23 Նոյեմբեր, Շբ
Թագավորը շատ իմաստունների և գիտնականների է հրավիրում, սակայն մի հովվի է պարգևատրում և խորհրդական նշանակում: Երիտասարդ տարիքում դոկտորի գիտական աստիճան ստացած իշխանի որդին թագավորին հարցնում է.
- Ինչո՞ւ ընտրեցիր այդ հովվին: Նա մեզ պես ո՛չ գիտական աստիճան ունի, ո՛չ էլ գիտելիք, որպեսզի կարողանա օգնել երկիրը կառավարել:
Թագավորը պատասխանում է.
- Տարբերությունը նրանում է, որ թեև գիտելիք ունես, սակայն ինչ անում ես, իսկության մեջ քո «ես»-ի ու կարիերայի համար ես անում, իսկ այս պարզ հովիվն ինչ անում է, հանուն Աստծու փառքի, երկրի ու մարդկանց է անում: Հետևաբար, քո խորհուրդներով միայն ինքդ քո օգտին ես գործելու և ի վերջո ինձ էլ վնաս ես պատճառելու, իսկ այս հովիվը, թեկուզ պարզ ու հասարակ խորհուրդներով, հանուն իր երկրի և ժողովրդի ու թագավորի է գործելու:
Հոգևոր կյանքում նույնպես այդպես է: Սուրբ Հոգին տեսնում է մարդկանց սրտերը, թե մարդիկ ինչպիսի մտադրություններով են գործում և անձնական հաջողության ձգտում: Դրա համար էլ շնորհներ է տալիս նրանց, ովքեր հոգևոր խոնարհություն և աստվածային սեր ունեն՝ ծառայելու հանուն Աստծո փառքի և եկեղեցու շինության:
Հովհաննես Մանուկյան