26 Դեկտեմբեր, Եշ
Ապրիլի 3-ին՝ Ավագ շաբաթ օրը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքից տասը տղամարդիկ ոտքով ուխտագնացության մեկնեցին Հայոց Սրբություն Սրբոց Ս. Էջմիածին: Ուխտավորները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, միասնական աղոթքի կանգնեցին, ապա Տեր Հոր օրհնությունն ստանալուց հետո շարժվեցին դեպի Հայոց հոգևոր կենտրոն: Նրանց աղոթքի ուղին, որ ուղղված էր Հայոց աշխարհի խաղաղությանն ու անսասանությանը, կանգ առավ նախ առաջնորդանիստ Ս. Սարգիս և Փարաքարի Ս. Հարություն եկեղեցիներում, ապա իր շարունակությունն ունեցավ Ս. Հռիփսիմե, Ս. Գայանե և Ս. Շողակաթ եկեղեցիներում:
Մի քանի ժամ տևող ոտքի ճանապարհն ուխտավորները հաղթահարեցին և իմաստավորեցին աղոթքներով: Բոլոր սրբավայրերում երկրպագելով և աղոթք բարձրացնելով առ Տեր՝ ուխտավորները Տիրոջ երկնառաք օրհնությունը հայցեցին համայն Հայոց ազգի համար, որպեսզի Ամենակալն Իր ամենազոր Աջով հովանի լինի Հայոց և Արցախ աշխարհներին՝ անխռով պահելով հայ ժողովրդի կյանքը: Ուխտավորների աղոթքի ուղին եզրափակվեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում Ս. Զատկի ճրագալույցի պատարագին մասնակցությամբ: Հարության ավետիսն առավել զորացրեց աղոթքի ճանապարհ անցած ուխտավորներին՝ հարության հույսով, հավատով ու սիրով կրելու իրենց խաչը և դեպի Քրիստոս ընթանալու նեղ, բայց փրկարար ճանապարհով: «Հայությունը Քրիստոսի հարությամբ իր փրկության և հաղթանակի ճամփան գտավ աննկարագրելիորեն ահավոր կացությունների մեջ, ուր մահը իր դառը շնչով ծխոտել էր մեր ազգի կյանքի ողջ մթնոլորտը: Հայը ժառանգորդն է հարության հավատացող և հարության կենսանորոգության ուժի զորությամբ ապրող ժողովրդի: Այո՛ խաչապաշտ, բայց ո՛չ խաչավախճան, այլ հարութենապաշտ և անմահացյալ»,- ասել է երջանկահիշատակ Գարեգին Ա հայրապետը:
Կարինե Սուգիկյան