13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
Որ զմահ ոչ գիտէ, երկնչի ի մահուանէ, իսկ որ գիտէ զմահ, ոչ երկնչի ի նմանէ:
Նա, ով չի ճանաչում մահը, վախենում է մահից, իսկ նա, ով ճանաչում է մահը, չի երկնչում նրանից (Եղիշե)։
Սիրելի հավատացյալներ,
Եղիշե մեծ վարդապետի այս խոսքերը արձանագրված են ոսկեգրքույկ իր պատմության մեջ: Այսօր, երբ բոլորս խմբվել ենք Տիրոջ այս տան մեջ՝ Միածնաէջ այս տաճարում, վերստին մեր աղոթքն ենք մատուցում առ Աստված նաև օրվա առիթով, որ մեր հայրերի իմաստուն տնօրինությամբ սահմանված է մեռելոց հիշատակության օր: Այսօր մենք մեր սրտի, մեր աղոթքների և մեր մտածումների մեջ հայցում ենք Աստծուն, որպեսզի գթա մեր բոլոր հանգուցյալներին և նրանց արժանացնի երկնային ողորմության: Եվ օրվա պատշաճությունը նկատի ունենալով, սիրելի հավատացյալներ, հիշյալ խոսքերն ընտրեցի իբրև մեր այսօրվա խորհրդածության նյութ, որովհետև բոլորս համակված ենք այս գաղափարով և այս պահին մեր մտքերը մեր ի Տեր հանգյալ մերձավորների ու սիրեցյալների հոգիների հետ են:
Ի՞նչ ենք հասկանում այս խոսքերից, ի՞նչ են նշանակում «չճանաչել մահը» և «ճանաչել մահը», և առհասարակ ի՞նչ է մահը քրիստոնյաներիս համար, և ի՞նչ է մեր վերաբերմունքը մահվան այդ երևույթի նկատմամբ:
Գիտենք, որ հին ժամանակներում մարդու համար մահը մեծագույն չարիքն էր և մեծագույն պատիժը: Մահն իշխում էր բոլոր կենդանի արարածների և մանավանդ մարդկային էակների վրա: Այն մի տեսակ ահազդու և սահմռկեցուցիչ երևույթ էր, որ ապրում էր մարդ արարածն իր երկրային կյանքում: Բոլոր մարդիկ անխտիր՝ անկախ հասարակության մեջ իրենց դիրքից, աստիճանից և պատկանելությունից, երկնչում ու վախենում էին մահվանից, որովհետև նրանք իրենց ամբողջ կյանքը պարփակում էին երկրայինի մեջ, և նրանց համար ֆիզիկական կյանքի վախճանն այլևս իրենց կյանքի լիակատար վախճանն էր ընկալվում:
Սակայն, սիրելի հավատացյալներ, գիտենք, թե ինչպես հիմնիվեր փոխվեցին կյանքի ու մահվան մասին պատկերացումները Քրիստոսի աշխարհ գալով: Աստծու Միածին Որդու խաչելությամբ, թաղմամբ ու հարությամբ փշրվեցին ոչ միայն մահվան կապանքները, այլև նրա մասին մարդու վերաբերմունքը: Գիտենք, որ մահն այլևս գոյություն չունի Քրիստոսի հարությամբ, որովհետև նրանով է, որ մենք կյանք ստացանք, նրանով է, որ մենք հոգևոր փրկության շնորհին արժանացանք: Չկա մահ քրիստոնյաներիս համար, ինչպես դարեր առաջ Տիրոջ մարգարեն էր աղաղակում. «Որտե՞ղ է քո հաղթանակը, մա՛հ, որտե՞ղ է քո խայթոցը, դժո՛խք» (Օվսեե ԺԳ 14):
Ի տարբերություն կյանքի ու մահվան մասին հին, հեթանոսական հավատալիքների՝ կյանքը քրիստոնյաներիս համար Աստծո պարգևն է: Ամեն ինչ մեր կյանքում կրում է Աստվածային շնորհ լինելու կնիքը սկսյալ մեր ծննդյան օրից: Միաժամանակ գիտակցում ենք, որ երկրավոր կյանքն անվերջանալի չէ, այն ունի սահման: Այն, ինչ ունի սկիզբ, ունի և վերջ: Մարդու համար երկրավոր կյանքի սկիզբը ծնունդն է, իսկ վերջը՝ մահը: Սակայն գիտենք, որ մահը չէ ճշմարիտ քրիստոնյայի կյանքի վախճանը: Մահը՝ այս զգայականը, այս սգավորը, այս անցավորը վերջակետը չէ մեր կյանքի, այլ հավատում ենք, որ մեր երկրավոր կյանքի վախճանը սկիզբն է հավիտենական կյանքի: Սրանով է, որ մենք՝ քրիստոնյաներս, հաղթանակած ենք համարում մահը, սրանով է, որ Քրիստոս մեզ պատվիրեց, թե Իրեն հավատացողներն անմահ են, հավիտենական կյանքի ժառանգորդներ:
Այսուհանդերձ, մեղքին ու գայթակղությանը դյուրաբար անձնատուր եղող մարդկային մեր բնությունը տակավին Քրիստոսի ժամանակներից շուրջ երկու հազար տարիներ հետո էլ խռովվում է, տագնապում, երբ մեր ընտանիքներում, մեր հարազատների մեջ մահվան դեպք է տեղի ունենում: Հարազատի կորստյան վիշտը կրծում է մեր հոգին: Ափսոսանքի զգացումով սգում ենք, որովհետև կորցրել ենք մեր սիրելիին, մեր բարեկամին, ով որ մեզ խնամել էր, ով որ մեզ սիրել էր, ով իր ներկայությամբ բարություն ու կենսախնդություն էր շաղ տվել մեր շուրջը: Սա մարդկային, բնական զգացում է: Սակայն երբեմն տեսնում ենք, թե մարդիկ մահվան, մանավանդ վաղաժամ ողբերգական մահվան դեպքերում ինչ հոգեվիճակի մեջ են ընկնում, ինչպես են տրտմում նրանց սրտերը: Նրանք այլևս չեն պատկերացնում իրենց կյանքն առանց իրենց վախճանված սիրելիի. տեղի է տալիս հույսը հոռետեսության և ամեն ինչի նկատմամբ անհավատության: Թվում է, թե խավարում է սգավորի կյանքն այս արևի տակ:
Սա հակառակ է մեր քրիստոնեական հավատին: Մարդկայնորեն կարող ենք ցավ ապրել ու տրտմել, բայց երբեք չպետք է վշտի մեջ հուսահատվել, որքան էլ այն ծանր լինի: Հակառակ դեպքում՝ կնմանվենք այն հեթանոսներին, ովքեր մահը համարում էին կյանքի վախճան: Մինչդեռ քրիստոնյաներս քաջ գիտենք, որ երկրավորով չի ավարտվում կյանքը, քանզի հոգին անմահ է: Ի վերջո, այս կյանքին հրաժեշտ տալով՝ մենք մուտք ենք գործում մեկ այլ կյանք, որն էլ հենց մեր Տեր Հիսուս Քրիստոսի պարգևած հավիտենական կյանքն է երկնքի արքայության մեջ:
Արդ, սիրելի հավատացյալներ, մեր ողբը և կոծը փոխակերպենք աղոթքի և աղաչանքի առ Աստված, որպեսզի մեր Երկնավոր Հայրը ների մեր ննջեցյալների բոլոր մեղքերը և նրանց դասի արդարների շարքը: Այս է ճշմարիտ քրիստոնեական կեցվածքը: Աստվածասեր մարդու համար երբեք խորթ չէ ննջեցյալների հոգիների փրկության համար աղոթելը, որովհետև դրանով միայն կարող ենք մեր լավագույն նվերը մատուցել մեր սիրելիին: Հիշենք Տիրոջ խոստումը. «Ինչ էլ Իմ անունով Հորիցս խնդրեք, կտա ձեզ» (Հմմտ. Հովհաննես ԺԵ 16):
Սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ, հորդորս ու պատգամս է, որ աղոթեք ամենայն ժամ ոչ միայն ապրողների կենաց արևշատության, հաջողության, այլ նաև հույսով ի Քրիստոս ննջած հոգիների փրկության համար: Թող Աստված ունկնդիր լինի մեր հայցին և մեր սրտերում ու հոգիներում զորացնի հարության հավատը:
Շնօրհք, սէր եւ խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ, ընդ ամենեսեան, ամէն:
Տ. Պարույր քհն․ Ավետիսյան
(քարոզը խոսվել է Ս. Էջմիածնի Մայր Տաճարում, 14 օգոստոսի 2006 թ.)