23 Նոյեմբեր, Շբ
Առավոտից անձրևը չէր դադարում, և ավտոբուսի սրահում թրջված ու դժգոհ մարդիկ էին նստած: Երկու կին սկսեցին սարսափելի վիճել, քանի որ նրանցից մեկն իր պայուսակի սուր անկյունով պատռել էր մյուսի զուգագուլպան: Մռայլ դեմքերով տղամարդիկ պատուհանից դուրս էին նայում կամ իրենց հեռախոսներով էին զբաղված և նրանցից ոչ ոք իր տեղը հղի կնոջը չէր զիջել: Սրահի օդը ներծծված էր դժգոհությամբ ու բարկությամբ:
Ավտոբուսի վարորդը երբեմն-երբեմն հայելու մեջ էր նայում ու տեսնում, թե ինչ մթնոլորտ է տիրում սրահում: Հերթական կանգառին մոտենալիս նա բարձրախոսով անսպասելի հայտարարություն արեց. «Հարգելի՛ ուղևորներ, գիտեմ, որ բոլորդ հոգնած եք, որ երկար ու դժվար օր եք ունեցել: Ես չեմ կարող եղանակը փոխել և խցանումները վերացնել, բայց կարող եմ մի ուրիշ բան անել: Առաջարկում եմ, որ այն մարդիկ, ովքեր ուզում են վիրավորանքից ու դժգոհությունից ազատվել, առջևի դռնից իջնեն և իմ ափի մեջ դնեն իրենց բոլոր հոգսերը: Իսկ իմ մասին մի մտահոգվեք, ես կուտակված այդ ողջ բեռը վերջին կանգառի մոտ հոսող գետակը կնետեմ»:
Ուղևորները սկսեցին ժպտալ: Եթե մինչ այդ ուշադրություն էլ չէին դարձրել, թե ով է իրենց կողքին նստած, ապա այժմ միմյանց էին նայում և զարմացած ուսերը թոթվում՝ մտածելով, որ վարորդը կատակում է: Բայց երբ հասան հաջորդ կանգառ, նա շրջվեց դեպի սրահն ու ժպտալով մեկնեց ձեռքի ափը: Եվ յուրաքանչյուր ուղևոր, որ պիտի իջներ, անցնում էր նրա կողքով և ձևացնում, թե ինչ-որ բան է դնում նրա ափի մեջ: Մեկը դա ժպիտով էր անում, մյուսը՝ արցունքն աչքերին, բայց բոլորն էլ դիպան նրա ձեռքին, և այդպես շարունակվեց մինչև վերջին կանգառը:
Բոլոր մարդիկ էլ դժվարություններ ու խնդիրներ ունեն: Հաճախ ուժասպառ ես լինում և այլևս չես ուզում պայքարել: Օգնության կոչ ես անում՝ մոռանալով, որ նախ ինքդ կարող ես օգնության ձեռք մեկնել որևէ մեկին և հենց այդ կերպ քեզ էլ օգնած կլինես:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի