«Ով բարիք է հատուցում, պիտի հիշվի հետագայում»

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, շարունակում է սոցիալական ծրագրերի իր շարքը: Հունիսի 8-ին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը այցելեց Նուբարաշեն Ա-7 տարածքի 13 հողակտորում բնակվող Սարգսյան կարիքավոր ընտանիքին: Ընտանիքի հայրը՝ Արցախյան հերոսամարտի մասնակից Սարգսյան Մանվելը, մահացել է քսանմեկ տարի առաջ: Կռվի ժամանակ նա գերի է ընկել թշնամու ձեռքը և ազատ արձակվելուց հետո, կարճ ժամանակ անց մահացել է առողջական խնդիրների պատճառով: Ընտանիքի մայրը՝ Ռուզաննա Սարգսյանը (54 տ.), քսանվեց տարի է, ինչ իր չորս զավակների հետ բնակվում է տարրական կենցաղավարության պայմաններից զուրկ երկու սենյականոց տնակում:

«Հողակտորը մեզ թաղապետարանն է տրամադրել, իսկ տնակը՝ եղբայրս: Մի անհատ բարերար մեզ շինանյութ տրամադրեց, որ կարգի բերենք մեր տնակը, բայց տարբեր խնդիրների պատճառով չկարողացանք ոչինչ անել: Բնակարանի հարցով շատ շատերին եմ դիմել, բայց ապարդյուն: Մի քանի ամիս է, որ արդեն ջուր ունենք, մեր միջոցներով երկու տղաներս կես կիլոմետր հեռավորությունից ջրի խողովակ քաշեցին և ուրախ եմ, որ գոնե բակում ջուր ունենք: Ամառ է, բայց մեր տնակում առավոտյան բավականին ցուրտ է լինում և ստիպված եմ լինում փայտի վառարանը վառել, իսկ ձմռանը մեր խնդիրներն ավելի են շատանում. կիսավեր տնակի և պատուհանների պատճառով հնարավոր չի լինում տնակը ջեռուցել: Ճաշը եփում եմ փոքր գազի բալոնի կամ փայտի վառարանի վրա, եթե չենք կարողանում բալոնը լիցքավորել: Այժմ իմ տնային աշխատանքն որոշ չափով ծանրացել է, քանի որ լվացքի մեքենան չի աշխատում և ձեռքով եմ լվացքն անում: Տնակում մի քանի կատուներ ենք պահում, քանի որ շատ հաճախ տնակ են ներթափանցում օձեր, կարիճներ և առնետներ»,- ասաց ընտանիքի մայրը:

Տիկին Ռուզաննայի հարստությունն են իր զավակները: «Երբ մեծ դժվարությամբ և ժամանակից շուտ ծնվեց առաջնեկս՝ Նվերը, բժիշկներն ինձ առաջարկեցին հրաժարվել նրանից, քանի որ երեխան ծնվել էր Դաունի համախտանիշով: Ինձ ցավ պատճառեց նրանց առաջարկը, որովհետև յուրաքանչյուր երեխա Աստծո կողմից տրված պարգև է ծնողին: Մյուս երկու տղաներս նույնպես առողջական խնդիրներ ունեն, ինչի պատճառով նրանց ազատել են զինվորական ծառայությունից»,- ասաց տիկին Ռուզաննան:

28-ամյա Նվերը ութ տարի սովորել է Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում, ինչպես նշեց մայրը, նա կարդալ չգիտի, բայց սիրում է գրքերի նկարները նայել, սիրում է երգել, պարել: Նվերը շատ աստվածասեր է և ի զարմանս շատերի՝ մանրամասնորեն պատմում է մանուկների Աստվածաշնչի նկարների պատմությունները: «Իմ ամենամեծ ցանկությունն է Աստծուն տեսնել, ես զգում եմ Նրան իմ սրտում, ես աղոթում եմ Աստծուն, որ ինձ բժշկի, ես ուզում եմ խաղաղ ապրել, չեմ ուզում, որ պատերազմներ լինեն»,- ասաց Նվերը:

«Երեք ամիսը մեկ անգամ Նվերի անունով նպաստ էի ստանում, բայց այժմ միայն նրա հաշմանդամության թոշակն եմ ստանում»,- նշեց տիկին Ռուզաննան: Սուղ պայմաններում մեծացած Սարգսյան ընտանիքի զավակները դժվարությամբ, բայց մեծ ջանասիրությամբ տարբեր աշխատանքներ են կատարում, որպեսզի հոգան ընտանիքի նվազագույն կարիքները: Նվերն էլ իր հերթին օգնում է մայրիկին և եղբայրներին՝ ձմեռվա վառելիք հայթայթելու գործում: Տեր Գրիգորը կարիքավոր ընտանիքին փոխանցեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամ Գուլարյան Աշոտը:

Տիկին Ռուզաննան իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին, աջակից անձին, նաև «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնին, որ հետայսու, Տեր Հոր միջնորդությամբ, զբաղվելու է Նվերի բուժհետազոտության և բուժման հետ կապված խնդիրներով:

Այն, թե ողորմածն ինչից է ազատվելու և ինչ բարիքների է արժանանալու, Սուրբ Գիրքը և եկեղեցու հայրերն ասում են՝ ջուրը հանգցնում է բորբոքված կրակը, և ողորմածությունը քավում է մեղքերը: Ով բարիք է հատուցում, պիտի հիշվի հետագայում, իսկ սայթաքելիս նեցուկ պիտի գտնի (Սիրաք 3:33-34), իսկ Բարսեղ Մաշկևորցին ասել է. «Պետք է շնորհ համարես, երբ աղքատը վերցնում է քեզանից, որովհետև աղքատները եթե չլինեին, չէիր կարող մեղքի վերքերդ բուժել: Աղքատի ձեռքերը վերքեր դարմանող են: Բժիշկը, ձեռքերը երկարելով, չի կարող քեզ ցավերից այնպես բուժել, ինչպես աղքատը, երբ իր ձեռքը երկարելով՝ քեզանից վերցնում է»:

 

Կարինե Սուգիկյան

08.06.18
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․