5 Դեկտեմբեր, Եշ
Հունիսի 14-ին ուխտավորների մի խումբ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ ուխտի մեկնեցին Նորավանք և Արենիի Սբ. Աստվածածին եկեղեցի: Այս ուխտավորներին համախմբել և բարեկամացրել էր տարեսկսզբյան ուխտագնացությունը: Նրանք Տեր Գրիգորի առաջնորդությամբ տարին սկսել էին Երուսաղեմ ուխտագնացությամբ՝ առիթ ունենալով Հիսուս Քրիստոսի ծնունդը նշել Տնօրինական սրբավայրերում, իրենց սրտից ու հուգուց բխած աղոթքը հղելով առ Աստված:
Դեպի Նորավանք ճանապարհին Տերունական աղոթքից հետո ուխտավորների շուրթերին ամենօրյա աղոթք դարձած փառաբանական շարականն էր՝ «Առաւօ՛տ լուսոյ»-ն:
Առաւօ՛տ լուսոյ՝
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա՛:
«Արդար Արեգակի» փառաբանությամբ այբբենական կարգով եռատող շարքերով բոլորի աղերսն էր առ Տերը՝ կենդանի Լույսով լուսավորված ողորմության ծածուկ գանձը գտնել, ողորմության դռնով անցնել և վերինների հետ դասվել, մեղքերի թողությամբ բժշկվել, նորոգվել և հաստատվել հավատի, հույսի և սիրո մեջ, որպեսզի Տիրոջ գթությամբ և ողորմությամբ հույս ունենան ապրելու: Իսկ մինչ երկնային առագաստը հասնելը բոլորի հայացքը դեպի Տերն է.
Ճառագա՛յթ փառաց,
Ճանապարհ ինձ ցոյց՝
Ճեպել ի յերկինս:
Տեր Գրիգորի հետ միասին ուխտավորներն որոշեցին ուխտագնացությունը նվիրել երիտասարդությանը:
Նորավանքում ուխտավորները մասնակցեցին Սբ. Պատարագի: Պատարագիչ Տեր Սեպուհ քահանա Հարությունյանը, օրվա Ավետարանական ընթերցմանը համապատասխան, պատգամեց ներկաներին սուրբ պահել կիրակի օրը: Նշելով, որ քրիստոնյայի համար սուրբ օրը շաբաթի փոխարեն Քրիստոսի հարությամբ դարձավ կիրակին: Շաբաթ օրը հարգելու հարցի հետ կապված Տեր Սեպուհն ասաց, որ Քրիստոսի ժամանակվա փարիսեցիներն այսօր էլ կան, որոնց և ուղղված են Տիրոջ խոսքը. «Շաբաթ օրը մարդու համար է եղել, և ոչ թե մարդը՝ շաբաթ օրվա համար» (Մարկոս 3:27-28): Կարևորելով այն, որ առանց օրենքի չենք կարող գնալ դեպի Քրիստոս, քանի որ մեր Տերը չեկավ ջնջելու, այլ լրացնելու Օրենքն ու մարգարեությունը:
Ուխտավորների հաջորդ ուխտավայրը Արենի գյուղի մոտ, Արփա գետի ձախ ափին, բարձունքի վրա գտնող 14-րդ դարի Արենիի Սբ. Աստվածածին եկեղեցին էր: Միասնական աղոթքից հետո, զորացած այս սրբավայրերի օրհնությամբ, ուխտավորները վերադարձան Երևան:
Փոքրիկ ուխտավոր 12-ամյա Դավիթն առաջին անգամ Երուսաղեմ է ուխտագանցության գնացել, որից հետո նա ամեն մի ուխտագնացության մեծ սիրով է մասնակցում: «Հրաշք
վայր էր Երուսաղեմը, շատ եմ հավանել Սբ. Հարություն տաճարը: Մեծ զորություն ստացա, հավատքս ավելի ամարապնդվեց, ես նորից կգնայի Սուրբ Երկիր»,- ասաց Դավիթը:
Գայանեի ցանկությունն է, որ երիտասարդներն Աստծո օգնությամբ կանաչ ճանապարհ ունենան, իրենց տեղը գտնեն այս կյանքում: Իսկ Երուսաղեմ ուխտագնացությամբ նա իր աչքերով տեսավ այն ամենը, ինչ լսել էր կամ տեսել: Եվ առ այսօր նա զգում է և ապրում այդ սրբավայրերի օրհնությունն ու զորությունը:
Իսկ 76-ամյա Մարջիկ տատիկը փառք է տալիս Աստծուն իրեն պարգևած բազմաթիվ շնորհների համար: Նա իր ծնողների հետ դեռ փոքր տարիքից է ուխտերի մասնակցել՝ հրաշքների ականատես լինելով: Արևմտյան Հայաստանում, Երուսաղեմում, Արցախում և Հայաստանի բազմաթիվ այլ սրբավայրերում է եղել Մարջիկ տատիկը: Ամեն մի ուխտագնացությամբ նա հոգևոր մեծ ուրախություն է ապրել: Իսկ Երուսաղեմ ուխտագնացությունը նրա համար լի էր հրաշքներով և զորությամբ. «Երուսաղեմում կարծես ուրիշ մարդ լինես՝ հեռու ամեն մի հոգսից և խնդիրներից: Մեծ սիրով լցված քայլում ես Տիրոջ հետքերով: Այդ զորությունն այն զգացողությունն է ստեղծում, որ կարծես առհավետ կապված ես եղել այդ Սիրո հետ, այդ զորության շնորհիվ է, որ ուխտավորները այդքան հարազատացել են միմյանց հետ: Կարևոր է, որ չմոռանանք միմյանց սիրելու Տիրոջ պատգամը»:
Ամեն մի ուխտագնացությամբ ուխտավորն իր աղոթքով անցյալը դարձնում է ներկա և հաղորդվում այդ անցյալին հոգով, սրտով և մտքով:
Կարինե Սուգիկյան