13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
Ողորմութիւն Քո Տէր զհետ իմ եկեսցէ զամենայն աւուրս կենաց իմոց։
Ողորմությունը Քո, Տե՛ր, պիտի հետևի ինձ կյանքիս բոլոր օրերին (Սաղմոս 22։7)։
Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու.
Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս Կանայի հարսանիքում ջուրը գինի դարձրեց։ Եթե ուշադրություն դարձրել եք, Ավետարանում այս բնույթի հրաշագործության մասին այս մեկ անգամն է պատմվում։ Ավելի շատ են այն օրինակները, երբ Նա բժշկում է մարդկանց, դևեր է հանում, ծովի վրայով քայլում է, խաղաղեցնում է ծովը, բազմացնում է հացն ու ձուկը, մահացածներին հարություն է տալիս։ Եկեղեցու հայրերը Կանայի հարսանիքի հրաշքը բացատրում են նրանով, որ Տերը Իր օրհնությամբ հաստատեց ընտանիքի ստեղծման՝ դեռևս Ադամից ու Եվայից սկզբնավորվող՝ Իր իսկ դրած պատվիրանը։
Հետաքրքիր է այն հանգամանքը, որ նորապսակները նույնիսկ չիմացան գինու պակասի մասին և չէին էլ խնդրել Քրիստոսին հրաշք գործել։ Այս օրինակը ևս մեկ անգամ հաստատում է այն, որ Աստծու գթությունն ու ողորմածությունը պայմանավորված չեն մեր արժանիքներով։ Աստված անսահման բարի է և ողորմած։ Նորապսակները նույնիսկ չգիտեին, որ իրենք հյուրընկալել են Աստծու Միածին Որդուն, և Նրա հրաշագործությամբ առկա խնդիրը պիտի լուծվի։
Մենք էլ, սիրելինե՛ր, պետք է ուշադիր լինենք, որպեսզի տեսնենք Աստծու առաջնորդությունն ու օրհնությունը մեր կյանքում և օրվա ժամերի ու վայրկյանների մեջ տեսնենք Աստծու ներկայությունն ու կատարած հրաշքները։ Մարդու հոգու աչքերը պետք է կույր չլինեն տեսնելու և գիտակցելու համար ամենօրյա հրաշքները, որոնցով ողողված է մեր կյանքը։ Պարզապես պետք է նայել շուրջբոլորը և գոհունակ սրտով փառաբանել Աստծուն ամեն ինչի համար։ Եթե մարդ ամեն ինչ պիտի բացատրի տիեզերական, ֆիզիկայի կամ քիմիայի օրենքներով և այդ ամենի ետևում չտեսնի այդ օրենքները հաստատող տիեզերքի Արարչին, ապա նշանակում է՝ կույր են նրա հոգու աչքերը։ Աստված բոլորիս հետ է և բոլորիս կյանքում, այդ մարդն է, որ մերժում ու ժխտում է Նրա գոյությունը։ Մեզանից յուրաքանչյուրը կարող է փաստել, թե որքան հրաշքներ են կատարվում մեր կյանքում։ Այդ իսկ պատճառով հարկ է, որ աղոթքներով վստահենք մեր կյանքը Աստծուն, որովհետև Նա ամեն ինչ տնօրինում է ի շահ մեր փրկության։
Մարդիկ հաճախ խորամուխ են լինում առօրյա կենցաղային հոգսերի, զբաղմունքների ու խնդիրների մեջ և չեն տեսնում Աստծու լույսն ու հրաշքները իրենց կյանքում։ Մինչդեռ հավատավոր մարդու համար ամեն օրը հրաշք է, ամեն ինչ հրաշք է։ Նա տեսնում է Անտեսանելի Աստծու օրհնյալ ձեռքը ամեն ինչում և օրհնում է Տիրոջը, նրա սիրտը փառաբանում է Նրան։ Սակայն հրաշքը ճշմարիտ հավատացյալ մարդու համար պարտադիր պայման չէ Աստծուն հավատալու համար։ Նրա հավատքը չի ծնվում հրաշք տեսնելուց։
Երբ օրենսգետներն ու փարիսեցիները նշան պահանջեցին Հիսուսից, Նա ասաց. «Չար և շնացող ազգը նշան է փնտրում, այլ նշան չի տրվի նրան, բայց միայն Հովնան մարգարեի նշանը, որովհետև, ինչպես Հովնանը երեք օր ու երեք գիշեր կետի փորի մեջ էր, նույնպես և մարդու Որդին երկրի ընդերքում՝ երեք օր ու երեք գիշեր։ Նինվեի մարդիկ դատաստանի ժամանակ այս ազգի դեմ պիտի դուրս գան և պիտի դատապարտեն նրան, քանի որ նրանք Հովնանի քարոզությամբ ապաշխարեցին, և ահավասիկ այստեղ Հովնանից մեծը կա։ Հարավի Դշխոն դատաստանի ժամանակ պիտի դուրս գա այս ազգի դեմ և պիտի դատապարտի նրան, որովհետև նա երկրի ծագերից եկավ լսելու Սողոմոնի իմաստությունը, և ահա այստեղ Սողոմոնից մեծը կա» (Մատթեոս 12։ 38-42)։ Առհասարակ Տիրոջ հետ կապված իրադարձությունները և Նրա պատմած առակները մեկնվում են թե՛ իբրև Նրան ու հրեաներին և թե՛ իբրև մեր անձերի ու Աստծու փոխհարաբերությանը վերաբերող այլաբանություն։ Այստեղ խոսքը վերաբերում է նաև նրանց, ովքեր համառորեն կուրացրել են իրենք իրենց, խստացրել իրենց սրտերը հրեա առաջնորդների պես ու չեն տեսնում և ընդունում Քրիստոսի Աստվածությունը։
Անիրավ դատավորի և այրի կնոջ առակը պատմելուց հետո Տերն ասաց «Աստված արդարություն չի՞ անի Իր այն ծառաներին, որոնք գիշեր և ցերեկ աղաղակում են, և նրանց հանդեպ միայն համբերատա՞ր կլինի։ Այո՛, ասում եմ ձեզ, նրանց իսկույն արդարություն կանի, իսկ երբ մարդու Որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի՞» (Ղուկաս 18։7, 8)։ Մենք հավատքով և աղոթքներով հրաշքներ կտեսնենք, կստանանք մեր ուզածը Աստծուց, բայց Աստծու համար կարևոր է, որ փնտրենք Նրան առաջին հերթին որպես մեր Արարիչ Աստծու, սիրենք Նրան մեր ողջ սրտով, հոգով, մտքով ու մեր ողջ զորությամբ։ Նա իրական հավատք է փնտրում է մեր մեջ և ցանկանում է իրեն հոգով և Ճշմարտությամբ փնտրողների տեսնել։
Եվս մեկ դատապարտության խոսքեր ասվեցին Տիրոջ կողմից այն ժամանակ, երբ հինգ հացն ու երկու ձուկը բազմացնելուց հետո հինգ հազար մարդ կերավ ու կշտացավ։ Նա գնաց Կափառնայումի կողմը, ժողովուրդը Նրա ետևից եկավ։ Հիսուս Նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, դուք Ինձ փնտրում եք ոչ թե նրա համար, որ նշաններ տեսաք, այլ որովհետև կերաք այն հացից և կշտացաք։ Գնացեք աշխատեցե՛ք ոչ թե կորստյան ենթակա կերակրի համար, այլ այն կերակրի, որը մնում է հավիտենական կյանքի համար, և որը մարդու Որդին կտա ձեզ, քանի որ Նրան Իր կնիքով հաստատել է Հայրը՝ Աստված» (Հովհաննես 6։26, 27)։ Ահա այստեղ էլ Տերը սովորեցնում է չմտածել երկրային կերակուրների մասին, այլ առաջնահերթ երկնային կերակուրի մասին, որը ճաշակելու համար Նա հրավեր է անում բոլորիս։ Սակայն անտարբեր կլինե՞նք դրա նկատմամբ, թե՞ մեր սիրտը կարձագանքի այդ հրավերին, մենք ենք որոշում։
Սիրելինե՛ր, Ավետարանը թող առաջնորդ լինի մեր կյանքում, որպեսզի կարողանանք առաջնահերթությունները տարբերել, ապրել Հիսուս Քրիստոսի վարդապետության համաձայն, որպեսզի Նրանից ճշմարիտ հավատք ունենալու գովաբանության խոսքեր լսենք։ Նա հրեաներին ասում էր, որ նրանց համար նշան կլինի Հովնան մարգարեի նշանը, տաճարի քանդումն ու երեքօրյա կառուցումը, որով խորհրդանշաբար ակնարկում էր Իր հարության մասին։ Մենք արդեն իսկ գիտենք Նրա հարության մասին, սակայն որքանո՞վ ենք հավատում Նրա Աստվածությանը, մարմնանալուն, մեր փրկության համար խաչելությանն ու հարությանը, Նրա խոստացած հավիտենական կյանքին։
Սիրելինե՛ր, Աստվածամոր բարեխոսությամբ թող Աստված առաջնորդի և տնօրինի մեր կյանքը Իր սուրբ և բարի կամքի համաձայն։ Փնտրենք Աստծուն ոչ թե մեր իղձերի կատարման համար, այլ առաջին հերթին հենց Նրա Աստվածության համար, սիրենք Նրան հոգով և ճշմարտությամբ, և մեր կյանքը նոր աչքերով կգնահատենք, կհասկանանք, թե որքան շատ է նրանում հրաշքը։ Աստված թող առաջնորդի մեզ ճշմարիտ հավատքի մեջ և իր ողորմությունը հարատևի մեր կյանքում։
Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն․ ամեն։
Տեր Վահան քհն․ Առաքելյան