Որդյակ, մի՛ անտեսիր, այլ պահիր Իմ խորհուրդներն ու իմաստությունը, որպեսզի ապրի քո հոգին

Որդյակ, մի՛ անտեսիր, այլ պահիր Իմ խորհուրդներն ու իմաստությունը, որպեսզի ապրի քո հոգին | Ordyak Mi Antesir Ayl Pahir Im Khorhurdnern U Imastutyuny Orpeszi Apri Qo Hogin

Որդյակ, մի՛ անտեսիր, այլ պահիր Իմ խորհուրդներն ու իմաստությունը, որպեսզի ապրի քո հոգին, և դրանք քո պարանոցի վրա զարդ լինեն, բուժում լինեն մարմնիդ համար և ոսկորներիդ համար՝ դարման (Առակներ 3։21, 22)։

Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու.

Շնորհավորում եմ ձեր բոլորի Ամանորը։ Այս տոնական օրերին մշտապես հնչում են մաղթանքներ։ Մարդիկ ցանկանում են միմյանց առողջություն, երջանկություն, հաջողություն և խաղաղություն։ Սակայն հարկ է իմանալ, որ այս ամենի աղբյուրը Աստված է։ Հաջողությունը ինքնին չի ստեղծվում։ Հաջողությունը ստեղծվում է Աստծու բարեգթությամբ և ողորմածությամբ։ Հիշենք նաև, որ ամեն գործ ձեռնարկելիս մենք աղոթում ենք. «Իմաստութիւն Հօր Յիսուս, տո՛ւր ինձ զիմաստութիւն, զբարիս խորհել, խոսել և գործել», ինչպես նաև աղաչում ենք Տիրոջը. «Զգործս ձեռաց մերոց ուղի՛ղ արա ի մեզ, Տէր»։ Մենք աղոթում ենք՝ հայցելով մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսից օրհնություն, գթություն, փնտրում ենք Նրա կամքը, որպեսզի ճիշտ վարվենք, և սխալներից խուսափենք։ Երբ մարդը հավատում է, որ Արարիչ Աստված բարի է և ողորմած և իր արարածների բարին է կամենում, ամեն ինչ հանձնում է Աստծու կամքին և ողորմածությանը։ Նման մարդը ցանկանում է փրկվել և ոչ թե ամեն ինչ ձեռք բերել այս կյանքում՝ չիմանալով իր հոգու օգուտն ու վնասը։ Հաճախ մարդիկ ցանկանում են ամեն գնով հասնել իրենց ուզածին՝ խաբեությամբ, խարդախությամբ, անարդարությամբ, արկածախնդրությամբ, խաղամոլությամբ, կեղծիքի միջոցով, «յաջ և յահեակ խոտորելով», հպարտությամբ, բարկությամբ, անիրավությամբ ու տարբեր մեղքերի մեջ ընկնելով և անտեսում են այն հանգամանքը, որ շրջապատի մարդիկ իրենց քայլերից կարող են վնասվենլ։ Իրականում պետք է հավատալ Աստծուն և առաքինությամբ հասնել երազանքների իրագործմանը՝ տուրք չտալով երկրային ըմբռնումներին և անիրավություն չխառնել արդար գործին, խաղամոլությամբ չխաբվել և սեփական ընտանիքի համար հաց վաստակել արդար քրտինքով, չստել ու առհասարակ չխարդախել աշխատանքում, չնախանձել և չվնասել այլոց։ Սիրել և սիրով առաջնորդվել բոլոր գործերում։ Հաջողությունը մարդիկ կապում են բախտի հետ՝ բախտս բերեց, այսինչը ունեցա, բախտս չբերեց, չունեցա։ Կամ էլ երբեմն իրենց մեղքերի ու սխալների պատճառով կորցրածը, իրենց ունեցվածքն ու հարստությունները կապում են ճակատագրի հետ, կամ որ վատթարագույնն է, մեղադրում են Աստծուն։ Սիրելինե՛ր, մենք՝ իբրև քրիստոնյաներ գիտենք, որ աշխարհում ամեն ինչ կատարվում է Աստծու կամքով և թողտվությամբ։ Աստված հոգատար հայր է։ Մարդիկ են, որ անառակ որդու պես լքում են հայրական տունը և ընկնում վատնումի, մսխումի հետևից, ուզում են ապրել իրենց պատկերացրած լավ կյանքով։ Եվ եթե մարդիկ գոնե անառակ որդու պես վարվեն և գիտակցելով իրենց սխալը՝ վերադառնան հոր գիրկը, կրկին կստանան Հայր Աստծու օրհնությունը։ Այնինչ շատ հաճախ մարդիկ կործանվում են հեռուներում, ոչ միայն տարածական հեռավորությամբ, այլև Աստծուց հեռու են լինում իրենց սրտով, մտքով ու հոգով։ Հաջողությունը գալիս է Աստծու օրհնությամբ և Նրա պարգևած իմաստությամբ։ Հաջողությունը գալիս է նաև ուրիշների գործերին հաջողություն ցանկանալով ու աջակցելով։ Հարկ է մարդկանց սիրել և հաջողեցնել նրանց գործերը, որպեսզի օրհնություն գա նաև մեր գործերին, ստեղծել ոչ թե կուտակելով, այլ տալով, որովհետև տալը բազմացնելու օրհնություն ունի։ 

Մարդիկ այս օրերին և առհասարակ միմյանց մաղթում են առողջություն՝  նկատի ունենալով, սակայն, միմիայն ֆիզիկական առողջությունը, մոռանալով հոգու առողջության մասին։ Մինչդեռ շատ դեպքերում մարմնի առողջությունը կախված է հոգու առողջությունից։ Երբեմն մարդկային հիվանդությունները արդյունք են մեղքերի։ Մենք ուզում ենք առողջ ապրել, սակայն դրա համար անհրաժեշտ է նաև ձերբազատվել մեղքերից։ Շարունակաբար մեղք գործելով՝ մենք աղտոտում ենք ոչ միայն մեր հոգիները, այլև վնաս ենք բերում նաև մեր մարմնին։

Առողջությունը մաքրություն է ենթադրում, մարմնի, հոգու, սրտի, խորհուրդների մաքրություն, որովհետև հաճախ հիվանդության պատճառ են դառնում նաև խոնարհության պակասը, անհնազանդությունը, նախանձը, բարկությունը, ներելու և զիջելու անկարողությունը, մշտական վեճերն ու կռիվները։ Իսկ սուրբ պատարագների մասնակցությունը, մեղքերի խոստովանությունն ու թողությունը, պատվիրապահությունը օգնում են մաքրել հոգին ու խիղճը, խաղաղվել ու հանգիստ ապրել։ Այո՛, կյանքն առանց փոթորիկների ու փորձությունների չի լինում, սակայն պատվիրանապահությունը օգնում է ճիշտ ապրել և փրկում է մարդուն կործանվելուց, մեղքերի մեջ ընկնելուց, ճակատագրական սխալներ թույլ տալուց։ Այնպես որ շատ ցանկությունների իրականացումը, վատ իրավիճակներից դուրս գալը, առողջության պահպանումը շատ դեպքերում կախված են հենց մեզանից։ Հավատքն առ Աստված վերացնում է եսասիրությունը, ավելացնում է հոգատարության զգացումը, վերացնում է թշնամանքը։ Պատվիրանները նպաստում են խաղաղության հաստատմանը, հոգու և խորհուրդների անդորրին, մարդկանց հաշտությանը, սիրուն, հոգևոր և մարմնական առողջության պահպանմանը։

Սիրելինե՛ր, այդպես է նաև երջանկությունը։ Յուրաքանչյուր մարդ երջանկության սահմանման իր բանաձևն ունի։ Եվ եթե հարցնես մարդկանց, կարծես բոլորին ինչ-որ բան պակասում է երջանիկ լինելու համար։ Սակայն երջանկության արարողներն էլ ենք մենք։ Երջանիկ իրեն համարում է այն մարդը, ով գոհ է իր կյանքից և Աստծուց։ Իսկ իրեն բաժին հասած երջանկությունը չտեսնողը միշտ դժգոհ է և բողոքավոր։ Նա երջանկությունը փնտրում է իրենից դուրս, նրա համար երջանկությունը կախված է հանգամանքներից։ Սակայն երջանկությունը իրականում Աստծու մեջ է։ Ով ապրում է Աստծով և իր մեջ Սուրբ Հոգին ունի, նա երջանիկ է և իր սրտի բարությունից փորձում է երջանկացնել ուրիշներին։ Երջանկանում է արարելով, ստեղծելով, օգնելով, աջակցելով, ձեռք մեկնելով։ Քրիստոնյայի երջանկությունը կախված չէ ստանալուց, քրիստոնյայի երջանկությունը կախված է տալուց, որովհետև նա գիտի, որ երանելի է տալը, քան առնելը (Գործք 20։35)։ 

Սիրելինե՛ր, մաղթում եմ, որ Աստված բացի մեր հոգու աչքերը, որպեսզի տեսնենք մեզ տրված երջանկությունը, երջանկանալուց առաջ փորձենք մտածել երջանկացնելու մասին, առողջություն ցանկանալուց և խնդրելուց առաջ փորձենք ինքներս տարվա ընթացքում հետաքրքվել մարդկանց առողջությամբ, աջակցենք նրանց սնունդով, դեղորայքով, այցելությամբ, հագուստով, դրամով։ Գործերի հաջողությունը կապենք Աստծու կամքի հետ։ Մաղթում եմ Աստվածային իմաստությամբ առաջնոդվել փոքր և մեծ գործերում, աղոթքով ձեռնարկել գործերը, որպեսզի Տերն առաջնորդի, սխալներից ետ պահի, նպատակին հասցնի մեզ: Ապաշխարությամբ դիմավորենք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի ծնունդը։ Նրա Սուրբծննդյան և Հայտնության լույսով լուսավորվենք և ապրենք ոչ թե սպասելով, այլ Նրա լույսով լուսավորված արարենք ու գործենք, մեր առաքելությունը կատարենք, ապրենք ոչ թե աշխարհիկ մաղթանքներով ու ցանկություններով, այլ ճշմարիտ արժեքներով։        

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն․ամեն։  

 

Տեր Վահան քհն․ Առաքելյան

 

02.01.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․