, քանի որ կատարյալ և ամենազոր չեմ:
Իրական արվեստագետի ներքին կոչումը թույլ տալի՞ս է կրկնօրինակել իր ստեղծագործությունը:
Այստեղ նորից ազնիվ լինելու խնդիրը կա, եթե կրկնեմ աշխատանքս, ապա դա կվերածվի բիզնեսի, այլևս արվեստ, Աստծո լույս և հոգու պահանջ չի կոչվի: Երբ ստեղծվում է աշխատանքը, ապա ստեղծվում է իմ և պատվիրատուի շփման հետևանքով: Հետևաբար այդ շփման արդյունքում ծնվում է երեխան, որի մայրն այս պարագայում ես եմ: Ես եմ այդ երեխային կրում և ծննդաբերում, հետևաբար երկրորդը նույնից չի կարող ստեղծվել, դա արդեն կլոն կլինի:
Ինչպե՞ս կբնորոշեք ընկերությունը:
Ես մի աֆորիզմ ունեմ ընկերության վերաբերյալ՝ ընկերությունը, երբ երկու մարդ նայում են միմյանց այն հավատարմությամբ, ինչպես շունը տիրոջը, և ընկերությունը կխաթարվի այն դեպքում, երբ նրանցից մեկն իրեն որպես տեր զգա:
Հայի գենի մեջ խաչ ունենալու և կրելու հանգամանքն ինչպե՞ ս է դրսևորվում:
Իմ կարծիքով հայ ազգը քրիստոնեությունն ընկալում է որպես ազգային պատկանելիություն և քրիստոնյա լինելու պատճառով հայը դարեր շարունակ հալածանքների է ենթարկվել: Արտերկիր մեկնելիս ես պարտադիր խաչ եմ կրում և դա հատուկ չի արվում, դա ներքին կանչ է և հոգու ճիչ՝ ասելու համար, թե ով եմ ես: Իմ ստեղծագործական գործունեության երեսուն տարիների ընթացքում միայն տասը տարի է, ինչ անդրադարձել եմ խաչին, իսկ մինչ այդ գտնում էի, որ դեռ պատրաստ չեմ խաչ ստեղծելու: Կրկնելը այն, ինչ որ կար, ինձ համար հետաքրքիր չէր, իսկ ստեղծել նորը, մեծ պատասխանատվություն էր: Այնուհետև արավեցին խաչերի նոր շարքեր՝ նոր դրսևորումներով, որոնք պատմում են քրիստոնեական պատմություններ: Նոր շարքերից մեկը՝ «Գդալ-խաչ»-ը, հոգևոր զարդարվեստի մեջ՝ որպես նոր ավանդույթ, հետաքրքիր արձագանք ունեցավ: Այն պատմում է նյութական և հոգևոր սննդի հավասարակշիռ լինելու մասին, երբ հոգևորն է առավել նյութականից, մարդը դառնում է մոլի, իսկ նյութականի գերակշռության դեպքում մարդը դառնում է ագահ: Կենսունակության համար կարևոր է այս հավասարակշռությունը: Նորածին երեխային նվիրվում է «Գդալ-խաչ»-ը. գդալը խորհրդանշում է նյութական սնունդը, որը պատրաստված է արծաթից, որպեսզի մաքրի և իոնիզացնի ջուրը և սնունդը, իսկ խաչը՝ հոգևոր սնունդն է, որը օրհնում է նյութականը: Քանի որ նորածին երեխայի համար առայժմ հոգևորը ծանոթ չէ, իր համար նյութականն է պետք գոյատևելու համար, ապա, մեծանալով և հոգևորի կարիքն ունենալով, գդալը փակվում է, վերածվում խաչի, որպեսզի այն կրի իր վրա: Այս դեպքում նյութականը խորհրդանշող գդալը հայտնվում է մարմնին դիպչած, իսկ խաչը նայում է դեպի դիմացինը, դեպի երկինքը՝ հիշեցնելով հոգևորի և նյութականի հավասարակշիռ լինելու մասին: Այնուհետև խաչը կրողը այն փոխանցում է իր երեխային:
Ի՞նչ կմաղթեք մեր կայքի ընթերցողներին:
Կարծում եմ, որ մեր զրույցն արդեն իսկ ուղեցույց է և մաղթանք, թե ինչպես կարելի է ինքդ քեզ հետ լինել ազնիվ, հոգևոր և դրա հետ մեկտեղ նաև հաջողակ:
Զրուցեց Կարինե Սուգիկյանը