25 Նոյեմբեր, Բշ
- Հա՛յր, ի՞նչ է նշանակում «Փա՜ռք Քեզ, Տե՛ր Աստված»:
- «Փա՜ռք Քեզ, Տե՛ր Աստված» նշանակում է «որպեսզի մարդիկ ճանաչեն Աստծուն»: Տեսնո՞ւմ ես՝ Քրիստոս էլ ասաց. «Ես քեզ փառավորեցի երկրի վրա… և դու այժմ փառավորի՛ր ինձ, Հա՛յր…» (Հովհ. 17:4, 5): Ոմանք սխալ են մեկնաբանում այս խոսքերը՝ ասելով. «Քրիստոս էլ է փառք փնտրում»: Իսկ այդ խոսքերը նշանակում են. «Ես, Հա՛յր, ցույց տվեցի Քեզ երկրի վրա: Դու էլ Ինձ երևացրու, որպեսզի մարդիկ հավատան»:
- Հա՛յր, ես ավելի հաճախ ուզում եմ կրկնել «Փա՜ռք Քեզ, Տե՛ր», քան «Տե՛ր, ողորմեա՜»: Միգուցե դա սխա՞լ է:
- Դա լավ է, աղջիկս: Ես կարող եմ ողջ օրը անցկացնել ձեռագործի վրա և կրկնել. «Փա՜ռք Քեզ, Տե՛ր Աստված: Փա՜ռք Քեզ, Տե՛ր, նրա համար, որ ապրում եմ: Փա՜ռք Քեզ, որ մեռնելու եմ ու գամ Քեզ մոտ: Փա՜ռք Քեզ, Տե՛ր, եթե անգամ ես հայտնվեմ դժոխքում, իսկ դժոխքից ինչ-որ մեկին տանեն դրախտ: Իսկ որպեսզի Աստված չվշտանա ինձ համար, երբ դժոխքում լինեմ, ապա թող դժոխքից շատ մեղավորներ տանի դրախտ, որպեսզի Նրա ուրախությունը նրանց համար ավելի մեծ լինի, իսկ ինձ համար թախիծը նվազի»:
Թող «Փա՜ռք Քեզ, Տե՛ր Աստված»-ը մշտապես ձեր շուրթերին լինի: Ինձ համար այն որպես դեղորայք է ծառայում, երբ որևէ տեղս ցավում է, ուրիշ ոչինչ չի օգնում: «Փա՜ռք Քեզ, Տե՛ր Աստված»-ը անգամ ավելի բարձր է, քան «Տե՛ր Հիսուս Քրիստոս, ողորմի՜ր ինձ»-ը: Հայր Տիխոնն ասում էր. ««Տե՛ր Հիսուս Քրիստոս»-ն արժե հարյուր դրահմ, իսկ «Փա՜ռք Քեզ, Տե՛ր Աստված»-ը՝ հազար, այսինքն՝ անհամեմատ ավելին»: Դրանով նա ցանկանում էր ասել, որ մարդ Աստծու ողորմությունը հայցում է ըստ անհրաժեշտության, իսկ փառաբանում է ըստ նախանձախնդրության, և դա շատ արժեքավոր է: Նա խորհուրդ էր տալիս ասել «Փա՜ռք Քեզ, Տե՛ր Աստված» ոչ միայն այն ժամանակ, երբ ամեն ինչ կարգին է, այլև ձախորդությունների ժամանակ, որովհետև փորձությունները ևս Աստված թույլ է տալիս մեր հոգու շահի համար:
- Երբեմն, երբ ասում եմ «փա՜ռք Աստծու», հոգումս ինչ-որ ուրախություն եմ զգում: Դա ի՞նչ է:
- Դա հոգևոր խնդություն է: Քո այդ խոսքերով այնպե՜ս ուրախացրիր ինձ, որ ուրախությունից կբռնեմ ու կսկսեմ գրել «փա՜ռք Աստծու, փա՜ռք Աստծու…» և մի ամբողջ էջ կլրացնեմ: Աստված քեզ արժանացնի հաջորդ կյանքում հրեշտակների կողքին լինելու, որոնք մշտապես փառաբանում են Աստծուն: Ամեն:
Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը