ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, սպասավոր Վաչագան սարկավագ Դոխոլյանի գլխավորությամբ, օգոստոսի 20-ին մեկնեց երկօրյա ուխտագնացության Տաթևի վանական համալիր: Վաղ առավոտյան Սբ. Անանիայի մատուռ-դամբարանում ուխտավորները՝ թվով քառասուն հոգի, միասնական աղոթքից հետո սկսեցին իրենց ուխտի ճանապարհը՝ իմաստավորելով այն աղոթքով և սաղմոսերգությամբ: Համայնքային կյանքում ուխտի ճանապարհները զորացնում և ամրացնում են համայնքի յուրաքանչյուր անդամին՝ դրանով իսկ և ողջ համայնքին:
«Կառուցենք մեր տաճարները». այս խորագիրն էր կրում համայնքի հերթական ուխտագնացությունը: «Մեր մարմինը մեր հոգու տաճարն է, ինչն էլ պետք է ծառայի մեր հոգու փրկությանը: Կառուցենք մեր տաճարները, այսինքն՝ մեր մարմինները, որպեսզի ծառայեն մեր հոգուն: Մեզ համար տաճար է նաև մեր ընտանիքը, կառուցենք մեր տաճարները՝ մեր ընտանիքները, հոգևոր հիմքի վրա, և այդ ընտանիքներից էլ դուրս կգան մեր ապագա հոգևորականներն ու առողջ քաղաքացիները: Եվ այս կերպ էլ կկառուցենք մեր տաճարները, ապա մեր հայրենիքը՝ մեր ազգի ընդհանուր տաճարը»,- ուխտի նպատակի մասին մանրամասնեց Վաչագան սարկավագը:
Ժամեր անց ուխտավորներն արդեն Տաթևի վանական համալիրում էին: Դեպի երկինք հասնող ամուր բարձունքի վրա հաստատված Տաթևն իր խոնարհ և աղոթական ներկայությամբ ասես խնդություն էր ապրում ուխտավորների այցից: Երկկողմանի էր այդ խնդությունը: Ուխտավորները փառաբանեցին Տիրոջը, Ում ողորմածությամբ իրենք արժանի եղան աղոթքի կանգնելու այդ սուրբ կամարներից ներս՝ իրենց խոնարհումը բերելով նաև «Եռամեծ» վարդապետի՝ Սբ. Գրիգոր Տաթևացու շիրիմին՝ խնդրելով Սրբի բարեխոսությունը:
Աղոթական շնչով հագեցած սրբավայրը կարծես Սբ. Գրիգոր Տաթևացու այս խոսքերն էր հիշեցնում իր ուխտավորներին՝ աղոթքով մենք մտքով Աստծո հետ ենք լինում, և Աստված բնակվում է մեզանում, ըստ այնմ՝ «Ես և Հայրը նրա մոտ կգանք» (Հովհաննես 14:23), նաև ասում է, թե Սբ. Հոգին սկզբից բնակված էր աղոթողի հոգում «և բարեխոս էր լինում անմռունչ հեծություններով» (Հռոմեացիներ 8:26):
Ուխտագնացության առաջին օրը երեկոյան ուխտավորները մասնակցեցին Երեկոյան, Խաղաղական և Հանգստյան ժամերգություններին, իսկ հաջորդ օրն առավոտյան՝ կանոնական սաղմոսերգությունից հետո Գիշերային, Առավոտյան և Արևագալի ժամերգություններին, ապա՝ Սբ. Պատարագին:
Պատարագիչը՝ Տաթևի վանահայր Միքայել վարդապետ Գևորգյանը, քարոզին անդրադարձավ Սբ. Մարիամ Աստվածամոր դերին և նշանակությանը՝ մեջբերելով աստվածաշնչյան Երգ Երգոց գրքից հետևյալ հատվածը. «Փակված պարտեզ ես, քո՛ւյր իմ հարս, փակված պարտեզ և կնքված աղբյուր» (Երգ Երգոց 4:12): Հայր Սուրբը նշեց երեք այգիներ, որոնցից մեկում խոզերը մտել և ավերել էին, մյուսը խոզերի ավերումից հետո վերակառուցվել էր, իսկ երրորդում խոզերը չէին մտել և չէին ավերել, որը փակված այգի էր և ուր հաճեցավ բնակվել Թագավորը, այդ այգին Աստվածամայրն է: Մյուս երկու այգիների խորհրդանիշների հետ կապված էլ ասաց. «Ավերված այգին Աստծուց հեռու գտնվող մարդն է, իսկ ավերված և վերակառուցված այգին մենք, ուր երբեմն-երբեմն այցելում է Աստված և վերակառուցում»: Հայր Միքայելը նաև նշեց եկեղեցու հայրերի կողմից ներկայացված համեմատություններն Աստվածամոր վերաբերյալ՝ նա կնքված աստվածային այգում խոնարհության մի մանուշակ է, կարմիր վարդ՝ Աստծո հանդեպ իր մեծ սիրով վառված, փշերի մեջ բացված սպիտակ մի շուշան, որ իր ճերմակությունը պահպանեց հետհարության հալածանքների ժամանակ ևս և նրա բարեխոսությամբ է, որ մարդը վերստին նորոգվում է:
Ուխտավորների համար ուխտի ճանապարհը նաև հույսի մի ճանապարհ էր, քանի որ իրենք, Սբ. Պողոս առաքյալի խոսքի համաձայն, լիառատ են այն հույսով, որ հույս պարգևող Աստված, Սբ. Հոգու զորությամբ, հույսով կառատացնի և կլիացնի իրենց ամբողջական ուրախությամբ և խաղաղությամբ (Հռոմեացիներ 15:13)՝ տաճարներ կառուցելու և վերանորոգելու կարևոր առաքելության մեջ: Երկօրյա ուխտագնացությունն ուխտավորներին արժանացրեց այն մեծագույն պարգևին, որ ունենում են Աստծո տուն մուտք գործող անձինք: Այդ պարգևի մասին է մատնանշել Սբ. Հովհան Ոսկեբերանը՝ ասելով. «Եկեղեցի գնացողն այնտեղից տանում է ոչ այլ ինչ, եթե ոչ հենց Իրեն՝ Հիսուս Քրիստոսին»:
Կարինե Սուգիկյան