Մի հավատավոր ու արդար մարդ լսեց, որ իր բնակավայրից ոչ հեռու մի ծառ է աճում, որը հեթանոսների պաշտամունքի առարկան է: Որոշելով վերացնել այդ կռապաշտությունը, վերցրեց կացինն ու գնաց ծառը կտրելու:
Սատանան կտրեց նրա ճամփան և ասաց.
- Մի՛ կտրիր ծառը, փոխարենը գումար կտամ:
Մարդը չհամաձայնեց և նրանք սկսեցին կռվել: Արդարն, ի վերջո, ոլորեց սատանայի թևերն ու սեղմեց գետնին:
- Խղճա՛ ինձ, ես քեզ փրկագին կտամ,- ասաց սատանան:- Այնպես կանեմ, որ ամեն առավոտ մեկ ոսկի գտնես բարձիդ տակ:
Մարդը համաձայնեց: Միայն թե սատանան խաբեց նրան: Առաջին երեք օրերը միայն հայտնվեցին ոսկեդրամները, իսկ հետո՝ դադարեցին: Զայրացավ մարդը, կրկին վերցրեց կացինն ու գնաց՝ ծառը կտրելու: Կրկին սատանան ելավ նրա դիմաց, կրկին կռվեցին, սակայն այս անգամ սատանան հեշտությամբ հաղթեց նրան ու կացինն առավ ձեռքից:
- Այս ինչպե՞ս պատահեց: Անցյալ անգամ հեշտորեն հաղթեցի քեզ:
- Անցյալ անգամ գաղափարի համար էիր պայքարում,- պատասխանեց չարը,- իսկ երկրորդ անգամ՝ փողի պատճառով:
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը