Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, ակտիվ գործունեություն է ծավալում սոցիալական ծրագրերի շրջանակներում՝ թիրախ-խումբ ընտրելով սոցիալապես անապահով ու բազմազավակ ընտանիքներին և զինհաշմանդամներին: Ծրագրին իրենց աջակցությունն են բերում թե՛ համայնքը և թե՛ հայաստանաբնակ ու արտերկրում բնակվող հավատավոր հայորդիներ: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամ Անդրանիկ Բաբոյանի համար ավանդույթ է դարձել ամեն տարի՝ Ս. Ծննդյան տոնին ընդառաջ, իր աջակցությունը բերել սոցիալական ծրագրին՝ տրամադրելով սննդամթերք, որն այս տարի մեկ տոննայից ավել էր կազմում: Սննդամթերքը բաշխվել է համայնքի կարիքավոր անդամներին, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքներին:
«Քրիստոս պատվիրան տվեց «Սիրիր մերձավորիդ»: Իսկ սիրելն ինչպե՞ս է արտահայտվում: Սիրո գլխավոր օրինակն ո՞վ է հանդիսանում մեզ համար: Իհարկե, Նա, Ով այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր Միածին Որդուն տվեց (Հովհաննես 3:16): Եվ Հիսուսն էլ ցույց տվեց մեզ Իրեն ու միմյանց սիրելու, բարեկամանալու ճշմարիտ ճանապարհը՝ ասելով, որ Իր Հոր խոսքը պիտի լսենք ու կատարենք: Տիրոջ պատվիրածն ամենևին էլ անհնարին չէ, այլապես անիմաստ կլիներ, ուղղակի մեզանից անկեղծ նվիրում, անդադար աշխատանք ու զոհաբերություն է պահանջվում՝ նախ և առաջ հենց ինքներս մեզ ուղղելու, որպեսզի կարողանանք Աստծո խոսքը մեր կյանքերում կիրառել և երբ սկսենք դա իրապես անել, ապա կտեսնենք, թե որքան դյուրին է մեր հավատակից եղբորը կամ քրոջը սիրել, որովհետև սովորել ենք Հորը սիրել»,- ասաց Տեր Գրիգորը:
Կարինե Սուգիկյան