Ո՞րն է Աստծուն մատուցած իմ ընծան

Քրիստոնյայի ողջ կյանքը Աստծու փառքի համար զոհողությունների մի շղթա է, որում Աստծուն մատուցելիք մեծագույն զոհողությունը Քրիստոսի հետևորդի կամքն է, որ ամեն օր՝ առավել ևս փորձությունների և դժվարությունների մեջ, հարկ է Տիրոջը մատուցել հետևյալ աղոթքով՝ թող Քո կամքը լինի: Աստծուն մատուցված այս զոհողությամբ քրիստոնյան փորձության ժամանակ համբերություն և խաղաղություն է ձեռք բերում, երջանկության ժամանակ՝ իմաստություն և խոնարհություն: Այս զոհողությունը բոլոր փորձությունների, դժբախտությունների և վտանգների դեմ անհաղթահարելի վահան է: Եկեղեցու հայրերից մեկն, ինքն իրեն Աստծու սուրբ կամքին հանձնելով, այսպես է դատում. «Ես ոչինչ չունեմ, եթե ոչ երկու լումա՝ հոգիս ու մարմինս, իսկ ավելի շուտ՝ մեկ լումա՝ կամքս: Մի՞թե այն չեմ տա Տիրոջ տնօրինմանը, Ով ինձ՝ այդքան անարժանիս, հարստացրեց այդքան մեծագույն բարերարություններով, որ Իր չարչարանքների գնով փրկագնեց ինձ մեղքի գերությունից: Եթե չցանկանամ ենթարկվել Նրա սուրբ կամքին ու տնօրինմանը, ապա ինչ սրտով ու խղճով պիտի կանգնեմ ողորմած Աստծու առաջ»:

Աստվածահաճո այս զոհողությանը պատրաստ անձը նախ խոնարհ հոգի է ունենում, որն, ըստ Սաղմոսաց գրքի, Աստծուն հաճելի պատարագ է, քանի որ մաքուր սիրտն ու խոնարհ հոգին Աստված չի արհամարհում (Սաղմ. 50:19): Իսկ խոնարհության առաքինությունը մարդ ձեռք է բերում, երբ գիտակցում է իր մեղավոր լինելը, երբ տեսնում է իր մեղքերը, ինչի համար տխրում է և ապաշխարում: «Աստված երբեմն ցավ է պատճառում մեզ՝ ապաշխարության միջոցով փրկության առաջնորդելու նպատակով, որի համար չենք զղջում բնավ: Մինչդեռ աշխարհիկ ցավը մահվան է առաջնորդում» (Բ Կորնթ. 7:10): Տերը Հովել մարգարեի միջոցով ապաշխարության է կոչում և ասում. «Ձեր սրտե՛րը պատռեցեք և ոչ թե ձեր հագուստները: Այո՛, դարձե՛ք ձեր Տեր Աստծուն» (Հով. 2:13): Այսպիսի զոհողություն բերեց Աստծուն Պետրոս առաքյալը, երբ Քրիստոսին ուրանալուց հետո «դուրս ելավ և դառնորեն լաց եղավ» (Մատթ. 26:75):  Տերն Իր համբերությամբ և ողորմությամբ սպասում է մեղավորի և մոլորյալի դարձին, որին փրկագնել է ոչ թե «կորստյան ենթակա արծաթով կամ ոսկով, այլ անբիծ և անարատ Գառան՝ Քրիստոսի թանկագին արյամբ» (Ա Պետր. 1:18-19):

Իր կամքը Աստծուն հանձնած քրիստոնյան իր սրտի զոհասեղանից նախ և առաջ գոհունակություն և փառաբանություն է մատուցում Աստծուն՝ Նրա ցուցաբերած անսահման օրհնության և ողորմության համար: Ս. Պողոս առաքյալը հորդորում է և ասում. «Արդ, Նրա միջոցով Աստծուն միշտ մատուցենք օրհնության պատարագ, այսինքն՝ Նրա անունը դավանող մեր շրթների պտուղը» (Եբր. 13:15):

Աստծուն ցանկալի հաջորդ զոհողությունը, ինչպես նշում է Ս. Պողոս առաքյալը, բարեգործությունն է. «Մի՛ մոռացեք բարեգործությունը և ձեր ունեցած բարիքներին միմյանց մասնակից դարձնելը, քանզի այդպիսի՛ պատարագներն են հաճելի Աստծուն» (Եբր. 13:16): Հիսուս Քրիստոս, դիմելով հրեաներին, ասում էր. «Գնացե՛ք, սովորեցե՛ք, թե ինչ է նշանակում՝ ողորմություն եմ կամենում և ոչ՝ զոհ» (Մատթ. 9:13), նաև ասաց, որ եթե ձեր փոքր եղբայրներից մեկին եք բարություն անում, Ինձ եք անում (Մատթ. 25:40): Աստծուն մոռացած աշխարհում գերիշխում է անարդարությունն ու անմարդկային վերաբերմունքը մերձավորի և տկարի հանդեպ: «Քանի որ նրանք չուզեցին ճանաչել Աստծուն, Աստված էլ թույլ տվեց, որ նրանք իրենց անարգ մտքերին անձնատուր եղած՝ անեն այն, ինչ չպետք է անել. այսինքն՝ լցվեն ամեն տեսակ անիրավությամբ, պոռնկությամբ, անզգամությամբ, ագահությամբ, չարությամբ և լինեն նախանձոտ, սպանող, հակառակասեր, նենգ, չարաբարո, բամբասող, չարախոս, աստվածատյաց, անամոթ, ամբարտավան, ինքնահավան, չարիք հնարող, ծնող անարգող, անմիտ, խոստմնադրուժ, անգութ, անհաշտ և անողորմ» (Հռոմ. 1:28-31),- ասում է Ս. Պողոս առաքյալը: Իսկ Աստծու հանդեպ երկյուղ ունեցողներին Տերն ուսուցանում է հեռու մնալ չար գործերից և մերձավորի հանդեպ ողորմած լինել. «…վերջ տվեք ձեր չարագործություններին, սովորեցեք բարի՛ք գործել» (Եսայի 1:16-17): Բայց նշենք, որ Աստծու համար հաճելի չէ, եթե մեկն իր անարդար վաստակից կարիքավորին օգնի. «Ամբարիշտների զոհագործությունները պիղծ են Տիրոջ առջև» (Առակ. 15:8), իսկ անողորմի մասին ասված է՝ ով իր ականջը փակում է տնանկին չլսելու համար, ինքն էլ երբ կանչի Տիրոջը, Տերն էլ իրեն չի լսի (Առակ. 21:13): Այդ պատճառով առակագիրը հորդորում է. «Պատվի՛ր Տիրոջը քո արդար վաստակից և քո արդար բերքից պտո՛ւղ հատկացրու նրան, որպեսզի քո շտեմարանները լցվեն առատ ցորենով, և քո հնձաններն ավելի հորդ գինի բխեն» (Առակ. 3:9-10): Սուրբ Բարսեղ Մեծն այս մասին ասել է, որ եթե մարդն արդարացի է վաստակել, բայց չի մատուցում Աստծուն մատուցելիքը, որով կարող էին կերակրվել աղքատները, ապա դա, Մաղաքիա մարգարեի խոսքի համաձայն, նրա համար կհամարվի որպես հափշտակություն. «Մարդ Աստծուն կխաբի՞, քանի որ դուք խաբեցիք ինձ և ասացիք, թե՝ ինչո՞վ խաբեցինք քեզ: Տարին ավարտվեց, և ամբողջ բերքը հավաքեցիք ձեր շտեմարաններում. ձեր տներում հափշտակություն կլինի, ե՛տ կանգնեք դրանից,- ասում է Ամենակալ Տերը» (Մաղ. 3:8,10): Այնուհետև սուրբը, շարունակելով մեկնությունը, նշում է. «Թող մարդն ինքն իրեն փորձի, և հարուստը թող նայի իր եկամուտներին, որոնցից մտադիր է Աստծուն պարգև մատուցել, թե արդյո՞ք չի ճնշել աղքատին, չի բռնացել տկարին, չի շահարկել իր ենթակային՝ արդարության փոխարեն իր իշխանությունը գործածելով: Մարդուն ասված է, որ հետևի արդարությանը: Ճնշում մի՛ գործադրիր քո նմանի հանդեպ միայն այն պատճառով, որ իշխանություն ունես, կաշառակեր մի՛ եղիր միայն այն պատճառով, որ ուժեղ ես: Եթե աղքատին զրկում ես, որ աղքատին տաս, ապա ավելի լավ կլինի, որ ո՛չ հափշտակես և ո՛չ էլ տաս: Ինչո՞ւ ես ապականում քո հարստությունը՝ նրան միախառնելով անարդար շահույթ: Աստված հաղորդակից չէ ագահներին, Նա հափշտակողների և ավազակների գործակիցը չէ: Հիշի՛ր մաքսապետ Զակքեոսին, ով իր ունեցվածքի կեսը բաժանեց աղքատներին, այնուհետև քառապատիկը հատուցեց նրանց, որոնց հանդեպ անիրավ էր գտնվել (Ղուկ. 19:8): Տերն ընդունեց Զակքեոսի արդարացի քայլը և ասաց. «Այսօր փրկություն եկավ այս տան վրա, քանի որ այս մարդն էլ Աբրահամի որդի է, որովհետև Մարդու Որդին եկավ փնտրելու և փրկելու կորածին» (Ղուկ. 19:9): Ով անիրավ ուղի է ընտրել, նա անողորմ է, իսկ «այն ծառը, որ բարի պտուղ չի տա, պիտի կտրվի և կրակը գցվի» (Մատթ. 3:10), և այդպիսի ծառ հարկավոր չէ երկնային Այգեգործին, Ով, թզենու վրա պտուղ փնտրելով, այգեգործին ասաց՝ այս երրորդ տարին է գալիս եմ թուզ քաղելու, բայց չեմ գտնում, ուստի կտրի՛ր դա. ինչո՞ւ անիմաստ կերպով տեղ զբաղեցնի (Ղուկ. 13:7): Հին կտակարանում կարդում ենք, որ վտանգավոր, նաև հանցավոր արարք էր գործում նա, ով առաջին հունձքից հետո երկրորդ հունձքն էր անում, կամ խաղողի և ձիթենու երկրորդ բերքահավաքն էր անում, այնինչ հարկ էր դա թողնել աղքատներին (Երկ. Օր. 24:19-21): Եթե սա վերագրվում էր օրենքի տակ ապրողներին, ապա ինչ կարելի է ասել նրանց, ովքեր ապրում են Քրիստոսով: Քրիստոս ասում է. «Եթե Աստծու պատվիրանների նկատմամբ ձեր հավատարմությունը փարիսեցիների և Օրենքի ուսուցիչների հավատարմությունից ավելին չլինի, Երկնքի Արքայությունը չեք մտնի» (Մատթ. 5:20)»:

Սրտի զոհասեղանից Աստծուն մատուցելիք հաջորդ ցանկալի զոհը արդարությունն է և ճշմարտությունը. «Արդարություն գործելը և ճշմարտություն խոսելը ավելի հաճելի է Տիրոջը, քան զոհերի արյունը (Առակ. 21:3),- ասել է առակագիրը:

Աստծու համար հաճելի պատարագ է, երբ քրիստոնյան իր մարմնի անդամները ծառայեցնում է Աստծու փառքին, երբ միտքը զբաղեցնում է Աստծու և Նրա պատվիրանների կատարման մասին մտածումներով, կամքը՝ Աստծու կամքին հաճելի լինելու, սիրտը՝ Աստծու և մերձավորի հանդեպ սիրով լցնելու, լեզուն՝ Աստծուն փառաբանելու և ճշմարիտը խոսելու, աչքերը՝ բարին տեսնելու, ականջները՝ Աստծու խոսքի և Նրա փառաբանությանն ուղղված խոսքեր լսելու, ձեռքերը՝ բարին գործելու, ոտքերը՝ առաքինության ճանապարհով ընթանալու համար: «Եղբայրնե՛ր, քանի որ Աստված այնքա՜ն ողորմած եղավ մեր հանդեպ, աղաչում եմ, որ դուք ձեզ Աստծուն ընծայեցեք որպես նրան վերապահված կենդանի մի զոհ, որովհետև դա՛ է Աստծու ուզած հոգևոր պաշտամունքը» (Հռոմ. 12:1):

Այսպիսով, նմանվենք Ս. Պողոս առաքյալին, որի՝ Աստծուն ուղղված ամենօրյա զոհողությունների՝ ավետարանի քարոզչության ժամանակ կրած չարչարանքների մասին Ս. Հովհան Ոսկեբերանն ասել է. «Աբելը զոհ մատուցեց Աստծուն, ինչը հաճելի էր Նրան, քան Կայենի զոհը, բայց եթե Աբելի զոհը համեմատենք Ս. Պողոս առաքյալի զոհի հետ, ապա առաքյալի զոհն ավելի բարձր էր և սուրբ, քան Աբելինը: Առաքյալը Աստծուն չզոհաբերեց ոչխար կամ հորթ, նա ամեն օր բազմիցս ինքն իրեն զոհաբերեց Աստծուն, և դա բավական չէր նրա համար, նա ջանում էր իր հետ միասին ողջ աշխարհը Աստծուն նվիրել»:

Հետևենք Ս. Մակարի հորդորին և աղոթենք այնպես, ինչպես նա սովորեցրեց երկու հոգու, որ դիմել էին իրեն՝ ճշմարտապես աղոթելու խնդրանքով. «Ձեր աղոթքներում շատ բան մի՛ խնդրեք, բայց հաճախ, ձեռքներդ դեպի երկինք բարձրացնելով, անկեղծորեն ասեք. «Տե՛ր Աստված, ինչպես ցանկանում ես և ինչպես Քեզ հաճելի է, թող այդպես էլ լինի», քանի որ Նա Ինքը շատ լավ գիտի, թե ինչ է ձեզ համար օգտակար»: Զուր չէր Ս. Անտոն Մեծը հետևյալ հորդորը կրկնում ՝ եթե մենք միշտ և ամեն ինչ Աստծու ձեռքը հանձնենք, ապա անգամ չարը ի վիճակի չի լինի մեր դեմ մենամարտելու:

 

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

11.11.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․