22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Հունվարի 22-ին հայ բանաստեղծ, գրականագետ և թարգմանիչ Լևոն Միրիջանյանի ծննդյան 86-րդ հոբելյանի առթիվ նրա անունը կրող Երևանի թիվ 155 հիմնական դպրոցում տեղի ունեցավ առաջին դասարանցիների երդման հանդիսավոր արարողություն: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ՝ արարողությունը սկսվեց «Տերունական» աղոթքով: Ավանդույթի համաձայն՝ ամեն տարի դպրոցը բանաստեղծի ծննդյան օրը նշում է մեծ տոնակատությամբ և հանդիսավոր երդման արարողությամբ: Միջոցառման ընթացքում փոքրիկները մեծ ոգևորությամբ բեմադրեցին Լևոն Միրիջանյանի բանաստեղծությունները, ապա մասնակցեցին հանդիսավոր, միևնույն ժամանակ պարտավորեցնող արարողությանը: Առաջին դասարանցիները՝ որպես միրիջանյականներ, երդումով խոստացան լինել ազգային բարձր արժեքների ջահակիրը, վառ պահել մաշտոցյան իմաստասիրաց կանթեղը, կարգապահ լինել, սիրել և հարգել կրթության և գիտության լույսը սփռող ուսուցիչներին, ստացած գիտելիքներով նպաստել հայրենիքի հզորացմանը, ամրապնդմանն ու բարգավաճմանը, լինել հերոս նախնիների արժանի հետևորդը, սիրել մայրը դպրոցը ՝ արժանի լինելով միրիջանյական բարձր կոչմանը:
«Իր բանաստեղծություններից մեկում Լևոն Միրիջանյանն ասում է՝ ես գնում եմ դեպի բարին, օրհնությունն իմ ճանապարհին: Բանաստեղծի ճանապարհը իսկապես օրհնյալ էր, այն սիրո, բարության և լուսավոր մի ուղի էր, որին հետևելու են մեր փոքրիկ միրիջանյականները»,-ասաց դպրոցի տնօրեն Լուսինե Դանիելյանը և շնորհավորեց նրանց՝ մաղթելով, որ միշտ վառ պահեն մաշտոցյան իմաստասիրաց կանթեղը՝ նրանով լուսավորված անցնելու գիտության փառահեղ ուղիներով:
Այնուհետև Տեր Վահանը ներկաներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությունը և մանուկների օրհնության կարգ կատարեց: «Մանուկների անմեղությունը ոգևորում է մեզ բոլորիս: Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, պատգամեց և ասաց. «Հաստա՛տ իմացեք, որ եթե չփոխվեք ու չլինեք մանուկների նման, Երկնքի Արքայությունը չեք մտնի: Արդ, ով իր անձը խոնարհեցի այս մանկան նման, նա՛ է մեծը Երկնքի Արքայության մեջ: Եվ ով որ Իմ անունով մի այդպիսի մանուկ ընդունի, Ի՛նձ ընդունած կլինի» (Մատթ. 18:2-5): Մենք էլ առաջացած տարիքում հարկ է մանկան անմեղությունը մեր հոգում կրենք՝ արժանանալու համար Աստծո օրհնությանը»,- ասաց Տեր Վահանը:
Կարինե Սուգիկյան