Ուխտավորների հոգևոր ուրախությունը կրկնապատկվել էր

Ուխտավորների հոգևոր ուրախությունը կրկնապատկվել էր | Okhtavorneri Hogevor Urakhutyuny Krknapatkvel Er

Այս տարի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը նշեց մայիսի 14-ին: Տոնական օրը համընկել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ուխտի օրերից մեկի՝ սբ. Մովսես Գ Տաթևացի հայրապետի (1629-1632թթ.) մահվան հիշատակության օրվա հետ, ինչի առթիվ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի  բերվեց «Զորավոր» Ավետարանը: Մինչև Ս. Պատարագի սկիզբը եկեղեցու հոգևոր դասը և մեծ թվով ուխտավորներ եկեղեցու արևելյան մուտքից հանդիսավոր թափորով դիմավորեցին «Զորավոր» Ավետարանը: Թափորը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, «Զորավոր» Ավետարանը բերելու հատուկ արարողակարգով, մուտք գործեց եկեղեցի, որտեղ և շարունակվեց արարողակարգը: 

Տոնական Ս. Պատարագը մատուցեց Տեր Խորեն քահանա Պերթիզլյանը: Մինչև քարոզը Տեր Հայրը հոգևոր դասի և համայնքի անունից շնորհակալություն հայտնեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանին, ում հայրական օրհնությամբ հավատավոր հայորդիները տարվա մեջ մեկ անգամ իրենց խոնարհումն ու երկրպագությունն են բերում «Զորավոր» Ավետարանին: Քարոզին Տեր Խորենը մասնավորաբար ասաց. «Այսօր զույգ առիթներ ունենք նշելու. Քրիստոսի համբարձումը, որ հրավիրում է մեզ հոգևոր արժեքներով ապրելու՝ իմանալով, որ մնայուն բնակության վայրը երկինքն է՝ վերին Երուսաղեմը և այնտեղ հասնելու համար պետք է քայլենք հաստատուն հավատքով և երկրորդ՝ մեր աչքի առաջ ունենք սրբակրոն անձի՝ սբ. Մովսես Տաթևացու օրինակը, որ ոչ միայն կոչում ուներ, այլև կոչումը արժևորելու և Քրիստոսի նմանողությամբ ապրելու կյանքի նշանաբան»:   

Ուխտի Սուրբ Պատարագի ավարտին Համբարձման տոնախմբությունը շարունակվեց. ներկաներին հաճելի անակնկալ մատուցեցին «Հայկական երիտասարդական ցանց»-ի պարող անդամները: Նրանք իրենց ազգագրական երգ ու պարով և խաղերով ուրախ ու տոնական մթնլորոտ ստեղծեցին: Երիտասարդների կազմակերպած խաղերը մեծ հետաքրքրություն առաջացրին ներկաների շրջանում: Բոլորը միացան տոնական միջոցառմանը, երգեցին, պարեցին և վայելեցին հայկական ավանդույթների գեղեցկությունը:

Ուխտավորները մինչև Երեկոյան ժամերգությունը հաղորդակից եղան «Զորավոր» Ավետարանի անսպառ զորությանը՝ հայցելով օրվա հիշատակելի սրբի՝ Մովսես Գ Տաթևացու բարեխոսությունը: Ավետարանին հաղորդակից եղող յուրաքանչյուր քրիստոնյա այնտեղ գտնում է սրտի, հոգու և կյանքի փոփոխության կոչ, մերձավորին սիրելու և ծառայելու, սրբության և ներման կոչ։ Եկեղեցու հայրերից սբ. Հուստինոս Վկան ասել է. «Եկե՛ք և հաղորդվեցե՛ք անգերազանցելի և իր նմանը չունեցող իմաստությանը, սովորեցե՛ք Աստծու խոսքից, ճանաչեցե՛ք հավիտենական Թագավորին: Աստծու խոսքն իր զորությամբ թափանցում է մեր հոգիների մեջ: Այս զորությունը մեզ չի դարձնում ո՛չ բանաստեղծ, ո՛չ իմաստուն, ո՛չ էլ անվանի հռետոր, այլ առաջնորդում է դեպի վեհ գաղափարեր. մեզ մահկանացուներիս, տանում է անմահության՝ այսրաշխարհից ուղեկցելով դեպի անդրաշխարհ»:

 

Կարինե Սուգիկյան

 

14.05.26
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․