22 Նոյեմբեր, Ուր, Հինանց պահքի Ե օր

Ոչինչ ի ցույց մարդկանց չանելու մասին

Վանական միաբանության մի առաջնորդ կար, որն իր հետ մոտ երկու հարյուր  եղբայրներ ուներ: Սա անչափ փառաբանված էր մարդկանցից: Սրան հյուր եկավ Քրիստոս` ծեր աղքատի տեսքով, աղերսեց դռնապանին, որպեսզի նա տեղեկացնի վանահորը, թե ոմն աղքատ ծեր` քո երբեմնի ծանոթը և ընկերը, եկել է և դռան մոտ      է: Դռնապանը խիստ դժվարությամբ կարողացավ մտնել հոր մոտ և ասաց նրան այդ մասին: Հայրը բարկանալով՝ ասաց նրան. «Չգիտե՞ս և չե՞ս տեսնում, որ շատերի հետ եմ խոսում և հոգնած եմ, ինձ հանգի՛ստ թող այս ժամին»: Իսկ նա լսելով այդ` դուրս եկավ և գնաց իր տեղը: Տերը երկայնամտեց և մնաց դռանը մինչև ժամը հինգը, որ գուցե թե երևար մեկը: Ժամը հինգին ոմն մեծահարուստ եկավ այնտեղ, և նրա համար հապճեպ բացելով դռները` նրան ընդառաջ ելավ վանահայրը` մեծ փութաջանությամբ և զգուշությամբ: Եվ տեսնելով նրան մեծահարուստի հետ` աղքատը` Նա, որ մեծ է ողորմությամբ և մեծաշուք Տերն է, աղաչելով ասաց նրան. «Կամենում եմ քեզ հետ մի փոքր խոսել, հա՛յր»: Իսկ նա բնավ պատասխան չտվեց, այլ մեծահարուստի հետ ներս մտավ, որ ճաշեն, քանի որ այն եկվորների պատճառով շտապում էր և շփոթված էր: Եվ երբ ճաշեցին, ելավ դարձյալ վանահայրը այն մեծահարուստի հետ մինչև վանքի դուռը և ճանապարհեց նրան: Եվ երբ ետ դարձավ այնտեղից, աշխարհիկ հոգսերի գերի լինելով, դարձյալ մոռացավ փոքր­ինչ մխիթարություն պարգևել այն տառապյալ ծերին և անհիշաչար Տիրոջը: Եվ մինչև երեկո ոչ մի օրհնալիր կամ արժանի բան չարեցին այն օրհնյալ աղքատին:   Հեռացավ Նա այնտեղից և պատվիրեց հորը այսպես հաղորդել. «Քանի որ մարդկանց  տված փառքը սիրեցիր, հանուն քո նախկին տքնությունների և բազում առաքինությունների, որ գործում էիր դու, աշխարհի չորս կողմերից և երկրի ծագերից մարդիկ կբերեմ, որ գովեն քեզ, քանզի դա ես երազում և դրան ես ձգտում, իսկ այնտեղ Իմ բարիքներից չես ճաշակի և իմ Արքայությունը չես մտնի»: Եվ ճանաչեցին այն աղքատ ծերին, որ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսն էր:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

12.07.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․