«Որտեղ ներկա է Տիրոջ Հոգին, այնտեղ ազատություն է»

Աստվածային սերը մարդու հանդեպ դրսևորվեց մեծագույն պարգևով՝ ազատությամբ: Այդ աստվածատուր ազատության մեջ չկա ոչ մի պարտադրանք, և այն անբաժանելի է մարդուց: Առանց հոգևոր ազատության՝ մարդը կորցնում է աստվածապարգև իր դիմագիծը և դառանալով անազատ՝ ընկնում է մեղքի գերության մեջ: Մարդ-Աստված հարաբերության հիմքում հոգևոր ազատությունն է: Ամենուր պայքար է ընթանում հանուն ազատության, բայց շատ քչերն են բացահայտում հոգևոր ազատության գաղտնիքը, որն ունեն և վայելում են Աստծու որդիները: Հոգևոր ազատության մեջ ապրողը քայլում է դեպի հավիտենակություն: Եվ այդ ճանապարհով քայլողն ամեն պահի պայքարում է մարմնական գերության դեմ՝ վայելելու Աստծու որդիներին հատուկ ազատությունը, քանի որ մինչև օրս ամբողջ ստեղծագործությունը հեծում է երկունքի ցավով այդ ազատագրությանը հասնելու համար (Հռոմեացիներ 8:22): Սբ. Պողոս առաքյալը, ով անկասկած ապրել է հոգևոր ազատությունը, գաղատացիներին հետևյալ խորհուրդն է տալիս. «Ամո՛ւր պահեցեք այդ ազատությունը և վերստին ստրկության լծի տակ մի՛ մտեք» (Գաղատ․ 5:1): Կյանքի ուղին մարդու առջև երկու ընտրության հնարավորություն է բացում՝ ընդունել Աստծու որդեգիր լինելը կամ հեռանալ Նրանից: Սբ. Անտոն Մեծն ասել է. «Աստված ստեղծել է մարդու հոգին ազատ և ինքնիշխան, և մարդն ազատ է՝ վարվելու այնպես, ինչպես ցանկանում է՝ լավ կամ վատ»: Ընտրության ազատությունը մարդուն տրված է եղել ի սկզբանե: Աստված դեռևս առաջին մարդկանց մեջ արթնացրել է ազատ լինելու գիտակցությունը՝ տալով պատվիրանը. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդոց 2:16-17): Երանելի Մակար Մեծն ասել է. «Փրկության հնարավորություն տալով՝ Աստված ցանկանում է, որպեսզի ցանկացողները փրկվեն, բայց ոչ ոքի չի պարտադրում»:

Ամեն անգամ դեպի մեղքը հակվելով՝ մարդը վտանգում է իրական ազատությունը և Տիրոջ հանդեպ սիրո մեծ կապը: Բայց ըստ սբ. Պողոս առաքյալի՝ երբ մեղավորը դառնում է դեպի Տերը, ապա քողը կվերցվի, քանի որ Տիրոջը դառնալ՝ նշանակում է ունենալ Հոգին, և որտեղ ներկա է Տիրոջ Հոգին, այնտեղ ազատություն է (Բ Կորնթ․ 3:17):

Իրական և ճշմարիտ ազատությունը բացարձակ կերպով հատուկ է միայն Արարչին, իսկ մարդ արարածին հատուկ է այդ օրհնությանը ձգտելով՝ մասամբ ճանաչել այն և վայելել: Հիսուս Քրիստոս աստվածային ազատության Իր մեծագույն սիրուց հանձն առավ մահը՝ բացելով մեր առջև դեպի հավիտենակություն տանող նեղ, բայց լուսավոր ուղին: Ողջ աշխարհն ու մարդուն արարող Տերը կառավարում է աշխարհը, և Նա անկառավարելի է, բայց չի կառավարում Իր արարչագործության պսակին՝ մարդուն, նրան ազատություն է տվել: Ուստի ազատ Աստծու պատկերը կրող մարդն էլ պետք է փորձի նմանվել իր Արարչին՝ հեռու մնալով ուրիշին կառավարելուց:

Ազատությունը գիտակցված պատասխանատվություն է: Իսկ առանց պատասխանատվության բարություն անել հնարավոր չէ: Պատասխանատվությունն էլ գալիս է սիրուց: Այնտեղ, ուր չկա աստվածային սեր ու ազատություն, ամեն ինչ դառնում է անիմաստ և անօգուտ. «Եթե խոսեմ մարդկանց և հրեշտակների լեզուներով, բայց սեր չունենամ, ինչո՞վ պիտի տարբերվեմ պղնձե շեփորից, որ հնչում է, կամ ծնծղաներից, որ ղողանջում են: Եթե մարգարեության պարգև ունենամ, կարողանամ բոլոր խորհուրդների խորքը թափանցել ու հասնեմ ամբողջական գիտության, և եթե նույնիսկ լեռները տեղափոխելու չափ հավատ ունենամ, բայց սեր չունենամ, ես ոչինչ չարժեմ: Ի՞նչ օգուտ, եթե իմ ամբողջ ունեցվածքն աղքատներին տամ և նույնիսկ իմ մարմինը կրակի մատնեմ. եթե սեր չունենամ, ոչնչից չեմ օգտվում» (Ա Կորնթ․ 13:1-3):

Աստված մշտապես մարդուն տալիս է հնարավորություն՝ ձեռք բերելու իրական և կատարյալ ազատությունը, և ի՞նչն է մարդն ընտրում. թանկարժեք մարգարի՞տը՝ ազատությունը, թե՞ հին ժառանգությունը՝ մեղքի մեջ գերությունը, որով անձը դատապարտված է հավիտենական կորստի:

 

Գայանե Սուգիկյան

25.06.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․