«Ով բնակվում է Իմ մեջ, և Ես՝ նրա մեջ, նա շատ պտուղ է տալիս»

«Ով բնակվում է Իմ մեջ, և Ես՝ նրա մեջ,  նա շատ պտուղ է տալիս» | Ov Bnakvum E Im Mej Ev Es Nra Mej  Na Shat Ptugh E Talis

Որ հաստատեալ է յիս, և Ես ի նա,

նա բերէ զպտուղ յոյժ:

Ով բնակվում է Իմ մեջ, և Ես՝ նրա մեջ,

նա շատ պտուղ է տալիս (Հովհաննես 15:5):

Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու.

Օրվա ընթերցվածքում՝ Եսայու մարգարեության մեջ, Աստված ասում է. «Սպասեցի, որ խաղող բերի, բայց փուշ բերեց» (Եսայի 5:5):

Երբ է մարդը փուշ բերում, երբ հեռանում է Աստծուց և չի կատարում նրա պատվիրանները, որովհետև Աստծու պատվիրանները սեր են քարոզում և սիրո շղթաներով են կապում մարդկանց Աստծու և միմյանց հետ: Աստծու կամքը մենք-ի թագավորություն տեսնելն է մարդկանց մեջ, սակայն մարդիկ, ընդհակառակը, առանձին-առանձին կենտրոնանում են իրենց ես-ի շուրջը: Փորձում են իրենց անձերի կամքը կատարել և մտածում են իրենց ես-ի մասին՝ մեղքեր գործելով:

Կյանքում ամեն ինչը պտուղ է: Զավակը պտուղ է, որի համար մենք մեծ պատասխանատվություն ենք կրում Աստծու առաջ: «Կամ ծառը բարի արե՛ք, և նրա պտուղն էլ բարի կլինի, կամ ծառը չար արե՛ք, և նրա պտուղն էլ չար կլինի. քանի որ իր պտղից է ծառը ճանաչվում», ասում է Քրիստոս՝ մեր Տերը (Մատթեոս 12: 33): Մեր տված դաստիարակությունից են կախված մեր զավակների գործերը:

Պտուղներ են մե՛ր գործերը, մեր բնավորության գծերը, նվերներն ու ընծաները, ողորմությունն ու բարեգործությունը, ժլատությունն ու ագահությունը, խոնարհությունն ու անհնազանդությունը, նախանձն ու չարախոսությունը, բարյացակամությունն ու սերը, բարեկամի վերքերի համար մխիթարական խոսքն ու բուժիչ բալասանի կիրառությունը:

Սիրելինե՛ր, մեր մեջ տարածում ունի այն սովորույթը, որ մտնելով եկեղեցի որոշակի քանակությամբ մոմ ենք վառում և մեր ցանկությունները, իղձերը, նպատակները ներկայացնում ենք Աստծուն, դուրս ենք գալիս եկեղեցուց՝ ակնկալելով, որ Աստված հերթով պիտի կատարի դրանք: Մեր՝ քրիստոնյա հայերիս հավատքը չպիտի սկսվի ու ավարտվի մոմ վառելով: Հիշենք, որ Տերն է մեզ արարել, Նա որոշակի առաքելությամբ ստեղծել է մեզ, և առաջին հերթին Ինքը ակնկալիքներ ունի մեզանից: Հետևաբար մոմավառությունը վերածել հմայական գործողության, մոմը վառել և պահանջներ ներկայացնել Արարիչ Աստծուն տարիներով կարող է մարդկանց թյուրիմացության մեջ պահել, և մարդիկ վստահ լինեն, որ իրենք հավատք ունեն առ Աստված: Իրականում Աստված մեր Հայրն է, որ ծնունդ ու կյանք է պարգևում մեզ բոլորիս, ինչպես ցանկացած ծնող իր զավակին սիրում է, փայփայում ու խրատելով մեծացնում նրան, սպասում է, որ նա պետք է լավ մարդ դառնա, հաջողակ լինի իր գործերում: Ոչ մի ծնող չի ցանկանում, օրինակ, իր զավակին գող-ավազակ կամ ծույլ-անբան տեսնել: Աստված արարել է աշխարհը և ամեն ինչից ու ամենքից սպասում է, որ պտուղ տան: Հիսուս Քրիստոս անիծեց անպտուղ թզենին, և այն չորացավ:

Պտուղը բարիքն է, որ ճաշակում է ուրիշը և օրհնում պտուղ տվողին: Սեփական պտուղներից ցնծում է մեր սիրտը, հագենում է աղքատը, գոհաբանությունը բարձրանում է երկինք, ուրախանում է նաև մեր հրեշտակը, հիանում է մեր ծնողը:

Հարկ է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ մարդ կարող է շատ աշխատասեր լինել, փող վաստակել իր արդար քրտինքով, չարչարվել օրնիբուն, սակայն մտածել միայն իր ու իր ընտանիքի անդամների մասին, կարիքավոր մարդկանց սեփական ունեցվածքից բաժին հանելու փոխարեն նախընտրի թոռներին ու ծոռներին հարստություն կուտակել, երբ շուրջբոլորը բարիք գործելու, սեփական սրտի բարությունը ցույց տալու, ողորմություն տալու և փոխադարձը չակնկալելու համար ուղղակի բազում առիթներ ու հենց Աստծո՛ւ կողմից ստեղծված հնարավորություններ կան:

Պտուղը միայն ստեղծված բարիքը չէ, միայն բարությունը չէ, այլ պտուղը նաև մարդկային առաքինություններն են, չարից ու չարիքից հեռու մնալը, մեղքերի մեջ չթաթախվելը, ամբարտավանությունից խուսափելը, քրիստոնեական ոգով ապրելը: Սակայն հիշենք, որ սրբուհիներից մեկն ասում է, որ Աստծու Դատաստանի առաջ մենք կանգնելու ենք ոչ թե արված ճգնությունների թվով, այլ արված բարություններով: Մարդկային պտուղներ են նաև, երբ մարդն ու իր ընտանիքը, հետևելով քրիստոնեական պատվիրաններին, դառնում են օրինակելի ընտանիք, որոնց նայելով՝ մարդիկ փառք են տալիս Աստծուն:

Սիրելինե՛ր, Քրիստոս ասում է. «Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը: Ով բնակվում է Իմ մեջ, և Ես՝ նրա մեջ, նա շատ պտուղ է տալիս, որովհետև առանց Ինձ ոչինչ անել չեք կարող» (Հովհաննես 15:5): Ուստի պետք չէ հպարտանալ բարի գործերով, քանի որ դրանք բոլորը չնայած կատարում ենք մենք, բայց Աստծու շնորհ են: Մեր պտուղները մեր կամքի ու ընտրության արդյունքն են, արդյո՞ք մենք կցանկանանք մեր պտուղներից մաս ու բաժին հանել ուրիշներին, թե ոչ: Մեկ վայրկյան անգամ սրտում զգացած հպարտությունը կարող է զրոյացնել չարչարանքով կատարված բարիքը: Ուստի հարկավոր է Աստծու պատվիրանների ետևից գնալ և խոնարհ լինել Աստծու և մարդկանց առաջ: 

Պտուղ է նաև բարի գործերի մասին լռելը: Ու կարևոր է, թե ինչ պտուղ ես տալիս: Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս ասում է. «Չկա բարի ծառ, որ չար պտուղ տա. և դարձյալ՝ չկա չար ծառ, որ բարի պտուղ տա. որովհետև յուրաքանչյուր ծառ իր պտղից է ճանաչվում: Փշերից թուզ չեն քաղում և ոչ էլ մորենուց՝ խաղող: Բարի մարդը իր սրտի բարի գանձերից բարին է բխեցնում, իսկ չար մարդը չարն է բխեցնում» (Ղուկաս 6:43-45):

Կարելի է ասել, որ ամբողջ Աստվածաշունչը երկու գաղափարների շուրջ է պտտվում՝ մեղք և պտուղներ: Հեռու մնալ մեղքերից, չմեղանչել ու բարիք գործել, պտուղներ ունենալ, որպեսզի մարդ կարողանա կանգնի Աստծու առաջ: Մեղքը հրաժարելի պատվիրանների տիրույթում է, այսինքն՝ մի՛ կատարիր, իսկ պտուղներն ու գործերը հանձնառելի պատվիրանների տիրույթում են, որոնք պարտավոր է կատարել մարդը, սակայն Աստված չի պարտադրում ոչինչ, ցանկանում է, որ մարդ ինքնակամ ատի մեղքը և սիրով հանձն առնի բարիքը:

Ուստի, սիրելինե՛ր, եկեք Աստծու օգնությամբ և շնորհով մշակենք մեր հոգու այգին, որպեսզի անուշահամ պտուղներ տանք, որոնք կճաշակեն ուրիշները և կփառաբանեն Աստծուն:

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

 

25.07.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․