Ուխտագնացությունների շարք, որ մեկնարկեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուց

Մարտի 29-ին Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցի տասներորդ դասարանի աշակերտները, անգլերենի մանկավարժ Արփինե Ավետիսյանի ուղեկցությամբ, ուխտի էին եկել Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի:

«Մինչև Ս. Հարության տոնը նախատեսել ենք ուխտագնացությունների շարք, որի մեկնարկը սկսեցինք Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուց: Դպրոցականների ցանկությունն էր նաև հանդիպում ունենալ հոգևորականների հետ և զրուցել իրենց հուզող հարցերի շուրջ»,- ասաց տիկին Ավետիսյանը, ով նաև Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամ է:

Դպրոցականների հետ հանդիպեց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը: Տեր Հայրը նրանց փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի հայրական օրհնությունը, ապա ներկայացրեց եկեղեցու պատմությունը և այն բացատրությունները, որոնց հիման վրա Ս. Աստվածածին եկեղեցին ստացել է «Զորավոր» անվանումը: Դպրոցականները, Տեր Գրիգորի առաջնորդությամբ, աղոթեցին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում և ծանոթացան նաև սրբի վարքագրությանը: Այնուհետև դպրոցականների հուզող հարցերի շուրջ ծավալվեց ջերմ զրույց: Երևանի հնագույն եկեղեցու օրհնությամբ զորացած՝ դպրոցականները հաղորդ դարձան ուխտագնացության բուն նպատակին: Տեր Գրիգորը դպրոցականներին մաղթեց, որ Տիրոջով զորացած շարունակեն դեպի եկեղեցի տանող իրենց աստվածահաճո ընթացքը և քրիստոնեական առաքինությամբ ու ծառայասիրությամբ դառնան արժանի զավակները Մայր հայրենիքի և Մայր եկեղեցու: Եվ որպես հուշ այդ օրվան՝ Տեր Հայրը նրանց նվիրեց Աստվածամոր պատկերով սրբանկար-աղոթաթերթիկ:

«Ողջունելի է, որ պատանիները եկեղեցի էին այցելել հարցադրումներով, քանի որ տարիքային այս փուլում կարևոր է, որ իրենց հավատքի անձնական փորձառությունն  արտահայտելու առիթ տրվի նրանց, որպեսզի իրենք իրենց ընդունված զգան որպես անհատներ և գիտակցորեն արժևորեն իրենց հարուստ ժառանգությունը: Դեռահասների քրիստոնեական դաստիարակության համար կարևոր խթան է հանդիսանում մանկավարժների կամ ծնողների քրիստոնեական ճշմարիտ կերպարը, ինչն էլ իրենց համար դեպի Աստված և դեպի եկեղեցի հարթող մի ճանապարհ է հանդիսանում: Երբ դեռահասներին մասնակից ենք դարձնում եկեղեցական կյանքին, ապա նրանք անմիջականորեն են ապրում այն զգացողությունը, որ ինչպես բոլորը, այնպես էլ իրենք Քրիստոսի Մարմնի՝ եկեղեցու, հարազատ անդամներն են, և որ բոլորին սնուցող և կյանք պարգևող Քրիստոսի Մարմինն առավել է զորանում իրենցից յուրաքանչյուրի գործուն ներկայությամբ»,- ասաց Տեր Գրիգորը:

 

 

Կարինե Սուգիկյան

29.03.17
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․