Օրհնեցե՛ք Տիրոջ անունը Տիրոջ տանը գտնվողներ

Աստվածապաշտ անձը, աշխարհի որ երկրում էլ բնակվի, կառուցում է աղոթքի իր տունը՝ Աստծո տաճարը, որի դեպի երկինք վերացող կամարները աղոթողի միտքը տեղափոխում են երկրից մի ուրիշ՝ բարձր, երկնային աշխարհ: Աստծո տաճարում աստվածապաշտը հոգևոր ծնունդով Երկնավոր Հոր որդեգրությունն է ընդունում, դառնում Քրիստոսի ժառանգակից և Սուրբ Հոգու տաճար, Սուրբ Հաղորդությամբ հաղորդվում է Քրիստոսի կենարար Մարմնին և Արյանը, Սուրբ Պսակի խորհրդով սիրո և հավատարմության ուխտ կապում Աստծո հետ, իսկ ձեռնադրությամբ Աստծուն ծառայելու կոչումն ունեցողը Աստծո շնորհն է ստանում աստվածային պաշտոնին նվիրվելու համար:   

Ըստ հայրաբանության՝ տաճար է նաև Աստծո անբովանդակելի աշխարհը, որի գմբեթը հանդիսանում է երկնակամարը, սարերը՝ սեղանը, ծովերն ու օվկիանոսը՝ ավազանն ու սկիհը, արեգակը, լուսինն ու աստղերը՝ կանթեղներն ու մոմերը, խնկահոտը՝ բուրումնավետ ծաղիկների բույրը: Այս տաճարում ապրող յուրաքանչյուր ոք պետք է փառաբանի Արարչին, արարածների ողջ կյանքը պետք է լինի հանուր աստվածապաշտություն, քանի որ ամեն ինչ ստեղծվել է Աստծո ձեռքով, ամեն ինչ կատարվում է Նրա կամքով և այն օրենքով, որ տվել է Աստված: Արարիչն Իր արարածներին տվել է զանազան օրենքներ. արեգակն իր շարժման մեջ ունի իրեն հատուկ օրենքները, այդպես է և բուսական ու կենդանական աշխարհում: Այդ օրենքների խախտումը տիեզերքի աստվածապաշտության ընդհանուր հանդիսավորության խախտում է առաջ բերում:

Յուրաքանչյուր ոք գիտի, որ աղոթքի տանն ընդհանրական աղոթքի ժամանակ անհրաժեշտ է երկյուղածորեն հետամուտ լինել կարգապահության, հակառակ պարագայում կանարգվի տաճարի սրբությունը: Ամեն ոք պարտավոր է նաև խնամքով և հոգատարությամբ վերաբերվել անբովանդակելի աստվածային տաճարին՝ մեզ շրջապատող բնությանն ու կենդանական աշխարհին: Աստված արարել է աշխարհը, լցրել այն անհամար արարածներով, որպեսզի ամեն ինչ բազմանա, ուրախանա և փառաբանի Արարչին, այնինչ, շատ հաճախ արարչագործության պսակը համարվող մարդը, որ պարտավոր է արթուն հսկել տաճարի սրբությունը, չարամտորեն ու շահադիտորեն աղտոտում, ոչնչացնում և թունավորում է այն: Մարդն իր ձեռքով ավերում է Աստծո ստեղծած աշխարհը, հետո վշտանում ու գանգատվում եղանակային կտրուկ փոփոխություններից, անառողջ սնունդից և առողջական վիճակից: Աշխարհի երեսին բազմաթիվ կանաչ գոտիներ կան, որ մարդկային չարասրտությունը, մուտք գործելով, վերածել է անապատի:

Ամեն արարած Արարչին փառաբանում է իր լեզվով: Աստծուն փառաբանելու տիեզերական կոչ է անում սաղմոսերգուն՝ ասելով, որ օրհնեն Տիրոջը հրեշտակները, արեգակը, լուսինն ու աստղերը, երկինքների երկինքը, հուրը, կարկուտը, ձյունը, սառնամանիքը, հողմն ու մրրիկը, լեռները, բլուրները, պտղատու ծառերը, գազանները, սողունները, թռչունները, երկրի թագավորները, իշխաններն ու դատավորները, երիտասարդներն ու կույսերը, ծերերն ու մանուկները, օրհնեն ու փառավորեն Տիրոջ անունը (Սաղմ. 148): Եթե որևէ մեկին թույլ տային՝ մտնելու թագավորական պալատ և իրավունք տային՝ ազատ շրջելու, ապա այդպիսի մեկը զգուշավոր կլիներ անգամ ամենաչնչին բանի նկատմամբ: Իսկ Աստծո պալատում՝ Նրա ստեղծած աշխարհում, մարդն ամենայն անզգուշությամբ ավերում ու ոչնչացնում է արարչագործությունը:  

Երեխային դեռ մանուկ հասակից պետք է սովորեցնել սիրել Աստծո աշխարհը, եթե մանուկ հասակից երեխան սովորում է քանդել, կոտրել, տանջել թույլ և անպաշտպան արարածներին, ապա տարիների ընթացքում նրա մեջ աճում ու հասունանում է սառնասրտությունը՝ նրան վերածելով չարագործի, կեղեքչի, անգամ՝ մարդասպանի: Աշնանը դաշտում հասնում է այն, ինչ սերմանված է եղել գարնանը, նույնն է և մարդու պարագայում. մանկությունից կարելի է դատել երեխայի ապագա կյանքի մասին: Առանց այբուբենը սովորելու՝ երեխան չի կարող վարժ կարդալ ու գրել, սերն էլ ունի իր այբուբենը: Երեխան պետք է բարի սնունդ ստանա, եթե նա սովորի սիրել ու խնամել արարչագործությունը, ապա կսովորի սիրել նաև իր մերձավորին: Հարկ է հիշել, որ Աստծո կողմից արարված մեծ ու հրաշալի տաճարում աստվածպաշտության ջերմեռանդությունը կախված է մարդկանցից յուրաքանչյուրից: «Օրհնեցե՛ք Տիրոջ անունը, օրհնեցե՛ք Տիրոջը, Տիրո՛ջ ծառաներ, որ գտնվում եք Տիրոջ տանը, մեր Աստծո տան գավիթներում» (Սաղմ. 134:1-2):

 

Կարինե Սուգիկյան

10.12.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․