23 Նոյեմբեր, Շբ
Ուսումնական տարվա սկզբին վեցերորդ դասարանի դասղեկը կանգնած էր իր նախկին հինգերորդցիների առջև: Նա մի հայացք նետեց դասարանին և ասաց, որ նրանց բոլորին հավասարապես սիրում է և ուրախ է կրկին տեսնել: Դա մեծ սուտ էր, քանի որ նստարաններից մեկի վրա կծկված մի տղա էր նստած, որին ուսուցչուհին չէր սիրում: Ուսուցչուհին նախորդ տարի էր ծանոթացել այս դասարանի հետ և դեռ այն ժամանակ էր նկատել, որ այդ տղան իր համադասարանցիների հետ չի խաղում, նրա հագուստը կեղտոտ էր և այնպես էր բուրում, որ կարծես երբեք չէր լողացել:
Ժամանակի ընթացքում ուսուցչուհու վերաբերմունքն այդ աշակերտի նկատմամբ ավելի վատն էր դառնում և հասավ այնտեղ, որ նա ցանկանում էր ուղղակի կարմիր գրիչով խազմզել նրա գրավոր աշխատանքները և մեկ նշանակել:
Մի անգամ դպրոցի ուսմասվարը խնդրեց վերլուծել բոլոր աշակերտներին տրված բնութագրերը, և ուսուցչուհին չսիրած աշակերտի գործն ամենավերջում դրեց: Երբ վերջապես հասավ դրան և չցանկանալով սկսեց ուսումնասիրել՝ ապշեց:
Առաջին դասարանի ուսուցչուհին գրում էր. «Փայլուն երեխա է՝ լուսաշող ժպիտով: Տնային աշխատանքները մաքուր և կոկիկ է անում: Շատ հաճելի է նրա կողքին լինել»:
Երկրորդ դասարանի ուսուցչուհին գրում էր. «Գերազանց աշակերտ է, որին բոլոր ընկերները գնահատում են, բայց նա խնդիրներ ունի ընտանիքում՝ նրա մայրն անբուժելի հիվանդ է, և տանը նրա կյանքը պետք է որ մահվան դեմ պայքար լինի»:
Երրորդ դասարանի ուսուցչուհին նշել էր. «Մոր մահը շատ մեծ հարված էր նրա համար: Նա ամեն կերպ ջանում է, բայց հայրը նրան ուշադրություն չի դարձնում և այդ վիճակը կարող է ազդել նրա ուսման վրա, եթե ոչինչ չձեռնարկվի»:
Չորրորդ դասարանի ուսուցչուհին գրել էր. «Տղան անպարտաճանաչ է և ուսման հանդեպ հետաքրքրություն չի ցուցաբերում: Ընկերներ համարյա չունի և հաճախ քնում է դասերի ժամանակ»:
Բնութագրերն ընթերցելուց հետո ուսուցչուհին ինքն իրենից շատ ամաչեց: Նա իրեն ավելի վատ զգաց, երբ Նոր տարուն բոլոր աշակերտներն իր համար փայլուն թղթերով ու ժապավեններով փաթեթավորված նվերներ բերեցին, իսկ չսիրած աշակերտի նվերը կոպիտ շագանակագույն թղթի մեջ էր փաթաթված: Երեխաներից ոմանք սկսեցին ծիծաղել, երբ ուսուցչուհին փաթեթից մի ապարանջան հանեց, որի վրա մի քանի քար պակասում էր, և օծանելիքի մի սրվակ, որի մեկ քառորդն էր միայն մնացել: Բայց ուսուցչուհին լռեցրեց բոլորին՝ բացականչելով.
- Ի՜նչ գեղեցիկ ապարանջան է,- և սրվակը բացելով՝ մի քիչ օծանելիք ցանեց դաստակին:
Այդ օրը տղան մնաց դասերից հետո, մոտեցավ ուսուցչուհուն և ասաց.
- Այսօր դուք իմ մայրիկի պես եք բուրում:
Նրա հեռանալուց հետո ուսուցչուհին երկար լաց եղավ: Այդ օրվանից նա ոչ միայն գրականություն ու լեզու էր դասավանդում երեխաներին, այլև բարություն, կարեկցանք և սկզբունքներ:
Նման կրթությունից որոշ ժամանակ անց չսիրած աշակերտը սկսեց կյանք վերադառնալ և տարեվերջին դասարանի լավագույն աշակերտներից էր և ուսուցչուհու՝ սիրելին:
Դպրոցն ավարտելուց հինգ տարի անց ուսուցչուհին նամակ ստացավ նրանից, որտեղ տղան պատմում էր, որ ավարտել է քոլեջը և գնահատականներով երրորդն է եղել դասարանում, իսկ նա իր կյանքի ամենալավ ուսուցչուհին է:
Չորս տարի անց ուսուցչուհին մեկ այլ նամակ ստացավ, որտեղ նախկին աշակերտը գրում էր, որ բարձր գնահատականներով ավարտում է համալսարանը և ևս մեկ անգամ հաստատեց, որ նա մնում է իր կյանքի լավագույն ուսուցչուհին:
Մեկ այլ նամակ էլ ուսուցչուհին ստացավ ևս չորս տարի անց և աշակերտի անվան դիմաց արդեն դոկտոր բառն էր գրվում: Նա կրկին հավաստիացնում էր, որ ուսուցչուհին լավագույնն է իր կյանքում և հայտնում էր, որ հայրը մահացել էր երկու տարի առաջ, իսկ ինքը պատրաստվում էր ամուսնանալ, և հարցնում, թե չէր համաձայնվի արդյոք իր հարսանիքին գրավել փեսայի մոր տեղը:
Ուսուցչուհին իհարկե համաձայնեց և հարսանիքի օրը դրեց այն նույն ապարանջանը, որ իր սիրելի աշակերտն էր նվիրել, և գնեց այն նույն օծանելիքից, որը խեղճ երեխային իր մորն էր հիշեցնում:
Երբ հանդիպեցին ու գրկախառնվեցին, աշակերտն ասաց.
- Շնորհակալություն, որ հավատացիք իմ ուժերին, հավատալ տվեցիք իմ անհրաժեշտությանն ու նշանակությանը, և օգնեցիք հավատալ սեփական ուժերիս, սովորեցրեցիք զանազանել բարին չարից:
Ուսուցչուհին՝ արցունքն աչքերին, պատասխանեց.
- Սխալվում ես, այդ դու ինձ ամեն բան սովորեցրիր: Ես չգիտեի, թե ինչ է պետք սովորեցնել, մինչև որ քեզ չհանդիպեցի…
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի