23 Նոյեմբեր, Շբ
Փերմացի հայրերից մեկը պատմեց, թե. «Մի անգամ երեկոյան գնացի հայր Թեոդորոսի մոտ և նրան գտա՝ պատառոտուն վերարկուն հագին, կուրծքը՝ բաց, իսկ կնգուղն էլ առջևի կողմից էր: Այդ պահին ինչոր կոմս եկավ նրան տեսնելու և բախեց դուռը: Ծերը ելավ բացելու, և հանդիպելով նրան` միասին նստեցին դռանը, և ծերը խոսում էր նրա հետ: Ես, մի թիկնոց վերցնելով, ծածկեցի նրա ուսերը, իսկ ծերը, վերցնելով այն, նետեց մի կողմ: Եվ երբ կոմսը գնաց, ասացի նրան. «Հա՛յր, ինչո՞ւ այդպես արեցիր. մարդը եկել էր, որպեսզի օգուտ քաղի, բայց գուցե գայթակղվեց մեզանից»: Ասաց ծերը. «Ի՞նչ ես ասում, հա՛յր, տակավին մարդկա՞նց ենք ծառայում: Մենք մերը կատարենք և անցնենք. ով կամենում է շահել, կշահի, ով կամենում է գայթակղվել, կգայթակղվի: Որ պահին ինչպես որ եմ, այդպես էլ ներկայանում եմ»: Իսկ աշակերտին պատվիրեց և ասաց. «Եթե մեկը գա և ինձ տեսնել կամենա, նրան սուտ չասես, այլ` եթե ուտում եմ, ասա՛ ուտում է, և եթե ննջում եմ, ասա՛՝ ննջում է»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016