23 Նոյեմբեր, Շբ
Փոքրիկ տղան հոր հետ զբոսնում էր անտառում: Մի քիչ քայլելուց հետո նրանք մի մեծ ու ծանր ճյուղ տեսան ճանապարհին ընկած, որը փակում էր իրենց ճամփան: Տղան հորը հարցրեց. «Ի՞նչ ես կարծում, ես կկարողանա՞մ այն մի կողմ քաշել ճանապարհից»: «Եթե ողջ ուժերդ գործածես, ապա վստահ եմ, որ կկարողանաս»,- պատասխանեց հայրը:
Տղան շատ ջանք թափեց ճյուղը մի կողմ քաշելու համար, բայց ոչինչ չստացվեց, որովհետև բավականաչափ ուժեղ չէր: Նա հիասթափությամբ ասաց. «Դու ճիշտ չէիր, հայրի՛կ: Ես չկարողացա այն տեղափոխել»: Հայրը խորհուրդ տվեց կրկին փորձել, սակայն կրկին ոչինչ չստացվեց: Նրա անհաջող փորձերը տեսնելով՝ հայրը վերջապես ասաց. «Որդի՛ս, ես քեզ խորհուրդ տվեցի բոլոր ուժերդ գործածել, իսկ դու դա չարեցիր, քանի որ ինձնից օգնություն չխնդրեցիր»:
Մենք մեր ողջ ուժերը կիրառած չենք լինում, քանի դեռ չենք ընդունում ու գնահատում նրանց, ովքեր սիրում են մեզ, մեր կողքին են և միշտ պատրաստ են օգնության ձեռք մեկնել:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի