«Ովքեր իրենց հույսը դրել են Տիրոջ վրա, սերնդից սերունդ չեն տկարանա»

Սուրբ Գրքում դժվար թե գտնվի մի հատված, որտեղ չհանդիպենք այն կենսատու խոստումներին, որ Տերը տալիս է Իրեն հուսացողներին: Դավիթ արքան, որ Բարձրյալի հանդեպ հույսի լավագույն ուսուցիչն է, փառաբանում է Նրան և ասում. «Տերն իմ լույսն է ու կյանքը, ո՞ւմից վախենամ. Տերն իմ կյանքի ապավենն է, ո՞ւմից ես դողամ: Երբ չարագործ նեղիչներս ու թշնամիներս մոտեցան ինձ՝ մարմինս ուտելու, նրանք թուլացան ու ընկան» (Սաղմ. 26:1-3): Արքայի սիրտը մեծ էր և լի Աստծու հանդեպ սիրով ու վստահությամբ. նա առատորեն վայելում էր աստվածային աղբյուրներից և ստացածն արտացոլում իր սաղմոսներում: Դավթի նման իմաստուն ու խոհեմ անձինք ամենուր ջերմեռանդորեն փառաբանում  էին Աստծուն՝ Իր անսահման ողորմության համար: «Ամբողջ սրտով հույսդ դի՛ր Աստծու վրա և մի՛ հպարտացիր քո իմաստությամբ»,- ասել է Սողոմոն Իմաստունը (Առակ. 3:5): Մարգարեներից՝ Երեմիան գրել է. «Թող օրհնյալ լինի այն մարդը, որ հույսը Տիրոջ վրա կդնի, որ Տերը նրա հույսը կդառնա» (Երեմ. 17:7-8): Հուդա Մակաբեն պատերազմից առաջ իր հայրենակիցներին ոգևորում էր և ասում. «Արդ, իմացե՛ք, որ բոլոր նրանք, ովքեր իրենց հույսը դրել են Տիրոջ վրա, սերնդից սերունդ չեն տկարանա» (Ա Մակաբ. 2:61):

Քրիստոս Իր երեքամյա քարոզչության ընթացքում բազմիցս հիշեցնում էր մարդկանց առ Աստված ապավինության մասին՝ օրինակ բերելով թռչուններին, ծաղիկներին  (Ղուկ. 12:24-28): Իր հետ մշտապես շրջող առաքյալներին Նա տարբեր ձևերով ուսուցանում էր այդ մասին: Օրինակ, երբ ցանկանում էր կերակրել Իր մոտ հավաքված հինգ հազար մարդկանց, Փիլիպպոսին հարցրեց.  «Որտեղի՞ց հաց պիտի գնենք, որ դրանք ուտեն» (Հովհ. 6:5):

Վաղվա մասին մտահոգության հետ կապված ոմն եղբայր հարցնում է հայր Պիմենին. «Ո՞ւմ է վերաբերում խոսքը, որ գրված է. «Վաղվա մասին հոգ մի՛ արեք» (Մատթ. 6:34): Ծերն ասում է նրան. «Դա վերաբերում է ամեն մի հավատացյալ մարդու, առավել ևս կրոնավորի, որպեսզի մենք մեր հույսը կապենք Տիրոջ հետ և ոչ թե մեր հոգսերի», որովհետև ով ինչ ունի՝ ամենն էլ Տիրոջն է: Դա վերաբերում է և նրանց, ովքեր փորձության մեջ են ընկնում, որպեսզի լքվելով՝ չվհատվեն, այլ միշտ ակնկալեն Աստծու օգնությունը»:

Երբեմն մարդիկ աղոթում են և միաժամանակ կասկածում, թե արդյո՞ք իրենց աղոթքը լսելի կլինի: Իսկ թե ինչպես պետք է աղոթենք, այս մասին Քրիստոս ուսուցանեց հետևյալ առակով. «Մի քաղաքում մի դատավոր կար, որ ո՛չ Աստծուց էր վախենում և ո՛չ էլ մարդկանցից ամաչում: Նույն քաղաքում մի այրի կին էլ կար, որ դիմում էր նրան և խնդրում. «Իրավունքս պաշտպանի՛ր իմ հակառակորդից»: Դատավորը երկար ժամանակ մերժում էր դատը տեսնել, սակայն ի վերջո ինքն իրեն ասաց. «Թեև Աստծուց չեմ վախենում և մարդկանցից չեմ ամաչում, բայց քանի որ այս այրին նեղություն է տալիս ինձ, նրա դատը տեսնեմ, որպեսզի անվերջ մոտս գալով՝ չանհագստացնի ինձ»» (Ղուկ. 18:2-6): «Անիրավ դատավորի և այրի կնոջ առակ»-ի միջոցով Քրիստոս հորդորում է հարատև աղոթել և չվհատվել՝ ապավինելով Աստծու ողորմածությանը: Եթե ​​այրու խնդրանքների համառությունը խոցեց անարդար դատավորի կարծրացած խիղճը և ստիպեց նրան դատը տեսնել, ապա մի՞թե արդար Դատավորը՝ Աստված, չի պաշտպանի նրանց, ովքեր գիշեր ու ցերեկ դիմում են Իրեն: Ըստ Ս. Հովհան Ոսկեբերանի՝ աղոթքը հզոր զենք է, եթե բխում է հավատից, անկեղծ սրտից և արվում է ջանասիրաբար. «Աղոթքի ուժը տեսանելի է այրի կնոջ անդադար աղոթքի մեջ, որով նա հաղթահարեց անամոթությունը, անարդարությունը, դաժանությունն ու կոպտությունը: Աստված դանդաղում է կատարել մարդկանց խնդրանքները ոչ այն պատճառով, որ մերժում է դրանք, այլ ցանկանում է, որ մարդիկ ջանասիրաբար աղոթել սովորեն և աղոթքով Իրեն մոտենան»:

Երբեմն մարդիկ վհատվում են դժվարություններից և հուսահատության մեջ չեն տեսնում որևէ  մխիթարություն, այդպիսիններին Օգոստինոս Երանելին պատգամում է. «Աստված ստեղծել է ոչ միայն երկինքն ու երկիրը, այլև բոլոր արարածներին և արարչագործության պսակին՝ մարդուն: Նա Իր հոգատարությունն է ցուցաբերում բոլոր արարածների հադեպ, և մարդը չի կարող ասել, թե Աստված չի հիշում իրեն, այն Աստված, Ում հայտնի է մարդկանցից յուրաքանչյուրի գլխի մազերի թիվը: Ինչ էլ, որ պատահի ձեզ ձեր կամքին հակառակ, թող ձեզ հայտնի լինի, որ տեղի է ունենում Աստծու կամքի և նախախնամության համաձայն: Եթե չենք հասկանում, թե ինչու կամ ինչ պատճառով են որոշ իրադարձություններ տեղի ունենում, ապա վստահենք աստվածային նախախնամությանը, քանի որ ոչինչ չի պատահում առանց պատճառի»:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

03.06.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․