26 Նոյեմբեր, Գշ
Յուրաքանչյուր սիրող և հոգատար ծնողի մտահոգությունն է պաշտպանել իր երեխային բոլոր հնարավոր վտանգներից ու գայթակղություններից, որոնց երեխան կարող է ենթարկվել: Բայց շատ հաճախ նույն ուշադիր ու հոգատար ծնողը չի նկատում այն քողարկված վտանգը, որի ծուղակն իր երեխան օր-օրի ավելի է ընկնում: Քողարկված վտանգը որոշ համակարգչային խաղերն են և ամերիկյան ու արևելյան մուլտֆիլմերը, որոնք օրեցօր կործանարար ազդեցություն են թողնում երեխայի վրա: Այս դեպքում համակարգչային խաղերն ու մուլտֆիլմերը դառնում են երեխայի «դաստիարակները», որոնց «դաստիարակության» իրական պտուղները տեսանելի են դառնում աստիճանաբար:
Մանկական հոգեբանների ու մասնագետների օգնությամբ բացահայտելով քողարկված վտանգը՝ հանդիպում ենք մտահոգիչ իրավիճակների: Յուրաքանչյուր մուլտֆիլմ երեխայի գիտակցության մեջ ձևավորում է շրջապատող աշխարհի, ծնողների, ընկերոջ և թշնամու, չարու և բարու կերպարներն ու նախատիպը, ինչը՝ որպես հոգևոր կողմնացույց, օգնում է երեխային կյանքում կողմնորոշվելու: Երեխան խաղի կամ մուլտֆիլմի միջոցով ընկալում է ողջ ինֆորմացիան, որոնցից՝ որպես խորանարդիկներից, սկսում է ձևավորել աշխարհի իր մոդելը:
Ըստ մանկական հոգեբանների՝ վերջին տարիներին կարելի է հաճախակի հանդիպել 4-5 տարեկան երեխաների, որոնք ոչ թե մտավոր հետամնացի, այլ թերզարգացածի տեսք ունեն: Նրանք չեն հասկանում հասարակ հարցերը, տրված հարցին ի պատասխան կամ լռում են կամ անհեթեթ պատասխան տալիս: Այդ երեխաները՝ առավել ևս տղաները, շատ ամաչկոտ են, վախով լի, բայց միևնույն ժամանակ կարող են առանց ամաչելու սակավ ծանոթ մարդկանց մոտ ծամածռություններ անել, երեխաների հետ կռվի մեջ մտնել, բարձր ձայնով ծիծաղել և անհեթեթություններ ասել: Նման երեխաները հրաժարվում են որևէ դժվարություն հաղթահարելուց, և ծնողներն ընկնում են մտահոգության մեջ՝ ինչպե՞ս է իրենց երեխան սովորելու: Անհանգստացած ծնողները երեխային տանում են հոգեբանի մոտ, դասուսույց վարձում՝ խուսափելով կարևոր մի հարցադրումից՝ ո՞ւմ է ընդօրինակում իրենց երեխան: Երբ ծնողին հարցնում ես երեխայի պահվածքի պատճառը, նրանցից ոմանք ուսերն են թափ տալիս, որոշները ժառանգականությունն են մեջբերում կամ էլ մանկապարտեզի վատ ազդեցությունը: Այնինչ խնդիրը խորությամբ քննելով՝ պարզվում է, որ երեխաները վաղ տարիքից համակարգչային խաղեր են խաղում և արևելյան կամ ամերիկյան մուլտֆիլմեր դիտում: Մասնագետները չեն բացառում, որ երեխաները դարձել են լայնամասշտաբ սոցիալական փորձի զոհերը, նրանց համար ակնհայտ է այն փաստը, որ համակարգչային խաղերն ու մուլտֆիլմերը մեծ ազդեցություն են թողնում երեխայի երևակայության վրա՝ նրա պահվածքի մեջ նոր դրսևորումներ ձևավորելով: Ռուս մանկական հոգեբաններ Իրինա Մեդվեդևայի և Տատյանա Շիշովայի խոր ուսումնասիրությունները վստահեցնում են, որ ոչինչ չի կարող դիմակայել խաղի և մուլտֆիլմերի վառ և հիշվող կերպարների մրցակցությանը, անգամ լավագույն մանկական գրքերն՝ իրենց լավագույն նկարներով, այդ ամենի կողքին հայտնվում են ստվերում:
Վերոնշյալ հոգեբանների ուսումնասիրությունները փաստում են, որ ժամանակակից արևելյան և ամերիկյան մշակույթը երեխայի մոտ ձևավորում է նախ ագրեսիա: Խաղերում և մուլտֆիլմերում առկա միմյանց ոչնչացնելու և արյունալից տեսարանները երեխայի մոտ աստիճանաբար ձևավորում են ագրեսիվ պահվածք: Երեխան սկսում է հաճույքով դիտել ուրիշի տանջանքները: Եթե մեծերը, որ ավելի ուժեղ հոգեբանություն ունեն, քան երեխաները, կարող են ընկնել սադիզմի ծուղակը, ապա ի՞նչ կարելի է ասել երեխայի համար: Երեխան, բնականաբար, իրեն նմանեցնում է մուլտֆիլմի գլխավոր կերպարի՝ այս պարագայում ագրեսորի հետ, և եթե ագրեսորը հաջող է գործում, ապա նրա գործողությունը պարգևատրվում է հաղթանակի տոնական զգացումով: Ի համեմատություն ժամանակակից մուլտֆիլմերի՝ հայրենական կամ հին ռուսական մուլտֆիլմերում բացակայում են կռվի, և առավել ևս սպանության մանրամասները:
Հաջորդ վտանգին անդրադառնալով՝ տեսնում ենք, որ արևելյան և ամերիկյան մուլտֆիլմերի հերոսուհիներին հաճախակի դիտող աղջիկների մոտ ժամանակի ընթացքում մարում է մայր լինելու ցանկությունը՝ ի տարբերություն հայրենական մուլտֆիլմերի, որտեղ գովաբանվում է խոնարհությունը, իմաստությունը և մայրությունը, իսկ տղաների մոտ անգիտակցաբար առաջանում է նման կյանքի ընկեր ընտրելու ձգտումը: Մուլտֆիլմերում գծագրվող «գեղեցկուհին» (հարկ է նշել, որ բոլոր մուլտֆիլմերում կանաց կերպարները նույն դեմքն ունեն), թափանցելով մանկան հոգին, սկսում է աննկատ ղեկավարել այն: Նույն այդ հերոսուհին որոշ մուլտֆիլմերում գռեհիկ է, դաժան, իրեն պահում է որպես տղամարդ կամ սուպերմեն: Հոգեբան Իրինա Մեդվեդևան մատնանշում է, որ մուլտֆիլմերում կանանց կերպարները ապագա կնոջ և մոր կերպարներն են, իսկ գռեհիկ աղջկա կերպարը լավագույն դեպքում կարող է առաջացնել ժամանցի հակում, իսկ վատագույն դեպքում՝ նողկանք իգական սեռի, ընտանիքի և կյանքի հանդեպ ընդհանրապես: Հոգեբանը մտահոգվում է. «Եվ եթե կյանքում կան նմանատիպ կանայք, ապա այդ կյանքը տխուր է և անհեռանկար, անհեռանկար կյանք, որտեղ կանայք չեն շարունակում սերունդը»:
Ժամանակակից մուլտֆիլմերում առկա են նաև բաց տեսարաններ, որոնք, ըստ մանկական հոգեբանների, մերժելի են, քանի որ երեխայի մոտ ժամանակից շուտ սեռական հակման ոլորտ են ստեղծում, ինչին երեխաները պատրաստ չեն ո՛չ ֆիզիկապես, ո՛չ հոգեբանորեն: Այդ տեսարանները բարոյապես խեղում են երեխայի հոգեբանությունը՝ հետագայում ընտանիքի ստեղծման հետ կապված դժվարություններ ստեղծելով:
Խաղերից և մուլտֆիլմերից առաջ եկած մյուս շեղումն արտահայտվում է հետևյալ կերպ՝ երեխան մի կողմից անհավատալի կերպով ամաչկոտ է, մյուս կողմից իրեն պահում է վայրենաբար և որպեսզի նմանակի հերոսին, ստիպված է լինում նախ իրեն կոտրել: Երեխայի հոգեբանությունը նման հարվածին չդիմանալով ՝ հակառակ ընթացք է ունենում: 20-րդ դարի հոգեբանները հաստատում են, որ էկրանի հրապուրիչ կերպարների պահելաձևը մեծ ձգողականություն և գայթակղություն է կրում, առավել ևս անկայուն հոգեբանություն ունեցող փոքրիկ դիտորդների համար, որոնց մոտ դեռ չի ձևավորվել արժեքների համակարգը: Եթե էկրանով ցուցադրվող խուլիգանական պահվածքը ոչ մի կերպ չի պատժվում և չի հանդիմանվում, ապա մեծ հավանակություն կա, որ երեխան այն կընդօրինակի: Ամերիկացի հայտնի հոգեբան Ալբերտ Բանդուրը նշում է, որ անգամ մեկ և միակ հեռուստատեսային կերպարի պահվածքը կարող է միլիոնավոր մարդկանց համար օրինակ ծառայել:
Վերջին տարիներին աճում է այն երեխաների թիվը, որոնք արտահայտվելու հետ կապված խնդիր ունեն և չեն կարողանում դպրոցում անգիրներ սովորել: Ըստ մասնագետների՝ այդ երեխաները հեռուստացույցի և սմարթֆոնի «դաստիարակությունը» ստացած երեխաներն են, որոնք կարողանում են միայն տեսողական ինֆորմացիան ընկալել: Բացի այդ որոշ մուլտֆիլմեր երեխային ամեն կերպ սովորեցնում են էկրանին, այդ պատճառով թույլ հոգեբանություն ունեցող երեխան չի կարողանում կտրվել հեռուստացույցից, իսկ երբ ծնողը փորձում է հեռուստացույցը անջատել, երեխան ընկնում է հիստերիայի մեջ:
Հերթական վտանգը՝ խաղերն ու մուլտֆիլմերը երեխաներին սովորեցնում են անգամ հանգիստ պայմաններում իրենց վտանգի ենթարկել, բացի այդ, գլխավոր հերոսի մոտ կրկնվող անհաջողությունները երեխայի մոտ սկսում են ձևավորել անհաջողակի հոգեբանություն:
Ինչո՞ւ է երեխան ձգտում դեպի ստոր արարքը, ինչը նկատելի է անգամ կիրթ ընտանիքների երեխաների մոտ: Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լ. Ն. Մատվեևան մի փորձարկում է կատարել, ըստ որի՝ երիտասարդները տարբեր ֆիլմերի դիտման ժամանակ ամենահետաքրքիր պահին պետք է սեղմեին փորձաքննության սարքի կոճակը: Արդյունքն ապշեցուցիչ էր. դիտորդների համար միաժամանակ հետաքրքիր էր դիտել ինչպես գեղեցիկը, այնպես էլ՝ սարսափելին: Երբ նման ազդակը դառնում է սովորական, մարդը չի կարողանում ապրել առանց այդ ամենի, և կյանքն առանց սուր զգացողությունների դառնում է անհետաքրքիր: Մյուս կողմից նա, ընդունելով դաժան և սարսափելի ազդակները, ապագայում նուրբ զգացումների համար դառնում է անընդունակ: Եթե նման փոփոխություններ տեղի են ունենում մեծերի հետ, ապա ի՞նչ կարելի է ասել երեխաների համար, որոնց մոտ հուզական ոլորտը դեռ չի ձևավորվել:
Երեխայի ամեն ցանկություն չէ, որ օգտակար է. այս գիտակցությամբ ծնողը պետք է երեխային հեռու պահի կործանարար ազդեցություն թողնող խաղերից և մուլտֆիլմերից, քանի որ յուրաքանչյուր երեխա երջանիկ և խաղաղ մանկության իրավունք ունի:
Երեխաների դաստիարակության և կրթության մասին Ս. Հովհաննես Երզնկացին ասել է. «… Երեխայի միտքը հստակ հայելու նման է: Անխրատ մի՛ թող, որպեսզի մեղքի ժանգը, վրան նստելով, այն չապականի: Երեխայի միտքը նման է փափուկ մոմի, դրոշմի՛ր նրա վրա բարի խրատը և իմաստության ուսումը, որպեսզի պիղծ և գարշելի բաներ չդաջվեն նրա վրա: Երեխայի միտքը նման է ջրի աղբյուրի, մի՛ թող, որ այն ցամաքի և չորանա, կամ դառն ու աղտոտ ուրիշ ջրեր, ներս մտնելով, խառնվեն իրար»:
«Մարդն իր մանկությունից սկսած, իր սրտի գանձարանում հետզհետե ընդունում է թե՛ բարին, թե՛ չարն ու ինչ ընդունում է նախապես, միայն այն է արտաբերում դուրս`թե՛ բարին, թե՛ չարը նույն կերպ: Մանուկը քանի դեռ մանուկ է, չարն ու բարին որոշել չգիտի» (Խրիմյան Հայրիկ «Դրախտի ընտանիք»):
Կազմեց Կարինե Սուգիկյանը