Ողորմած մարդուն թե՛ Աստված է միշտ հիշում և թե՛ մարդիկ են աջակցում

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, շարունակում է Ս. Ծննդյան տոնին ընդառաջ աջակցել սոցիալապես անապահով ընտանիքներին: Հերթական ընտանիքը, ում այցելեց համայնքը դեկտեմբերի 27-ին, Աբրահամյան ընտանիքն էր, որ վարձակալությամբ բնակվում է Իսակովի 44/4 բն. 18 հասցեում: Յոթ անդամներից բաղկացած ընտանիքը բանկից վարկով գումար է վերցրել և չվճարելու արդյունքում կորցրել է բնակարանը: Սոցիալապես անապահով ընտանիքը երեք ամիս է, ինչ չի կարողանում տան վարձը վճարել: Ընտանիքի հայրը՝ Աբրահամյան Եղիշեն (55 տ.), շինարար է և մշտական աշխատանք չունի, այժմ միայն ընտանիքի փոքր դուստրն է աշխատում:

Չորս զավակների մայրը՝ Լաուրա Ավագյանը (56 տ.), նշեց, որ, անցյալ տարի ամուսինը երեք վիրահատություն է տարել, ինքը ձայնալարերի հետ կապված առողջական խնդիր ունի, այժմ էլ երեք դուստրերից մեկն է վատառողջ, իսկ իր 17-ամյա տղան բնածին հաշմանդամություն ունի. նրա մի աչքը չի տեսնում:

Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց ընտանիքի համար և նրանց հանձնեց Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի Սրբոց Ղևոնդյանց Մայր տաճարի «Բարի սամարացիներ» խմբի աջակցությամբ գնված ամանորյա անհրաժեշտ սնունդ: Աբրահամյան ընտանիքն իր երախտագիտությունը հայտնեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքին, Տեր Գրիգորին և աջակից անձանց՝ ուշադրության և հոգածության համար:

«Նյութական հարստություն ձեռք բերելիս մարդն ուրախություն է ապրում, բայց այդ ուրախությունը մարդկային է, իսկ երբ մարդն իր ունեցածից է զոհաբերում հանուն իր նմանի, ապա այդ դեպքում նա ապրում է մի ուրախություն, որ աստվածային է: Աստվածային ուրախությունը մենք կարող ենք զգալ մեր նմանի շնորհիվ: Այդպես փոխել մարդու սիրտը, ստիպելով նրան ցնծալ, կարող է միայն ողորմածությունը կամ էլ որևէ բարի արարք, որ արվում է հանուն մերձավորի: Ամենամեծ գումարի դիմաց անգամ աշխարհի ամենալավագույն բժիշկը չի կարող նման արդյունքի հասնել»,- ասել է Ս. Պաիսիոս Աթոսացին: Ապա սուրբը նկարագրել է ողորմած և եսասեր մարդկանց ընտրած ուղիների հետևանքները. «Եթե մարդ չունի զոհաբերող հոգի, ապա այդպիսի մեկը միայն իր մասին է հոգ տանում և ցանկանում է, որպեսզի ուրիշներն իրենց զոհաբերեն հանուն իրեն: Սակայն եսասերը հայտնվում է կրկնակի մեկուսացման մեջ. նա հեռվանում է թե՛ մարդկանցից և թե՛ Աստծուց՝ զրկվելով աստվածային օրհնությունից: Այդպիսի մեկը նաև մարդկային աջակցությունից է զրկվում: Իսկ նա, ով մոռանում է իր մասին, ուրիշի մասին հոգ տանելով, նրան թե՛ Աստված է միշտ հիշում և թե՛ մարդիկ են աջակցում»:

 

 

Կարինե Սուգիկյան

27.12.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․