25 Նոյեմբեր, Բշ
Աստծու կողմից արարված աշխարհը ոչ միայն պետք է ճանաչել ու վայելել, այլ նաև խնամել ու մշակել: Վերջին ժամանակներում մարդիկ, ցավալիորեն, միայն իրենց շահը փնտրելով, գործում են արարչագործության դեմ՝ ահռելի վնասներ հասցնելով բնությանն ու կենդանական աշխարհին: Մարդիկ դադարել են Արարչի ներկայությունը բնության մեջ տեսնելուց: Մի քանի սերունդ, անմտորեն և ագահորեն վարելով տնտեսությունը, թունավորում են տիեզերքը: Օդը, ջուրը, հողը կորցրել են իրենց մաքրությունը, կենդանիների շատ տեսակներ անհետացել են երկրի երեսից: Աստված մարդուն շնորհել է Իր պատկերն ու նմանությունը, նաև ազատություն և բանականություն, որպեսզի պատասխանատու լինի արարչագործության համար: Օրինակ՝ անտառային կենդանիները չէ, որ պատասխանատու են անտառի համար կամ ջրային կենդանիները՝ ծովի և օվկիանոսի համար: Քրիստոսին հետևող յուրաքանչյուր անձ կոչված է խնամելու և պահպանելու արարչագործությունը:
Մեծ սիրով է նկարագրված արարչագործությունը Սուրբ Գրքում. «Թող ուրախանա ծարաված անապատը, թող ցնծա անապատը ու ծաղկի ինչպես շուշանը» (Եսայի 35:1), «Երկինքը պատմում է Աստծու փառքը, և երկնքի հաստատությունը հայտնում է Նրա ձեռքի գործերը» (Սաղմ. 18:1-3), «Երբ աստղերը ցիրուցան եղան, աստղերի բոլոր հրեշտակները մեծաձայն օրհնեցին Ինձ, Իմ բոլոր հրեշտակներն էլ գովեցին: Ծովը փակեցի դարպասներով, երբ այն իր մոր որովայնից ծնվեց դուրս եկավ» (Հոբ 38:7-9), մեկ խոսքով արարչագործությունը՝ որպես մի մեծ երգչախումբ, երգում է Աստծու փառքը: Ինչպես մարդիկ են փառաբանում Աստծուն, այնպես էլ կենդանիները, թռչունները և ողջ տիեզերքը: Այս մասին է 148-րդ սաղմոսի՝ Աստծուն փառաբանելու տիեզերական կոչը. «Օրհնեցե՛ք Նրան, Նրա բոլո՛ր հրեշտակներ, օրհնեցե՛ք Նրան, Նրա բոլո՛ր զորություններ: Օրհնեցե՛ք Նրան, արեգա՛կ և լուսի՛ն, օրհնեցե՛ք Նրան, բոլո՛ր աստղեր և լույս: Օրհնեցե՛ք Նրան, երկինքների՛ երկինքներ, և ջրե՛ր՝ որ վեր եք երկնքից: Օրհնեցե՛ք Տիրոջը երկրի վրայից, վիշապնե՛ր և բոլո՛ր անդունդներ: Հուր և կարկուտ, ձյուն և սառնամանիք, հողմ ու մրրիկ, դուք, որ Նրա խոսքն եք կատարում, լեռնե՛ր և բոլո՛ր բլուրներ, պտղաբե՛ր ծառեր և բոլո՛ր մայրիներ, գազաննե՛ր և ամեն տեսակի անասուննե՛ր, սողուննե՛ր և ամեն տեսակի թևավոր թռչուննե՛ր» (Սաղմ. 148:2-11):
Աստված Իր կողմից արարված դաշտային բոլոր գազաններին, երկնքի բոլոր թռչուններին բերեց Ադամի մոտ, որ տեսնի, թե Ադամը ինչ անուն կտա դրանց: Եվ Ադամն ինչ անուն որ տար ամեն կենդանուն, այն կլիներ դրա անունը (Ծննդ. 2:19-20): Անուն դնել, նշանակում է իշխանություն ունենալ, այս մասին հաստատում է Սուրբ Գիրքը. «Տեր Աստված Իր ստեղծած մարդուն տեղավորեց բերկրության դրախտում, որպեսզի սա մշակի ու պահպանի այն» (Ծննդ. 2:15): «Աճեցե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը, տիրեցե՛ք դրան, իշխեցե՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի բոլոր անասունների ու երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա» (Ծննդ. 1:28): Իշխանությունը, որ Աստված տվեց առաջին մարդկանց, նախ և առաջ պարտականությունն է: Սուրբ Գիրքը հիշեցնում է՝ ում շատ է տրված, նրանից շատ էլ պահանջվելու է (Ղուկ. 12:48):
Մեղքի պատճառով խախտվեց մարդու և արարչագործության միջև եղած աստվածապարգև հարաբերությունը: Մարդն սկսեց տանջել, անգթորեն իրեն հնազանդեցնել կենդանական աշխարհը, ինչի հետևանքով թշնամություն առաջ եկավ նրանց միջև: Եկեղեցու հայրերից Ս. Հովհան Ոսկեբերանն ասել է, որ մարդը սկզբնապես լիարժեք իշխանություն ուներ բնության և կենդանական աշխարհի վրա: Բայց երբ մուտք գործեց մեղքը, վերցվեց և՛ պատիվը, և՛ իշխանությունը. «Քանի դեռ մարդը հնազանդ էր Աստծուն, կենդանիները ենթարկվում էին և հնազանդվում նրան, իսկ երբ մեղանչեց, սկսեց վախենալ կենդանիներից: Մեղանչումից հետո առաջ եկած վախը Աստծու մեծագույն սիրո ապացույցն է մարդու հանդեպ: Եթե անկումից հետո Աստծու տված պարգևն անփոփոխելի մնար, ապա նախածնողները հեշտությամբ դուրս չէին գա անկումից: Երբ անհնազանդ մարդիկ օգտվում են նույն պատվից, ինչ հնազանդները, ապա շատ արագ սովորում են չարին և հեշտությամբ չեն հեռանում մեղքից: Երբ կա թե՛ վախը, թե՛ պատիժը, թե՛ տանջանքը, և մարդիկ չեն պահպանում խոհեմությունը, ապա ինչպիսին կլինեին նրանք, եթե չկրեին իրենց հանցանքների ծանր հետևանքները: Այսինքն՝ Աստված վերցրեց մարդուց իշխանությունը՝ մարդու հանդեպ Իր հոգատարության ու նախախնամության պատճառով: Հարկավոր է տեսնել Աստծու անասելի մարդասիրությունը. Ադամը խախտեց պատվիրանը և զանց առավ օրենքը, բայց Տերը նրանից չվերցրեց ողջ իշխանությունը, նրանից վերցրեց այն կենդանիների հանդեպ իշխանությունը, որ առանձնապես օգտակար չէին նրա կյանքի համար, իսկ այն կենդանիները, որ օգտակար էին և անհրաժեշտ ու նպաստում էին մարդու բարօրությանը, թողեց մարդու ենթակայության ներքո: Օրինակ՝ Նա թողեց եզների նախիրը, որպեսզի մարդը կարողանա այդ կենդանիների օգնությամբ գութանը քաշել, հողը մշակել, սերմը ցանել: Թողեց նաև բեռնակիր կենդանիներին, որպեսզի մարդը կարողանա ծանրություն տեղափոխել, թողեց ոչխարների հոտը, որպեսզի մարդը հագուստի համար անհրաժեշտ միջոցներ ունենա, թողեց և այլ կենդանիների տեսակներ, որ մեծ օգուտ են բերում մարդուն: Արարիչը որոշեց մարդու անհնազանդության դեմ ուղղված պատիժը՝ «Քո երեսի քրտինքով ուտես հացդ մինչև հող դառնալդ» (Ծննդ. 3:19) և որպեսզի այդ աշխատանքն ու քրտինքն անտանելի չլինեին մարդու համար, Նա թեթևացրեց տանջանքն ու ծանրաբեռնվածությունը բազմաթիվ անասունների միջոցով, որ օգնելու էին նրան աշխատանքի մեջ: Աստված, որ մարդուն տվեց պատիվ, հետո վերցրեց այն, կենդանիների վախը գցեց մարդու վրա. այս ամենի մեջ ուշադիր լինելու դեպքում կտեսնենք Աստծու սերը, հոգատարությունն ու նախախնամությունը մարդու հանդեպ: Արարիչը չի պահանջում մարդուց որևէ ծանր բան, այլ միայն, որ մարդը խոստովանի Տիրոջ կողմից շնորհած բարիքները և փառաբանի Նրան»:
Թե՛ Սուրբ Գիրքը և թե՛ եկեղեցու հայրերն ուսուցանում են ճիշտ գործածել աստվածապարգև իշխանությունը՝ հոգատար վերաբերմունք ցուցաբերելով բնության և կենդանական աշխարհի հանդեպ: Քրիստոնեական գթասրտությունը տարածվում է ոչ միայն մարդկանց, այլ նաև կենդանիների վրա: «Արդարը խղճում է իր անասունին, բայց ամբարիշտները անողորմ են» (Առակ. 12:10): Քիչ չեն սրբերի և կենդանիների միջև եղած զարմանահրաշ ընկերության օրինակները: Վարք սրբոցը պատմում է, թե ինչպես էին շատ կենդանիներ գալիս և ծառայում սրբերին: Օրինակ՝ Ս. Անտոն Մեծի կարգադրությամբ առյուծը Եգիպտոսի վանականության հիմնադրի գերեզմանը փորեց: Այդպես եղավ Ս. Մարիամ Եգիպտացու մահից հետո, առյուծը եկավ և սրբուհու համար գերեզման փորեց, ինչի վկան էր Հայր Զոսիման, որ ապշած էր տեսածով: Մի ճգնավորի մոտ էլ կենդանիները հավաքվում էին և չէին հեռանում նրա մոտից այնքան ժամանակ, քանի դեռ նրա կողմից չէին ստանում իրենից հեռանալու կարգադրություն:
Մի օր աշխարհը վնասվեց մարդու պատճառով: Ողջ մարդկությունն այնքան անգութ դարձավ, որ Աստված որոշեց ջրհեղեղով վերացնել իր ստեղծած ամեն մի էակի՝ մարդուց մինչև անասուն և սողուններից մինչև երկնքի թռչունները, որովհետև զղջացել էր, որ ստեղծել էր նրանց: Փրկվեց միայն արդար Նոյի ընտանիքը: Տարիներ շարունակ Նոյը կառուցում էր տապանը և մարդկանց զգուշացնում գալիք աղետի մասին, բայց ոչ ոք չէր հավատում, որ ջրհեղեղը կարող էր կործանել աշխարհը: Այս մասին Ս. Ամբրոսիոս Օպտինացին կատակով ասել է. «Նոյը կանչեց մարդկանց, բայց եկան կենդանիները»: Եվ, իրապես, բացի Նոյի ընտանիքից, ողջ տապանը լի էր կենդանիներով և թռչուններով: Որպեսզի երկրի երեսից չվերանային կենդանիներն ու թռչունները, Աստված Նոյին ասաց, որ անպիղծ կենդանիներից Նոյն իր հետ վերցնի յոթ-յոթ՝ արու և էգ, իսկ պիղծ կենդանիներից և թռչուններից՝ երկու-երկու՝ արու և էգ: Տապանից դուրս գտնվող մարդիկ և կենդանական աշխարհը ջրհեղեղի պատճառով ոչնչացան (Ծննդ. 6-10):
Աշխարհում տեղի ունեցող էկոլոգիական աղետներն ուղիղ կապ ունեն մարդու ներքին աշխարհի հետ, և եկեղեցու հայրերը էկոլոգիական խնդիրների լուծումը տեսնում են մարդու ներքին փոփոխության հետ, քանի որ այդ խնդիրների պատճառները ոչ թե նյութական են, այլ հոգևոր՝ կապված մարդու մեղսալից հոգեվիճակի հետ: Կասկած չկա, որ բնության ավերման գլխավոր շարժիչ ուժը մարդկային գործոնն է, նրա եսակենտրոնությունը, հաճույքի և հարմարավետության ձգտումը: Նա, ով սիրում է Աստծուն, սիրում է նաև Նրա բոլոր արարածներին: «Իմն են անտառի բոլոր գազանները, լեռների երեները և բոլոր անասունները: Գիտեմ Ես երկնքի բոլոր թռչուններին և դաշտի գեղեցկությունն Իմն է»,-ասում է Տերը (Սաղմ. 49:10-11): Մարդն արարչագործության կենտրոնում է՝ որպես արարչագործության պսակ, և որպեսզի ճիշտ հարաբերություն ունենա արարչագործության հետ, նախ պետք է Աստծու հետ ճշմարիտ հարաբերություն ունենա:
Կազմեց Կարինե Սուգիկյանը