3 Դեկտեմբեր, Գշ
Այսօր, ցավոք սրտի, քրիստոնեական արժեքներից նահանջ է նկատվում: Անգամ կրոնը կարիք է համարվում մարմնական պահանջմունքները բավարարելու անհրաժեշտության նմանողությամբ, և քրիստոնեական տեսակետից անբարոյականության մեջ ապրողներն իրենց մերժելի վարքագծին են հարմարեցնում քրիստոնեական ընկալումները: Սուրբ-գրական թյուր մեկնաբանություններով աղճատվում են քրիստոնեական արժեքներն ու գաղափարները: Այսօր արևմտյան երկրներում սովորական են միասեռականություն քարոզող, միասեռականներին պսակող եկեղեցիները, այդ եկեղեցիներում միասեռականների` նույնիսկ որպես հոգևորական կամ որպես եկեղեցու պետ ծառայությունները, միջեկեղեցական կառույցներում նման անձանց կամ նրանց համակրողների անդամական և առաջնորդական դերակատարությունները:
Մինչև 20-րդ դարի 70-ական թվականները միասեռականությունը հիվանդություն էր համարվում նաև արևմտյան երկրներում: Սակայն 1973 թ. Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիան, այնուհետ` 1992 թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ջնջեցին հիվանդությունների ցանկից: Ակնհայտ է, որ այդ ամենը կատարվել է հատկապես այդ կազմակերպություններ մուտք գործած և դրանց շարքերում տեղ զբաղեցնող ու նշյալ կողմնորոշումն ունեցող անձանց ջանքերով ու ազդեցությամբ:
Վերջին տարիներին միասեռական դիրքորոշում ունեցողներն իրենց մասին բարձրաձայնում են նաև Հայաստանում` պահանջելով հասարակության կամ ժողովրդի կողմից իրենց ընդունում և իրենց իրավունքների հարգում, դժգոհում են իրենց հանդեպ հակակրական վերաբերմունքից: Տարօրինակ է սեփական տեսակետը, նեղ անձնական, մարմնական կյանքին վերաբերող իրողությունը հասարակության առջև բարձրաձայնելը և այն պարտադրելը: Նրանք իրենց տեսակետին անհամաձայնությունն անվանում են խտրականություն, մեղադրում հասարակության լայն հատվածին խտրականության, ինչպես նաև հոմոֆոբիայի դրսևորման մեջ և դա պատճառ են համարում նաև ժողովրդի իրավական գիտակցութան պակասի: Իհարկե, քրիստոնեական ըմբռնումով անընդունելի են բռնությունների, վիրավորանքների դրսևորումները, քանի որ քրիստոնյան, Եկեղեցին պայքարում է մեղքի և ոչ թե մարդու դեմ: Սակայն արևմտյան երկրները, արևմուտքում գործող կառույցները, որոնց պետական կառավարման համակարգում, պատասխանատու պաշտոններում միասեռականներ են ընդգրկված, ջանում են Հայաստանի ներքին կյանքում խրախուսել այս երևույթը և անգամ պաշտոնապես աջակցել և հովանավորել այն:
Միացյալ Ազգերի Կազմակերպության Հայաստանյան գրասենյակը պարբերաբար իր կոչերն է հրապարակում` ի պաշտպանություն Հայաստանում միասեռականության, նաև այդ հրապարակումներում, հաղորդագրություններում պաշտոնապես կոչ է անում Հայաստանի իշխանություններին քննության առնել ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ ոտնձգությունների ու վատ վերաբերմունքի դեպքերը և քրեական պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Իսկ Գերմանիայի դեսպանությունը 2015 թ. հունիսի 9-ին, հրապարակված տեղեկությունների համաձայն, զգալի դրամական աջակցություն տրամադրեց Հայաստանում միասեռականների պաշտպանության համար:
Նկատի ունենալով նաև Հայաստանում այս խնդրի ի հայտ գալը և դրա մտահոգիչ լինելը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատացյալների համար` Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Տեղեկատվական համակարգը 2012 թ. հրապարակեց Մայր Աթոռում բանաձևված հետևյալ կարծիքը միասեռականության վերաբերյալ.
«Հայ Եկեղեցին չի կարող ունենալ այլ դիրքորոշում, քան սուրբգրային հայտնությունն է: Ըստ այդմ` նույն սեռի մարդկանց սեռական հարաբերությունների առնչությամբ Սուրբ Գիրքը նմանատիպ ընթացքը հռչակում է Աստծո կամքին հակառակ. «Այր մարդու հետ չպառկես, ինչպես պառկում ես կնոջ հետ, որովհետև դա պղծություն է» (Ղևտ. 18:22):
Հովվական առաքելության մեջ, սակայն, Հայ Եկեղեցին դաստիարակչական, քարոզչական և բացատրողական աշխատանք է իրականացնում` Աստծո կամքն ու կրոնական ճշմարիտ տեսակետը համասեռամոլ (միասեռական, նույնասեռական) անձանց հասանելի դարձնելու և ըստ այդմ օգնելու` մեր Տեր Հիսուս Քրիստոսի պատվիրաններին և քրիստոնեական բարոյականության սկզբունքներին հավատարմությամբ կազմակերպելու իրենց կյանքը:
Ինքն իրեն համասեռամոլ (միասեռական, նույնասեռական) հռչակող մարդը չի կարող քրիստոնյա լինել, սակայն քրիստոնյաների մեջ կարող են ի հայտ գալ միասեռականության ախտով վարակված անձեր: Վերջիններիս Աստվածաշունչը հորդորում է մեղքից մաքրվելու, զղջումով ու ապաշխարությամբ Տիրոջը դառնալու, «քանի որ մեղքի վարձը մահն է, իսկ Աստծո շնորհը` հավիտենական կյանք` մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով» (Հռ. 6:23): Եկեղեցին, սուրբգրային պատգամին հավատարիմ, կոչ է անում միասեռականներին ապաշխարելու` Եկեղեցուն անդամագրվելու համար, հաստատակամություն դրսևորելու` նման հակումներից ձերբազատվելու և Աստծո կամքի համաձայն ապրելու»:
Տեր Ադամ քհն. Մակարյան