26 Ապրիլ, Կիր
Սիրելի հավատավոր հայորդիք,
Այսօր՝ Հայ Առաքելական Եկեղեցու ներքո, մեր աղոթքն ենք հղում առ Աստված հայոց պետականության ամենապանծալի ձեռքբերումներից մեկի` հայկական բանակի 22-ամյա տարեդարձի առիթով:
Թվում է` երկու հակոտնյա ծիրեր, որոնք որևէ աղերս չեն կարող ունենալ մեկ-մեկու հետ: Վստահեցնում եմ, որ հայկական բանակի պարագային դա միայն թվացյալ է: Մեկ պահ հետադարձ հայացք նետենք 22-ամյա վաղեմության դիպվածներին, որոնց բերումով, ահավասիկ, սկիզբ դրվեց հայոց կանոնավոր բանակի ստեղծմանը: Խաղաղ, բարեպաշտ մի ժողովուրդ, որ հիրավի աստվածահաճո կենսակերպով շարունակում էր իր գոյակցությունն ազգերի խառնարանում: Այս ընթացքը սասանվում է նենգաբար` Սումգայիթի ու Բաքվի կոտորածներով, հավատացյալ հայորդիների` իրենց բնօրաններից տեղահանմամբ կամ տեղահանման փորձերով: Նրանց եղբայրակիցներին` մեզ, այլ բան չէր մնում, բացի ընդառաջ գնալ մեր բարօրության դեմ նետված մարտահրավերին: Սակայն եղավ ոչ թե ՙատամն ընդ ատաման՚, ինչպես պատվիրված էր Հին Կտակարանում, այլ պաշտպանություն չարից, ամենակործանից: Այն, ինչ նվաճեցին այնժամ հայոց մարտիկները, դա մեր ազգի խաղաղ, արժանապատիվ ապրելու իրավունքն էր Աստծո տված այս անհավերժ ընթացքում: Մենք ստեղծեցինք ոչ թե մարտ տենչող բանակ, այլ մարտնչող, ոչ թե ռազմատենչ, այլ ռազմունակ: Մենք չսանձազերծեցինք պատերազմ, այլ հաղթեցինք պարտադրված պատերազմում: Եվ այդքանով իսկ հայոց պաշտպանությունն արցախյան գոյամարտում ընդունելի և արժանի է աղոթքի հայ առաքելական եկեղեցու կողմից: Հայոց բանակ կոչված հրաշամանուկը դեռևս իր կազմավորման մանկության շրջանից եղավ խաղաղ համակեցության ջատագով, որ և է ներկայումս: Նա երբեք ինքը չեղավ նախահարձակ, և տա Աստված, որ դրա պատեհությունը երբեք չպատահի:
Զուգահեռելով հայոց բանակի պատմությունը քրիստոնեության հետ, զարմանահրաշ նույնություններ ենք նկատում: Ինչպես հաստատվեց քրիստոնեությունը` Պայքարով: Պայքարով իր հավատամքի վեհության, իր դավանանքի ճշմարտացիության և իր ոգեղենության ուժով: Ընդսմին, այս ուժն էր, որ իր դարերի հիշողության բովից փոխանցվել էր հայ շինականին` իբրև պարտադրանքի դեմ հաղթանակի միակ գրավական: Չլիներ Աստծո կողմից շնորհված այդ ոգու ուժը, չէին լինի մեր հաղթանակներն ու Աստված մի արասցէ, մենք բոլորս, ինչու չէ` նաև ամենապանծալի Հայ Եկեղեցին: Արցախյան պատերազմը, հիրավի, չուներ կրոնական բնույթ, սակայն նրա ելքից կարող էին ածանցվել հավատի սասանման, ընդհուպ` մի քրիստոնյա ազգի բնաջնջման հետևանքներ: Այս գիտակցումն է թերևս մղել մեր բազմաթիվ հոգևորականների՝ դարեր շարունակ աղոթքի խաչը ժամանակավորապես փոխարինել մարտական սրով, ինչպես դա եղավ մեծն Եղիշեի, Ղևոնդ Երեցի և մյուսների պարագային:
Եկեղեցի-բանակ սերտ փոխառնչությունների մասին է վկայում փաստը, որ այսօր էլ բազմաթիվ հոգևորականներ ծառայությունն անցկացնում են հայոց բանակում` իրենց աղոթքներով անփորձանք պահելու մեր զինվորականներին` մարտական ընթացքի և անսասան` իրենց հավատի մեջ:
Վստահաբար, այս համագործակցությունն ու մեր աղոթքներն են այն առհավատչյան, թե հայոց եկեղեցին եղել և մշտապես լինելու է իր բանակի կողքին:
Հիշենք մեր տեր Հիսուս Քրիստոսի խոսքերը. <<Տվեք Աստծունը` Աստծուն և կայսրինը` կայսեր>>:
Ուստի այսօր, հայոց ազգային բանակի 22-ամյակի առիթով մեր աղոթքն ենք հղում առ Աստված, փառավորելով նրան.
Որ շնորհեց մեզ գոյատևելու իրավունք,
Մեր բազկին ամրություն, բայց և թույլի վրա այն չբանեցնելու հաստատակամություն,
Անսասան պահեց մեր հավատը փորձության պահին,
Օժտեց մեզ խաղաղասիրությամբ, թեև տվեց մարտնչելու, անգամ` հաղթելու ոգի
Ու ամենուր պահապան եղավ մեր հայոց բանակին:
Եվ շնորհավորում ենք ողջ հայ ազգին, որ կարողացավ անցյալի անազատության բեռը թոթափելով` կերտել կանոնավոր բանակ, որ դարձավ մեր խաղաղ գոյատևման զորեղ գրավականը:
Աստված պահապան հայոց բանակին այսօր և հավիտյանս: Ամեն:
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան