Փառք տալ Աստծուն

Փառք տալ Աստծուն | Parq Tal Asttsun

 Եվ երբ մի գյուղ էր մտնում, նրան հանդիպեցին տասը բորոտներ, որոնք հեռու կանգնեցին, բարձրացրին իրենց ձայնը և ասացին. «Հիսուս վարդապետ, ողորմիր մեզ»: Եվ երբ նրանց տեսավ, ասաց նրանց. «Գնացեք դուք ձեզ քահանաներին ցույց տվեք»: Երբ գնում էին, նույն ժամին մաքրվեցին: Նրանցից մեկը, երբ տեսավ, թէ բժշկվեց, վերադարձավ ու բարձր ձայնով փառավորում էր Աստծուն. Երեսի վրա ընկավ Հիսուսի ոտքերի առաջ և շնորհակալություն էր հայտնում նրան. և ինքը սամարացի էր: Հիսուս պատասխանեց և ասաց. «Սրանք տասն էլ չմաքրվեցի՞ն. իսկ արդ, իննը ու՞ր են, որ չվերադարձան փառք տալու համար Աստծուն, բացի միայն այս օտարազգի մարդուց»:  Եվ ասաց նրան. «Վեր կաց գնա, որովհետև քո հավատը քեզ փրկեց» (Ղուկ. 17:12-19):

Սիրելի հավատացյալներ,

Ինչու՞ այս մարդը ոչ միայն բժշկվեց բորոտությունից ինչպես մյուս իննը բորոտները, այլ նաև ստացավ անհամեմատելի մեծ պարգև՝ փրկություն: Ինչի՞ շնորհիվ նա փրկվեց: Պատասխանը Հիսուսի խոսքերի մեջ է. «Սրանք տասն էլ չմաքրվեցի՞ն. իսկ արդ, իննը ու՞ր են, որ չվերադարձան փառք տալու համար Աստծուն, բացի միայն այս օտարազգի մարդուց»:

Փրկությունը՝ արդյունք է հոգևոր վերանորոգման, զարգացման և սխրանքների: Եվ այս պատմության մեջ փրկությանն արժանացողը սամարացի էր, ով կրկնակի մերժված էր: Մերժված էր նախ հրեաների կողմից, ովքեր նույնիսկ չէին հաղորդակցվում սամարացիների և այլ օտարազգի մարդկանց հետ: Եվ երկրորդ. բորոտները հասարակությունից վտարվում էին: Եվ հենց ինքն է այնպիսի աստվածային պարգևի արժանանում, որի մասին հրեաները չէին էլ կարող երազել:  

Ուրեմն, տեսեք որքան կարևոր նշանակություն ունի Աստծուն փառք տալը: Սակայն Աստծուն փառք տալը ոչ միայն երախտագիտություն հայտնելն է, չնայած դա նույնպես Աստծո կողմից շատ գնահատելի է, այլ դա մարդկային հոգու բարձրագույն դրսևորումն է: Միայն մերձենալով Աստծո փառքին կարող ենք գտնել փրկություն:

Բայց նախևառաջ պիտի ճանաչենք, հասկանանք Աստծո փառքը, որին հասավ սամարացին: Մյուս իննը բորոտները չվերադարձան փառք տալու Աստծուն, քանի որ չճանաչեցին այն: Չգնահատեցին այն սերը, որի արդյունքն էր իրենց հրաշալի բժշկումը: Նույնը կատարվում է և մարդկության հետ, այդ թվում քրիստոնյաների հետ: Այսօր շատերը գալիս են այն իննը բորոտների պես խնդրանքներ ներկայացնում Աստծուն և երբ պատասխանը ստանում են, ոչ փառք են տալիս, ոչ շնորհակալություն են հայտնում և ոչ էլ ըմբռնում և գնահատում Աստուծո սերը, չեն դառնում իրենց ճանապարհներից դեպի ճշմարիտ փրկության ճանապարհը:

Ի՞նչ է նշանակում Աստծուն փառք տալ: Առաջին հերթին. պետք է կարողանանք ամբողջ հոգով և մտքով ըմբռնենք, հասկանանք Տիրոջ սերն և հոգատարությունը մարդկության և ընդհանրապես աշխարհի նկատմամբ այնքանով որքանով կարող ենք: Երկրորդ հերթին. նույնպես ամբողջ հոգով և մտքով ընդունենք Աստծո ճանապարհները, որոնցով Նա ուղեկցում է մարդկությանը, ազգերին և անհատներին որպես ճշմարիտ և բարի, և որոնք նպաստում են մեր փրկությանը: Երրորդ հերթին. ամբողջ հոգով և մտքով վստահենք Իրեն մեր կյանքը՝ որպես Արարչի, որպես երկնավոր Հոր և որպես մեզ ամենամտերիմ և սիրող էությանը: Եվ այս ամենից ելնելով ուրախանալ Աստծո համար և գոհությամբ փառավորել: Ս. Հովհան Ոսկեբերանը իր մահվան մահճին հիվանդության ցավերի մեջ ասաց այս ոսկե խոսքերը. «Փառք Աստծուն ամեն ինչի համար»: Հետևաբար, հասկանալի է դառնում, որ Աստծուն փառք տալը նշանակում է հասկանալ, համաձայնվել և ընդունել Տիրոջ կամքը, նախախնամությունը մարկանց հանդեպ: Այս կատարած քայլը կդրդի մեզ նախ ներքուստ փոխվել, հետո սամարացու պես վազել Փրկչի մոտ, երկրպագել և փառք տալ Աստծուն: Սակայն Աստծուն փառք տալը շատ ավելի խորիմաստ է. Տերը Գեթսեմանի պարտեզում Հայր Աստծուն աղոթելիս ասում է՝ «Ես Քեզ փառավորեցի երկրի վրա. լրացրի այն գործը, որը ինձ տվիր, որ անեմ»: Այսինքն. կատարելով Հոր հանձնարարականը, փառավորեց Իրեն: Մենք բոլորս էլ ունենք Աստծո հանձնարարականը, այն է՝ «Եթե ինձ սիրում էք, կպահեք իմ պատվիրանները»: Քրիստոնյան հանդիսանում է որպես Աստծո կանթեղ: Եվ եթե կանթեղը վառվում է և լուսավորում շրջակայքը, ուրեմն Տիրոջ լույսը իր միջոցով տարածվում է: Սա է Աստծուն գործով փառավորելը: Եկեք աղաչենք երկնային Տիրոջը օգնել մեզ, որպիսի մեր կանթեղներում միշտ ձեթ լինի և միշտ մեր կանթեղը վառ պահենք:

Շատ կարևոր է գիտակցել, որ կյանքում պատահում են նաև կեղծ փառաբանություններ: Դրա ավետարանական վառ օրինակն է՝ բժշկված ի ծնէ կույրին ուղղված փարիսեցիների խոսքը. «Աստծուն փառք տուր. մենք գիտենք, որ այն մարդը մեղավոր է»: Նկատի ունեին Քրիստոսին, ով բժշկեց: Շատ կան և նախկինում եղել են Տիրոջ փառքին տիրանալու թեկնածուներ. Դերաքրիստոսներ, բռնակալներ, գաղափարախոսություններ, ինչպես օրինակ՝ կոմունիզմը, որոնց հիմնադիրներին կուռքի էին վերածել: Եվ այսօր էլ ծագում են նոր «առաջադիմական» գաղափարախոսություններ՝ հակադրվելով իբր հնացած քրիստոնեությանը: Սակայն տերն ասաց, որ իր փառքը ոչ մեկին չի տալու: Եվ ոչ այն պատճառով, որ մեր կողմից փառավորվելու կարիքն ունի, այլ, որ առանց մարդկանց մեջ Աստծո փառավորվելու՝ մարդիկ չեն կարող փրկվել:

Ուրեմն, եկեք խնդրենք Տիրոջը, որ իր փառքը ինչպես երկնքում է հաստատ, այնպես էլ մեր մեջ հաստատուն կերպով ամրանա և գործի:  

 

Տեր Զգոն քհն. Աբրահամյան          

08.11.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․