Ոմն եղբայր հարցրեց հայր Պիմենին և ասաց նրան. «Եթե եղբայրներին մի փոքր հաց եմ տալիս կամ որևէ այլ բան, դևերը պղտորում են միտքս և ինձ ասում են, թե ի ցույց մարդկանց արեցի այդ»: Ծերը նրան ասաց. «Թեկուզ և մարդահաճության համար անենք, չդադարե՛նք եղբայրներին տալ անհրաժեշտը, ինչի մասին ասում է հետևյալ առակը: Երկու մշակներ կային մի քաղաքում. մեկը սերմանեց և սակավ հնձեց, իսկ մյուսը հեղգանալով՝ բնավ ո՛չ սերմանեց և ո՛չ էլ հնձեց, և մեծ սով եկավ նրանց վրա. արդ, նրանցից ո՞ր մեկը կգտնի կերակուր»: Եղբայրն ասաց. «Նա, որ փոքրինչ աշխատեց»: Ծերն ասաց. «Այդպես էլ մենք՝ գեթ մի փոքր սերմանենք, որպեսզի սովից չսատկենք»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016