Ամեն մարդ՝ որպես աստվածաստեղծ արարած, կոչված է իր միջավայրում սեր, ուրախություն և բարություն սերմանելու: Այս կոչումն այն ուղենիշն է, որով քրիստոնյան ընթանում է դեպի Տերը և Նրա ամենակարող զորությամբ զորանալով՝ ամեն օր ուրախություն ապրում՝ նշելով բարու հաղթանակը: Բարին գործելու և սերմանելու նախանձախնդրությունն է շատերին համախմբել այն սոցիալական ծրագրերի շուրջ, որ իրագործում են Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցին և «Արև-երեխաներ» ՀԿ-ն:
Ապրիլի 10-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի հանրակացարանում բնակվող Սարգսյան ընտանիքին, ուր մեծանում է Դաունի համախտանիշ ունեցող արև Վարդուհին (2 տ.): «Տասներկու տարի երեխա չէինք ունենում, և Աստված մեզ երեք զավակ պարգևեց, որոնցից միջնեկն է Վարդուհին: Շատ հանգիստ և կարգապահ բալիկ է մեր փոքրիկը, դեռ չի քայլում: Այժմ մաշկային խնդիր ունի և բուժման մեջ է»,- ասաց ընտանիքի մայրը՝ Սեդյան Գայանեն (40 տ.): Նա նշեց, որ իրենք ֆինանսական խնդիրների առջև են կանգնած, քանի որ ամուսինը միայն հողագործությամբ է զբաղվում և մշտական աշխատանք չունի, իսկ իրենց կարիքները չեն կարողանում հոգալ միայն ընտանեկան նպաստի և երեխային տրամադրվող հաշմանդամության գումարներով: Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և ընտանիքին հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքից Հարությունյան ընտանիքը: Սարգսյան ընտանիքն իր երախտագիտությունը հայտնեց աջակից ընտանիքին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն և «Արև-երեխաներ» ՀԿ-ին:
Որպեսզի սերմնացանի աշխատանքն անարդյունք չանցնի, կարևոր է, որ նա հարատևի իր աշխատանքի մեջ և չտկարանա՝ փրկարար բերքը ժամանակին քաղելու համար: «Մարդ ինչ որ սերմանում է, այն էլ կհնձի: Ով որ սերմանում է իր մարմնի անդաստանում, մահ կհնձի իր մարմնից, իսկ ով սերմանում է Սուրբ Հոգու անդաստանում, հավիտենական կյանք կքաղի Սուրբ Հոգուց: Գալով մեզ՝ չձանձրանանք բարիք գործելուց, որովհետև եթե հարատևենք, արդյունքն անպայման կքաղենք իր ժամանակին: Հետևաբար, քանի դեռ ժամանակը մեր ձեռքին է, բարիք անենք բոլորին, մանավանդ հավատի ճանապարհի մեր հարազատներին» (Գաղ. 6:8-11),- ասել է Պողոս առաքյալը:
Կարինե Սուգիկյան