23 Նոյեմբեր, Շբ
Մի անգամ ուղղափառ արքան շքեղ խնջույք կազմակերպեց իր բոլոր իշխանների և ծառաների համար՝ ցույց տալով արքայության ողջ հարստությունն ու իր մեծության փայլը: Պալատը զարդարված էր ոսկով ու արծաթով, մարմարե սյուներով ու մետաքսե վարագույրներով: Խմիչքը մատուցվում էր թանկարժեք անոթների մեջ և նույնիսկ դրա առատության մեջ էր երևում արքայի հարստությունը:
Երբ արքան մի քիչ գինովցավ, իր իշխաններին ասաց.
- Կամենում եմ, որ գնահատեք ինձ և ասեք, թե ինչ արժեմ այն ամենով, ինչ ունեմ:
Խորը լռություն տիրեց, քանզի ամեն ոք մտածեց, որ նույնիսկ հրեշտակներն ի զորու չեն ըստ արժանվույն գնահատել արքային: Միայն մի իմաստուն ծեր հազիվ լսելի ձայնով ասաց.
- Դու երեսուն արծաթ էլ չարժես…
Թագավորը սաստիկ զայրացավ և սարսափազդու ձայնով գոչեց.
- Խելքդ թռցրե՞լ ես: Իմ հագուստի յուրաքանչյուր ոսկե թելն անգամ ավելին արժե:
Բայց ծերունին պատասխանեց.
- Տիեզերքն արարող Աստված երեսուն արծաթի դիմաց մատնվեց, արդ՝ դու ինչո՞ւ ես ուզում ավելին արժենալ:
Ամաչեց իր փառասիրությունից արքան և հասկացավ, որ աշխարհի ողջ ոսկին և երկրային փառքը լոկ մոխիր է, և միայն Տերը կարող է իրեն ըստ արժանվույն գնահատել:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի